Պատրաստվո՞ւմ է արդյոք Գայանե Հակոբյանը բողոքարկել դատավճիռը

Պատրաստվո՞ւմ է արդյոք Գայանե Հակոբյանը բողոքարկել դատավճիռը

Մենք փորձեցինք կապ հաստատել զոհվածի մոր՝ Գայանե Հակոբյանի հետ` պարզելու համար, թե ինչպե՞ս է իրեն զգում եւ արդյո՞ք պատրաստվում է բողոքարկել իր նկատմամբ կայացված դատավճիռը, որով 4 տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել։ Սակայն տիկին Գայանեն այնքան վախեցած էր, որ լսելուն պես, որ լրագրող է զանգողը, անմիջապես բացականչեց. «Ինչո՞ւ եք զանգել ինձ, ո՞վ ա իրավունք տվել ձեզ հարցեր տալ» և անջատեց հեռախոսը: Փորձեցինք Գայանե Հակոբյանի վերջին հանրային պաշտպանից` Սիրանուշ Հարությունյանից ճշտել, թե Գայանե Հակոբյանն ի՞նչ է մտածում՝ պատրաստվո՞ւմ է դատավճիռը բողոքարկել:

Ի վերջո` չկատարած հանցանքի համար ազատազրկվել է 4 տարով՝ չնայած դատավճիռը հետաձգվել է, սակայն նոր փոքրիկ մեղադրանքի հիմքով նրան կարող են 4 տարով բանտ ուղարկել և տիկին Գայանեն ուրախանալու էական պատճառներ չպետք է ունենա այդ առումով: Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց. «Դատական ակտը դեռևս չենք ստացել, սակայն չեմ կարծում կարիք լինի բողոքարկելու: Նախնական տվյալներով Գայանեն համաձայն է այս վճռի հետ»։ Նկատենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ արագացված վարույթ չի կարող կիրառվել, եթե մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու։ Հարց է առաջանում՝ հասցրե՞լ էր գործում նոր ներգրավված հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը ծանոթանալ գործի նյութերին ու իրավական խորհրդատվություն տրամադրել Գայանե Հակոբյանին։ Պաշտպանը պնդում է՝ ինքը պատշաճ կերպով ծանոթացել է գործի նյութերին ու արագացված դատաքննության առանձնահատկությունները բացատրել է իր պաշտպանյալին։

Հիշեցնենք, որ երկու անգամ Գայանե Հակոբյանն իր փաստաբանական թիմերից հրաժարվել է և պահանջել է հանրային պաշտպան, ապա ընդունել է մեղքը, զղջացել է եւ խնդրել է արագացված դատավարություն իրականացնել: Հիմա էլ, ըստ էության, չի պատրաստվում բողոքարկել այս դատավճիռը, որը մեծ թվով իրավաբանների կարծիքով անհիմն է եւ պայմանավորված է նրանով, որ վարչապետի ընտանիքը դատարանի նկատմամբ ճնշում է գործադրել։