Ոտքները Կոնդ չմտնի` կոպեկներով ուզո՞ւմ եք հանեք մեզ մեր տներից

Ոտքները Կոնդ չմտնի` կոպեկներով ուզո՞ւմ եք հանեք մեզ մեր տներից

Այսօր Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական հերթական խորհդակցության ժամանակ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը հայտարարել է «Կոնդ» թաղամասի հետ կապված նախագծի մեկնարկի մասին, ասել էր, որ. «Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում: Կա քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 որոշում, և ծանուցվել են վճարումների վերաբերյալ: Ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 և 139 հազար դրամ»։ Տիգրան Ավինյանն էլ ասել է. «Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց սեփականությունը չէր հանդիսացել»։ 

Կոնդեցիները` լրատվամիջոցների հրապարակումներից տեղեկանալով, որ սկսում են Կոնդի իրացումը եւ որոշել են յուրաքանչյուր քառակուսի մետրի համար իրենց ընդամենը 500-ից 600 դոլար տալ, խիստ զայրացել են եւ վրդովված զանգահարել «Հրապարակի» խմբագրություն: Կոնդի բնակիչ Արմենը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի պարագայում քաղաքապետարանի առաջարկած խայտառակ պայմաններով Կոնդի բնակիչներն իրենց տներն ու հողերը չեն լքելու: Նրա խոսքով` միայն մեկ տարբերակ կա, եթե Երևանի քաղաքապետարանը` Կոնդում կառուցի բազմաբնակարան շենքեր եւ այդ շենքերում իրենց տուն տան` միայն այդ դեպքում բնակիչները համաձայնության կգան. 

«Եթե բանը հասնի նրան, որ տները էժան գներով վերցնեն, ակցիա ենք անելու, բա հո՞ չենք նստելու նայենք, թե ոնց են մեզ մեր տներից հանում: Աբսուրդային գներ են առաջարկում, 210 հազար դրամով կենտրոնից ո՞ւր գնանք: Բոլորն են դժգոհ: Էդ ի՞նչ աբսուրդ գներ են: Մենք ոչ մի գումար չենք ուզում, ուզում ենք ընդամենը մեր համար տներ սարքեն` մի երկու-երեք շենք, մնացածն ինչ ուզում են թող անեն: Պետք ա բոլորին բնակարաններով ապահովեն` հենց Կոնդում, մնացածն ինչ ուզում են թող անեն: Ոչ մեկը համաձայն չի լինելու կոպեկներով իր տունը տալուն: Ոտքները Կոնդ չմտնի: Պետք ա նախ մեզ առաջարկ ներկայացնեին, մեր կարծիքը լսեին, էդպես չի լինում: Պետք ա լսեն մարդկանց: Մարդիկ 100 տարի ապրել են Կոնդում, հիմա եկել եք կոպեկներով ուզո՞ւմ եք հանեք մեզ մեր տներից: Պետք ա լսեն մեզ, մեր առաջարկն ընդունեն, հակառակ դեպքում ոչ մի դեպքում դուրս չենք գալու մեր տներից: Պապուս պապն ա Կոնդում ապրել, ո՞վ եք, որ ինձ հանեք դուրս հիմա», - նշում է Կոնդի բնակիչը: