Այս պահին ոչ մեկն էլ Արցախի համար ոչինչ չի կարող անել` բացի Պուտինից

Այս պահին ոչ մեկն էլ Արցախի համար ոչինչ չի կարող անել` բացի Պուտինից

Մեկ շաբաթից ավելի է՝ ընդդիմությունն Ազատության հրապարակում է, այնտեղ են նաեւ պատերազմի մասնակիցները, «Սեւ հովազ» ջոկատը։ Զրուցել ենք պատերազմում զոհվածների ծնողների հետ։ Հրաչ Մահտեսյանի մայրը՝ Ալմաստ Հարությունյանը նշեց, որ չի մասնակցելու այս հավաքներին․ «Որովհետեւ, մեկ է` ոչ մի բան էլ չի փոխվելու։ Ես ոչ մեկին էլ, ճիշտն ասած, չեմ հավատում, որովհետեւ կոնկրետ ծրագիր չունեն, ես իրենց հարց տվեցի` կոնկրետ ծրագիր, ու ով պետք է լինի ձեր ուզած ղեկավարը, ու ոչ մի պատասխան: Եթե իրենք չունեն շարունակական ծրագիր, որ ներկայացնեն իրենց հետագա քայլերը… լավ, գնացինք-կանգնեցինք, լավ գիտեք, որ ծնողներս՝ բոլորս անառողջ ենք, կեսը՝ նեւրոզ, մյուսը հոգեկան առողջության հետ խնդիր ունի, ես ի վիճակի՞ եմ Շիրակի մարզից գալ-հասնել Երեւան ու մի հատ էլ մասնակցեմ: Քանի՞ օր, ինչքա՞ն պետք է տեւի կամ ինչի՞ համար, ի՞նչ են փոխելու։ Ես գիտե՞ք ինչ եմ մտածում` այս պատերազմում Լեւոնից Նիկոլ մեղավոր են ու այդ ընթացքում եղած մյուս նախագահները, ԱԺ, նախարարներով, բոլորը պիտի պատասխան տան, բայց եթե հիմա հարցը գնում է մեր երկրի իրավիճակի մասին, ոչ թե պիտի իրենք աթոռակռիվ անեն, պետք է մտածեն հողն ինչպես պահել, հետո մտածեն, թե այդ աթոռը որտեղ պետք է դնեն»։

Վերջերս Կարին Տոնոյանն ասաց, որ ծնողները կորցրել են հավատն ամեն ինչի եւ ամենքի հանդեպ, բայց Նիկոլ Փաշինյանն իրենցից գողացել է իրենց զավակներին, իրենց երջանկությունը եւ պետք է հեռանա։ Տիկին Ալմաստն ասաց. «Արցախի համար Կարին Տոնոյանն ի՞նչ է անելու, այս պահին ոչ մեկն էլ Արցախի համար ոչինչ չի կարող անել` բացի Պուտինից։ Կամ՝ նա հրավիրում է բոլոր զոհվածների մայրերին, բայց գնում է Եռաբլուր ու չի մոտենում տղաների շիրիմներին, ես անձամբ եմ դա տեսել, թող ամեն մի զոհվածի մոտ գոնե 1 վայրկյան կանգներ` նոր անցներ: Ես ամեն ամիս գալիս եմ Եռաբլուր, հետո՞ ինչ, որ իմ միակն էդտեղ չէ հուղարկավորված, իսկ ինքը միանգամից մտնում է Մենուայի մոտ, իր շքախումբն էլ՝ հետը։ Ես անգամ իրեն գրել եմ՝ տիկին Տոնոյան, եթե Դուք գնում եք Եռաբլուր, ուրեմն բոլորը հավասար են»:

Զոհվածի մայրը ցավ ու ափսոսանք է հայտնում, որ այդքան բանի միջով անցնելուց հետո պատերազմի մասնակիցները հիմա էլ հացադուլի են գնացել. «Կարող են, չէ՞, բոլորը միանալ, մեկ մարդ դառնալ ու այդ հարցը լուծել, ամեն մարդ՝ ով ինչ ուզում, խոսում է այս երկրում, ես էլ հիմա գնամ Մարալիկի հրապարակում նստեմ, ասեմ՝ հացադուլ եմ անում, չեմ ուզում էս քաղաքապետը լինի, ուզում եմ դուրս գա։ Իմա՞ստը։ Դրա փոխարեն մենք կարող ենք հավաքվել, որեւէ ծրագիր ներկայացնենք ու մի բան էլ ստիպենք, որ դու այս ծրագրով պետք է շարժվես»։ Տիկին Ալմաստը կրկնում է իշխանական կարծիքը, որ սա ուղղակի աթոռի կռիվ է` ոչ ոք ժողովրդի մասին չի մտածում, ու դա է պատճառը, որ քաղաքական ուժերը կամ անհատները չեն համախմբվում մեկ գաղափարի շուրջ ու պայքարում միասնաբար։

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանի թեզին։ Հերոսի մայրը խաղաղության դարաշրջանի բացմանն էլ չի հավատում․ «Ես էնպես չի, որ էս իշխանություններին վստահում եմ կամ  հավատում: Դրա համար  եմ ասում` եթե Քոչարյանը, Սերժը, դաշնակներն իրենց հերթին են ցույցեր անում, կարելի էր, չէ՞, բոլորով միանային ու խաղաղության դարաշրջանն իրենք բոլորով ստեղծեին»։

44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Դադոյանի մայրը` Կարինե  Ավետիսյանն էլ ասում է, որ հոգնել են այս ներքաղաքական վիճակից ու անմիաբանությունից. «Մասնակցել հավաքներին՝ ես ուժ չունեմ, մենք 2 տարի մեզ սպառեցինք, Աստված չանի՝ մեկն էլ տեսնի էն, ինչ մենք ենք տեսել: Ուղղակի էնտեղ հավաքվելու, ինչ-որ բան անելու իմաստը չեմ տեսնում, ճիշտը գնալ տղերքի կողքին կանգնելն է՝ սահմանին։ Բոլորն էլ կարող են գոռալ, բայց գործ ոչ ոք չի անում»։