Որպեսզի առաջնորդը գա, ժողովուրդը պետք է նախ գնա դեպի առաջնորդը

Հարցազրույց քաղաքական մեկնաբան, հրապարակախոս Արծրուն Պեպանյանի հետ
- Սողացող պատերազմը չի ավարտվում: Ո՞րն է այս իրավիճակի պատճառը եւ ելքը:
- Շատ բարդ է: Պետք է խելք ունենանք, նախ՝ քաղաքական: Ես չեմ տեսնում խելք: Չեմ տեսնում ես խորքային ընկալում:
- Իսկ Դուք ի՞նչ եք անում:
- Ես իմ հնարավորությունները փորձում եմ հնարավորինս օգտագործել: Իմ պատկերացումները «Վերելք» հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել եմ: Այդ հաղորդումն ուղարկել եմ մարդկանց, որոնք եւս կարծում են, որ իրենք խելք ունեն: Շատերից արձագանքներ եմ ստացել եւ մարդկանց հետ հանդիպումներ եմ ունենում, փորձում ենք բոլորիս խելքը միատեղել:
- Ո՞ւմ հետ եք հանդիպում:
- 50-60 հոգի են, անուններ չտամ: Նրանք իմ ներկայացրած ծրագիրն ըմբռնել են, ունեն լրացումներ ու առարկություններ: Հանդիպում ենք, քննարկում, բաներ կան, որ գուցե ես լավ չեմ հասկանում, շտկում ենք: Անուններն էական չեն:
- Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, ի՞նչ եք ուզում անել:
- Բարդ գործ է, չեմ կարող հիմա պատմել: Շաղված բազմություն է՝ ո՛չ ժողովուրդ կա, ո՛չ պետություն: Ես քայլերի համակարգ եմ առաջարկում, որը կիրառելու դեպքում կազմակերպված մի բան կլինի:
- Ինչո՞ւ եք կարծում՝ ժողովուրդ չկա:
- Եթե տեսնում եք՝ կա, ապա խնդիր չկա, դե թող տեր կանգնեն իրենց երկրին, իրենց ապագային:
- Գուցե առաջնո՞րդ չկա, որ համախմբի ժողովրդին:
- Այդ առաջնորդը որ եկավ, տեսնելու է նույն վիճակը, որ ես եմ տեսնում: Պետք է որոշակի պատրաստված մարդկային հավաքականություն լինի: Ադոլֆ Հիտլերն ասում էր` որպեսզի առաջնորդը գա, ժողովուրդը պետք է նախ գնա դեպի առաջնորդը: Ժողովուրդը չի գնում դեպի այդ առաջնորդը:
- 2018-ին գնաց ու խաբվեց:
- Հենց այդ խաբվելն էլ իր բացասական դերն ունեցավ: Երբ մարդը խաբվում է, հետագայում հուսահատվում է: Իրական առաջնորդը եթե գա էլ, մարդիկ նրան էլ չեն հավատալու: Ես 2018-ին ահազանգել եմ այդ մասին: Խոր հիասթափությունից հետո խնդիր է առաջանում:
- Այսինքն` մարդիկ ձեռքերը ծալած սպասեն կործանմա՞ն:
- Եթե խելքները չհասնի, էդպես է լինելու: Այսօր չի հասնում:
- Հիմա ի՞նչ կարող ենք անել: Կա՞ ժամանակ:
- 25 տարի է՝ ինձ միշտ ասում են՝ ժամանակ չկա, կործանվում ենք: Ժամանակ միշտ էլ կա, չկա խելք: Անգամ եթե Հայաստան պետությունը վերացավ, պետք է իմանանք հաջորդիվ քայլերի համակարգը: Գաղափարներ, կառուցվածք եւ այլն:
Կարծիքներ