Ռուսաստանի արձագանքը կարող է լինել՝ սկսած կոշտ ուժի գործադրումից մինչեւ տնտեսական պատժամիջոցներ․ Վիգեն Հակոբյան

Ռուսաստանի արձագանքը կարող է լինել՝ սկսած կոշտ ուժի գործադրումից մինչեւ տնտեսական պատժամիջոցներ․ Վիգեն Հակոբյան

«Բրյուսելյան փաստաթղթի հիմքում դրված են Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքները: Ադրբեջանի պարագայում ամեն ինչ տրամաբանական է` նա ընտրում է այն տարբերակը, որն իրեն ամենաշատն է բավարարում։ Տվյալ դեպքում Ադրբեջանին արևմտյան տարբերակն է բավարարում, որովհետև արևմտյան տարբերակում Արցախն այլևս պրոբլեմ չի, Արցախի հարցն իսպառ վերանում է», -«Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Ռուսաստանի տարբերակում Արցախի հարցն առկախվում է անորոշ ժամանակով և ասվում է, որ դա ապագա սերունդները կարող են լուծել։ Բնականաբար, այդ տարբերակն Ադրբեջանին ավելի քիչ է ձեռնտու, քան արևմտյան տարբերակը։ Թե ինչու է արևմտյան տարբերակով առաջնորդվում և այդ տրամաբանության մեջ են բոլոր պրոցեսները գնում, Հայաստանի պարագայում՝ ռացիոնալ պրագմատիզմի և հայկական շահի տեսանկյունից, դժվար է բացատրել։ Այստեղ զարմանալիորեն Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների մոտեցումները շահի տեսանկյունից համահունչ են և բնականաբար այդտեղ դժվար է գտնել հայկական շահը»,-կարծում է քաղտոխնոլոգ։

Հարցին` եթե Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղեն, Ռուսաստանն ինչպե՞ս կարձագանքի՝ թույլ կտա՞ այդ սցենարի իրագործումը, թե՞ կգնա Հայաստանը պատժելու սցենարով՝ հաշվի առնելով ՀՀ Պետդումայի նախագահի՝ Բաքվից Հայաստանին ուղղված նախազգուշացումը, Հակոբյանն ասաց, որ Հայաստանը փորձում է շարժվել արտաքին քաղաքականությունը փոփոխելու ուղղությամբ եւ դա հիմնավորում է նրանով, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ալյանսը ոչ թե Հայաստանի անվտանգությունն է ավելացնում, այլ ավելի մեծ վտանգի տակ է դնում Հայաստանը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանն է ուղիղ տեքստով իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել, ինչը հետո մի քանի անգամ ամրապնդվեց՝ տարբեր պաշտոնյաների մակարդակներով։

«Ամեն շաբաթ նոր հիմնավորում է գտնվում, թե ինչու Հայաստանը պետք է փորձի վերանայել իր անվտանգության ճարտարապետությունը, բնականաբար որպես այլընտրանք իբր բերելով Արևմուտքին։ Այս առումով միամտություն կլիներ մտածել, որ Ռուսաստանում չեն տեսնում․ գուցե Ռուսաստանում որոշ ժամանակ չէին ուզում սրեին պրոբլեմը, որովհետև Ռուսաստանին հիմա ինչպես ասում են՝ նե դո էտովո, դրա ժամանակը չի, որովհետև զբաղված են շատ ավելի գլոբալ հարցերով։ Թեպետ, չեմ կասկածում, որ նույնիսկ այս իրավիճակում Ռուսաստանն այնքան ռեսուրս ունի, որ ցանկություն ունենալու պարագայում կարող է շատ ավելի կոշտ արձագանքել Հայաստանի իշխանությունների «չարաճճիություններին», որովհետև ամեն ինչ արվում է բացեիբաց գրեթե, իսկ եթե ինչ-որ բան բացեիբաց չի արվում, չեմ կարծում, թե Ռուսաստանի հատուկ մարմինները, որոնք զբաղվում են ինֆորմացիա հավաքելով, չեն լսում, չունեն կամ չեն տեսել, ինչեր են խոսվում այս կամ այն արևմտյան բարձր կաբինետներում կամ տարբեր տիպի օբյեկտներում»,- նշվեց քաղտեխնոլոգը։

Ռուսաստանն ուղղակի տեսքով և սպառնում է, և նախազգուշացնում է․ Վոլոդինի տեքստն էլ թերևս սպառնալիք էր ուղղակիորեն՝ շեշտում է Վիգեն Հակոբյանն ու հավելում, որ, ի տարբերություն արևմուտքի, Ռուսաստանի ուժեղ կողմերից երբեք չի եղել փափուկ ուժը։ Շատ դեպքերում, երբ Ռուսաստանը գիտակցել է, որ պարտվում է փափուկ ուժում, իսկ սովորաբար ՌԴ-ն միշտ պարտվում է փափուկ ուժով Արևմուտքին կամ առավել ևս սկսում է պարտվել դիվանագիտության մեջ, սովորաբար իր շահերից ելնելով ավելի կոշտ մեթոդների է դիմում։

«Եվ Վրաստանն է դրա վառ օրինակը, և Ուկրաինան է դրա վառ օրինակը և ավելի փոքր կոնֆլիկտները։ Մենք մի բան պետք է հասկանանք` ռուսները, եթե արձագանքում են պարտված իրավիճակում փափուկ ուժում և դիվանագիտության մեջ, ապա դա լինում է սովորաբար այնպես, ինչպես եղավ Վրաստանում և Ուկրաինայում։ Հիմա այդ երկիրն այդ ավանդույթներն ունի, այդ ոճն է իրեն հոգեհարազատ»։ Մեր հարցին, թե այդ արձագանքը նույնը կլինի ինչ Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքում եղա՞վ, Հակոբյանն ասաց, որ վերլուծաբանները, քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները նման հարցի պատասխանում են վերլուծելով տվյալ պետության նախկինում դրսևորած վարքագիծը նմանատիպ դեպքերում։ Ընդ որում դա լինում է թե պատմական ասպեկտում՝ վերջին հարյուր կամ երկու հարյուր տարվա կտրվածքով, թե վերջին քսան տարվա ընթացքում` ինչպես է արձագանքել նման պարագաներում։

«Երբ Ռուսաստանում խոսույթի տոնայնությունն ընդհանուր առմամբ փոխվում է, ապա դա սովորաբար ինչ-որ հետևանքներ է ունենում և ցավոք սրտի իրենց մոտ կա արձագանքելու համար անհրաժեշտ ցանկացած ռեսուրս, եթե շատ հզորների հետ այդ խոսույթը կարող է չվերածվի ինչ-որ լուրջ հակամարտության, քանի որ ռեսուրսը չի բավականացնում, ապա ավելի փոքր երկրների, ինչպիսին Հայաստանն է, այն էլ այս իրավիճակում, արձագանքը կարող է շատ տարբեր ձևերի լինել՝ սկսած անցանկալի կոշտ ուժի դրսևորումներից, վերջացրած տնտեսական ինչ-որ պատժամիջոցներով՝ հաշվի առնելով, թե իրենց ձեռքում Հայաստանի ինչ տնտեսական լծակներ կան»,- նկատեց Հակոբյանը։

Այդ լծակներից է, օրինակ, ավանդական էնեգետիկ լծակը, գազը, որը Հայաստանին վաճառում են շատ ցածր գնով, սա ևս կարող է ներազդման լծակ հանդիսանալ․ «Տնտեսական ներազդման լծակներով կբավավարվեն, թե՞ Վոլոդինի ասածը կլինի՝ մի Ռուսաստան, մի Կրեմլ, ո՞վ կարող է այսօր կանխատեսել, թե իրենք ոնց են գնահատում, թե որքան է իրենց ռեսուրս անհրաժեշտ, որպեսզի իրենց պատկերացրածը վերադարձնեն ի շրջանս յուր»։