Մայրաքաղաքում իշխանությունն ընկած է գետնին, մնում է այն վերցնել

Մայրաքաղաքում իշխանությունն ընկած է գետնին, մնում է այն վերցնել

Գաղտնիք չէ, որ Երեւանը սպեցիֆիկ քաղաք է՝ մի շարք իմաստներով: Այն իր բնակչության թվով Հայաստանի բնակչության համարյա կեսն է, եթե ոչ՝ ավելին, իսկ կարողություններով՝ Հայաստանի պոտենցիալի ճնշող մեծամասնության կրողը: Դա նշանակում է, որ դժվար է գերագնահատել Երեւանի դերը Հայաստանի կյանքում: Մեր քթի տակ են Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները (հերթական ընտրությունները կկայանան ս.թ. սեպտեմբերին), որը վճռական նշանակություն կունենա Հայաստանի հետագա կյանքում: Իսկ քաղաքական ուժերի շրջանում ինչպիսի՞ մոտեցում կա այդ կարեւոր ընտրությունների նկատմամբ: 

Համենայնդեպս, արտաքուստ լրիվ հանգիստ վիճակ է, եւ տպավորություն է ստեղծվում, որ սեպտեմբերը սարերի ետեւում է։ Քաղաքական ուժերը կարծես չեն շտապում ու, այսպես ասած, չեն ուզում խանգարել գործող քաղաքային իշխանությանը, քանզի այն «հրաշալի կառավարում է» քաղաքը, ու հազիվ թե նրանից ավելի լավ քաղաքային իշխանություն ձեւավորվի:

Խորհրդային ժամանակներից սկսած, Երեւանի քաղաքապետարանը մինչ այժմ էլ ղեկավարվում է նույն կարգով, առանց հաշվի առնելու, որ երկրում տեղի է ունեցել առանցքային՝ ֆորմացիայի փոփոխություն, Հայաստանն իրեն հռչակել է ժողովրդավարական, իրավական, սոցիալական ... պետություն, որը ենթադրում է կառավարման այլ համակարգ, բոլորովին այլ կառուցվածք եւ մոտեցումներ: Շատ սխալված չենք լինի, եթե ասենք, որ, այնուամենայնիվ, Երեւանի կառավարումը մնացել է հինը, եւ այն համարժեք չէ պետության հռչակած բովանդակությանը: Բայց ընտրողը պետք է հասկանա, որ Երեւանի ավագանու ընտրությունը համարյա համարժեք է երկրի կառավարման մարմինների ընտրությանը, որը՝ մանավանդ այս գերծանր ժամանակահատվածում, չափազանց պատասխանատու ու կարեւոր է երկրի հետագա ճակատագրի համար: Հաշվի առնելով տարիներ շարունակ ձեւականորեն տեղի ունեցած քաղաքի ավագանու ընտրությունների միջոցով ձեւավորված քաղաքային իշխանությունների կատարած աշխատանքը, վերլուծելով դրանք՝ հասկանում ես, որ այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված քաղաքային իշխանությունները հիմնականում ոչ պրոֆեսիոնալ են եղել, եւ քաղաքի կառավարումը մշտապես իրականացվել է նույն ստանդարտ ձեւով, որից առաջին հերթին տուժել է հենց երեւանցին:

Ոչ մի ընտրության ժամանակ երեւանցին դեր չի ունեցել, եւ նրա մասին ոչ ոք չի մտածել: Մինչդեռ ընտրությունների ամենամեծ իմաստը պետք է կայանա նրանում, որ առանցքում լինի երեւանցին, եւ այն պետք է կայանա երեւանցու մասնակցությամբ ու ցանկությամբ: Միանշանակ է, որ այդ ընտրությունների դերն ու նշանակությունը շատ մեծ են, եւ այն պետք է ընթանա ոչ թե դատարկ խոստումների հիման վրա, այլ գործնական՝ պրակտիկորեն իրագործելի գործերի, քանզի այն որոշիչ է լինելու ամբողջ Հայաստանի կառավարման, ինչպես նաեւ օրինակ է ծառայելու մյուս քաղաքների եւ համայնքների սպասվող ընտրությունների համար:

Հիմա տեսնենք, թե այդ առումով ինչ իրավիճակ է տիրում քաղաքական դաշտում, եւ ինչ ելքեր կարելի է ակնկալել: Մինչ այժմ պարզորոշ երեւում է, որ մնացած քաղաքական ուժերը կարծես մեռած լինեն, եւ միայն ՔՊ-ն է ակտիվ՝ ի դեմս այդ ուժի թեկնածու Տիգրան Ավինյանի, ով տարաբնույթ եւ պարբերական հանդիպումներ է ունենում Երեւանի տարբեր վարչական շրջաններում: Թե ինչու են այդպես հանգիստ քաղաքական ուժերը, դժվար է հասկանալ, սակայն փաստ է, որ այս պահի դրությամբ միայն ՔՊ-ն գործ է անում, եւ բնական է, որ նրա շանսերը, համեմատության մեջ, օր-օրի ավելանալու են: Եթե սրան էլ ավելացնենք ՔՊ-ի ձեռքում եղած հսկայական վարչական ռեսուրսներն ու լծակները, ապա պարզ կդառնա, որ նման ընթացքի պարագայում նրանց համար դժվար չի լինելու հաղթել այդ գերկարեւոր ընտրություններում:
Իրականում, այս պահին հայտնի է ժողովրդի տրամադրվածությունը ե՛ւ գործող իշխանության, ե՛ւ ընդդիմության նկատմամբ, ու առողջ վերլուծությունը պարզորոշ վկայում է, որ իրականում քաղաքապետի աթոռն անհույս ընկած է գետնին: Որ ուժը կամ դաշինքը խելացի գործի, կարող է տեր կանգնել այդ աթոռին, ու հարցը կլուծվի...
Պետք չէ իլյուզիաներով առաջնորդվել ...                    

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ