Ոստիկան ունի Նիկոլը՝ աշխարհը չունի

Ոստիկան ունի Նիկոլը՝ աշխարհը չունի

Փետրվարի 22-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մոտ ընթացած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները կոպտորեն բերման են ենթարկել 25 անձի: Դրանց թվում է եղել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը: Վերջինս հայտնել է, որ ինքը լրագրող է, ներկայացրել է վկայականը՝ բեյջը, սակայն ոստիկաններին, իրենց ասելով, դա «չի հետաքրքրել»։

Հաջորդ օրը ոստիկանությունը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ քաղաքացիների մի խումբ փորձել է մուտք գործել «Մարիոթ» հյուրանոցային համալիր, ինչը կանխվել է հասարակական կարգն ապահովող ոստիկանների կողմից։ Նրանք տարվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այդ ընթացքում որեւէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ եւ չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։ Սա, եթե հավատանք Անիին, սուտ է, իսկ Անիին չհավատալու հիմքեր չունեմ: Մինչդեռ ոստիկանությանը չհավատալու հիմքերը բազմաթիվ են եւ տարիներ տեւող: Դեռ նախկիններից սկսած ու ներկայով շարունակվող:

Այնուհետեւ, ըստ այդ հայտարարության, ոստիկանության շենքի մուտքի դիմաց եւ ներսում բերման ենթարկված անձինք սկսել են բղավել եւ խոչընդոտել ոստիկանության ծառայողների գործողություններին: Իսկ թե ինչու էին այդ մարդիկ սկսել բղավել՝ հայտնի չէ:

Երեւի ոստիկանության շենքը տեսնելիս նրանց ագրեսիան կտրուկ աճել է, ինչը, համաձայնեք, անհեթեթ վարկած է: Իսկ ինքնաբուխ բղավելու հետ կապված՝ այլ «խելքը գլխին» վարկած ես չունեմ ու կարծում եմ, որ ոչ մեկն էլ չի ունենա: Շարունակենք հայտարարության տեքստով՝ ոստիկանության ծառայողները հանդարտվելու եւ անօրինական գործողությունները դադարեցնելու կոչեր են արել, սակայն նշված քաղաքացիները սկսել են հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, անընդհատ հրահրել են վիճաբանություն: Այստեղ ոնց որ թե հաստատվում է իմ վարկածը՝ մարդկանց քաղաքակիրթ փորձել են հանդարտեցնել, իսկ նրանք ավելի են կորցրել ինքնատիրապետումը. ոչ թե հենց այնպես են բղավում, այլ սադրել եւ հայհոյել են ոստիկաններին: Պատկերացնում եք՝ ոմանք ոստիկաններին հայհոյում են նրանց իսկ փակ տարածքում: Եվ կենդանի են մնում: Իսկ մեր խիստ օրինապահ ոստիկանները, ըստ հայտարարության, ստիպված են եղել որպես խուլիգաններ նրանց երկրորդ անգամ բերման ենթարկել տարբեր սենյակներ եւ քրեական գործեր հարուցել նրանց նկատմամբ: Այո, ոստիկան ունի Նիկոլը՝ աշխարհը չունի: Ո՛չ ծեծ, ո՛չ հայհոյանքի հակադարձում՝ իսկը Աստծո գառներ:

Բայց թույլ տվեք ինձ ասել, որ չեմ հավատում: Որ այդ հայտարարության մեջ երեւի տող անգամ չկա, որ համապատասխանի իրականությանը: Հատկապես որ ես տարիքս առած մարդ եմ՝ նախկինների օրոք բազմաթիվ բողոքի ակցիաների մասնակից: Այն ժամանակ էլ էին ոստիկանները կոպտորեն քաշքշում բերման ենթարկելիս: Այն ժամանակ էլ էին իրենց պահում ոչ այնքան քաղաքակիրթ: Սակայն էական մեկ-երկու տարբերություններ կան այսօրվա ու նախկինների ոստիկանների միջեւ. այն օրերին Հայաստանում միանձնյա անսահմանափակ իշխանություն չէր տիրում: Եվ նա չէր ձգտում ամեն գնով պահպանել իր իշխանությունը: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ պետությունը պատերազմում չէր պարտվել, եւ իշխանության միակ հենարանը չէր մնացել իրավապահ համակարգը՝ ուժայիններով հանդերձ: Եվ ոստիկաններն էլ, բնականաբար, ավելի ադեկվատ էին պահում իրենց: Ի տարբերություն «ժողովրդավարության փայլուն աստղ» հորջորջված ռեժիմի ոստիկանության, որը բարեկիրթ դարձնելու գործում մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել Արեւմուտքի կողմից: 

Բայց կարծում եմ, այնուամենայնիվ, հնարավորություն կա ոստիկանությունն իսկապես բարեփոխելու: Իհարկե, միայն Փաշինյան Նիկոլին իշխանությունից հեռացնելուց հետո: Ընդ որում, բարեփոխելու ոչ միայն ոստիկանությունը, այլեւ քննչական կառույցները, դատախազությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր նրանց, ովքեր Փաշինյան Նիկոլի վարչապետության տարիներին աչքի են ընկել իշխանությանը եւ ոչ թե օրենքին ծառայելու իրենց ջանասիրությամբ, կանգնեցնել դատարանի առջեւ: Հատկապես այն դատավորներին, որոնք այդ պաշտոնին են նշանակվել Փաշինյանի կողմից եւ «արդարացրել» այդ նշանակումը: Ինչպես նաեւ նախկիններից մնացած այն դատավորներին, ովքեր փորձել են իրենց «արժանի» տեղը զբաղեցնել այսօր գործող իշխանությունում: Այնուհետեւ հենց այդ դատավորների նկատմամբ պետք է իրականացվի կոլաբորացիոնիզմի գծով վեթինգ (համագործակցության գծով զտում): Ենթադրում եմ, որ դա բավարար է, որպեսզի այդ ամենը կյանքի կոչող իշխանության օրոք Հայաստանում վերջնականապես հաստատվի այն իրականությունը, որի համար պայքարել են բազմաթիվ գրագետ եւ խելացի մարդիկ եւ այդ թվում՝ տողերիս հեղինակը: