Թեհրան-Բաքու հակասություններն ունեն շատ ավելի խոր շերտեր, քան «վարորդների պրոբլեմն» է 

Թեհրան-Բաքու հակասություններն ունեն շատ ավելի խոր շերտեր, քան «վարորդների պրոբլեմն» է 

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մեր ռեգիոնում նորից անհանգիստ է։ Պատճառը Թեհրան-Բաքու հարաբերությունների նկատելի լարումն է, իր բոլոր ածանցյալներով հանդերձ։ Անշուշտ Հայաստանն էլ է դրան մասնակից։ Ավելին, հարաբերությունների լարման պատրվակն ուղղակիորեն կապված է Հայաստանի հետ, մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական հատվածում իրանցի վարորդների հանդեպ ադրբեջանական կողմի ցուցաբերած ոչ բարեկամական կեցվածքի հետ։ Հայաստանյան մեդիադաշտին եթե հետեւենք, տպավորություն է, որ Թեհրան-Բաքու դիվանագիտական եւ հրապարակախոսական «լեզվակռիվը» իր բոլոր ածանցյալներով, հենց միայն Հայաստանի համար է։

Իրականում սակայն մեր իրականությունը ավելի շատ պատրվակ էր Թեհրան-Բաքու հարաբերությունների լարվածության ցուցադրման համար, քան պատճառ, քանի որ այդ հարաբերությունների լարումն ունի շատ ավելի խորն արմատներ, որոնք շատ քիչ են առնչվում Հայաստանի հետ, ու կարիք չկա Թեհրանից կամ Բաքվից հնչած ամեն մի հայտարարության տակ Հայաստան տեսնել, կամ էլ դրանց հանգույն ապոկալիպտիկ կանխատեսումներ անել։ 
Բանն այն է, որ այժմ Իրանը ապրում է բավական կարեւոր մի շրջան, երբ ըստ տարբեր լրատվական տվյալների, ընդամենը մոտ 12 ամիս է նրան բաժանում միջուկային զենք ունենալուց, ինչն անշուշտ չի կարող չանհանգստացնել, օրինակ, Իսրայելին։

Իսրայելն, իհարկե, կարող է ներքին սպառման լսարանի համար իր մեդիառեսուրսներով հարցն այնպես ներկայացնել, որ ստեղծվի տպավորություն, թե իրանական միջուկային զենքի հնարավոր ստեղծումը դեռ «յոթը սարի հետեւում է», սակայն երբ Իսրայելի վարչապետն է ՄԱԿ բարձր ամբիոնից խոսում այդ մասին՝ ահազանգող տոնայնությամբ, մատնելով իր անհանգստությունն ու խուճապը` ասելով մոտավորապես հետեւյալ խոսքերը, թե ԱՄՆ-ի հետ համագործակցաբար է միայն հնարավոր Իսրայելին կանխելու Իրանի՝ միջուկային զենք ունենալու հեռանկարը, ապա կարելի է հասկանալ, որ Թել-Ավիվում իրականում շատ մտահոգված են ու փորձում են ամեն հնարավոր լծակներ գործի դնել, որ իրենց ապահովագրեն։

Այս ֆոնին Ադրբեջանը մի այդպիսի լծակ է, հաշվի առնելով ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ներկա վիճակը եւ Ադրբեջան պետության ներկայիս կացությունը։ Ադրբեջանը հիմա վերահսկում է ադրբեջանա-իրանական սահմանն ամբողջությամբ, այսինքն` ներառյալ նաեւ այն հատվածները, որոնք նախքան 44-օրյա Ղարաբաղյան պատերազմը գտնվում էին ԼՂՀ իշխանությունների վերահսկողության տակ։ Այդ սահմանագծին սկսած այնցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից ստեղծվում է զորամասերի ու սահմանապահ հենակետերի բավական հագեցած ցանց։ 

Ադրբեջանի համար Իսրայելը սպառազինությունների հիմնական մատակարար է եւ նաեւ 44-օրյա պատերազմի արդյունքների համար Բաքուն որոշ առումով նաեւ Իսրայելին է պարտական, ու քանի որ «ձրի պանիրը միայն մկան թակարդում է լինում», բնական է, որ Ադրբեջանի, այսպես ասած, «Ղարաբաղյան հաղթանակի կարկանդակից» Իսրայելն իր մասնաբաժինն է ուզում: Մասնաբաժին, որը կարող է հարվածել առնվազն իրանական շահերին, եթե հաշվի առնենք, որ Իսրայելում խորապես են մտահոգված իրանական միջուկային ծրագրերով։ Ադրբեջանն, անշուշտ, չի կարող կտրուկ մերժել Իսրայելին, ու սա հասկանում են եւ Ալիեւի վարչակարգում, եւ Թեհրանում։ Սակայն գոնե մասնակիորեն Իսրայելի՝ «Ղարաբաղյան հաղթանակի կարդկանդակից ունեցած մասնաբաժինը» սպասարկելու պարագայում էլ Բաքվում հասկանում են, որ խնդիր են ունենալու Իրանի հետ, ուստի այդ սպասարկումը պետք է առնվազն այնպես իրականացվի, որպեսզի չմոտենա իրանական «կարմիր գծերին»: Հակառակ պարագայում, Բաքվում նաեւ հասկանում են, որ կարող է իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից, եթե նկատի ունենանք, որ գոնե պաշտոնապես Ադրբեջանի բնակչության 2/3-րդից ավելին շիա մահմեդականներ են, որոնց հոգեւոր խնամատարությունը շիա մահմեդականության կենտրոն Իրանի կրոնական դասն է իրականացնում հիմնականում: Նաեւ եթե հավատանք որոշ լրատվական հոսքերի, Կովկասի մահմեդականների վարչությունը` իր ղեկավար շեյխ Ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեով հանդերձ, ունի սիմվոլիկ դերակատարություն եւ հիմնականում պետական համակարգի կցորդ է։ Տեղին է հիշեցնել նաեւ, որ Ադրբեջանում բավական ազդեցիկ է իրանական կրոնական կենտրոններից Ղումի իսլամական աստվածաբանական դպրոցի շրջանավարտ կրոնավորների ազդեցությունը /ի դեպ, այս դպրոցն ունեցել է նաեւ հայ մահմեդական շրջանավարտ իմամ/։ 

Ուստի հիմնական առճակատումը գնում է շատ ավելի լուրջ միավորների միջեւ, որտեղ Ադրբեջանը «երկու քարի արանքում» հայտնվածի կարգավիճակում է, ու փորձում է իր համար խիստ անհարմար վիճակից, որտեղ առկա է նաեւ «դեմքը փրկելու» խնդիրը, ինչ որ կերպ դուրս գալ։ Ու երբեք պետք չէ մոռանալ, որ որքան էլ Ադրբեջանը խորհրդային շրջանի անաստվածության կնիքը կրած լինի, այնուհանդերձ, մենք ի դեմս Ադրբեջանի, խոսում ենք մահմեդական երկրի մասին, որտեղ եւ արեւելյան ավանդույթներն են ընդգծված զգացվում, եւ ասիական խառնվածքը, եւ ի վերջո, էթնիկ միատարրություն չկա /եթե չասենք, որ ադրբեջանական էթնոս, որպես այդպիսին, չկա իսկ եթե անգամ կա, ապա գտնվում է էթնոգենեզի որոշակի փուլում եւ ամբողջապես ձեւավորված բյուրեղացած վիճակում չէ/։ Ի դեպ, չի բացառվում, որ այս լարվածությունը երկար կյանք չունենա, քանի որ եթե հավատանք իրանական լրատվական հոսքերին, ապա Թեհրանը Միջուկային գործարքի համաձայնագրի վերականգնման առնչությամբ Վաշինգտոնից դրական ազդակներ է ստանում։