Հ2-ը ցուցադրում է «Հայելի» ակումբ, նա եթեր չպետք է ունենա

Հ2-ը ցուցադրում է «Հայելի» ակումբ, նա եթեր չպետք է ունենա

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկություն և հաղթողի ընտրություն։ Մրցույթին մասնակիցում էին` «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն։ Ինչպես եւ սպասվում էր` Հանրային հեռուստաընկերությունը 78 մավորով հաղթեց մրցույթում։

 

Հ2-ը ստացել է 55 միավոր։ Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր լրատվամիջոցները` կայքերը, թերթերը, հեռուստաալիքներն ու լրագրողները տարատեսակ հալածանքների են ենթարկվում, իսկ թիվիդաշտը լրիվ վերաձեւվում է` ընդդիմադիր եւ ազատ թիվիների փոխարեն եթեր են ստանում իշխանական, սորոսական թիվիները: «Նոր Հայաստանում» ընդդիմադիր լրագրողներն աննախադեպ ծանուցումներ են ստանում իրավապահ համակարգից, թիրախավորվում են անգամ լրագրողների հարազատները և, ըստ էության, ոչ մի զարմանալի բան չկա, որ ընդդիմադիր Հ2-ը զրկվում է լիցենզիայից, իսկ փոխարենը լիցենզիա է ստանում իշխանությունների արբանյակ` Հ1-ը:

 

Պարզվում է, սակայն, որ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, մեր այն հարցը, թե արդյո՞ք Ձեր որոշումն օբյեկտիվ էր, քաղաքական չէր` թելադրված գործող իշխանություններից, զարմացրեց: «Մենք չենք գնահատում, թե ով է իշխանական և ով ընդդիմադիր: Դուք Հ2 նայո՞ւմ եք: Հ2-ը ցուցադրում է «Հայելի» ակումբ, թշնամանք և տեռոր: Ո՞վ ասաց, որ ընդդիմադիր լինելն է այս ամենի պատճառը: Հանրությանը պետք է իրազեկել, այլ ոչ թե ատելություն տարածել», - ասաց Հակոբյանը:

 

Մենք հարց ուղղեցինք Տիգրան Հակոբյանին, թե ինչո՞ւ, օրինակ, իշխանական հեռուտսաընկերությունների եթերից պարբերաբար հնչող ատելության խոսքը ՀՌՀ-ն չի դիտարկում, Տիգրան Հակոբյանն ասաց. «Ո՞վ ասաց Ձեզ: Օրինակ, Գնել Սարգսյանը միայն անցյալ տարի ստացել է շուրջ 6 նկատողություն: Եթե կարծում եք` մեզ դուր են գալիս նման հաղորդումները, չարաչար սխալվում եք», - խոսքը եզրափակեց Տիգրան Հակոբյանը:

 

Բայց մի էական տարբերություն կա Գնել Սարգսյանին եթեր տվող հեռուստաընկերության եւ Հ2-ի միջեւ` առաջինը լիցենզիա ունի եւ սլոթի օգտագործման իրավունք, երկրորդը` չունի: Անաչառ Հանձնաժողովը պարտավոր էր եթեր տրամադրել առաջին հերթին երկարամյա եթերի փորձառություն ունեցող լրատվամիջոցին` Հ2-ին, ապա նոր մյուսներին: Իսկ թե հետագայում նկատողություն կտային կամ կտուգանեին, դա բոլորովին այլ հարց է:  Առավել եւս` նախկին իշխանությունները գոնե Հանրայինի մեկ ալիք էին օգտագործում, հիմա փիառի կարիքն այնքան մեծ է, որ միանգամից Հ1-ի երկու ալիք է ծառայելու նրանց: