Սառն ընդունելություն, բայց շոշափելի արդյունք․ Բլինքենը Չինաստանում է

Սառն ընդունելություն, բայց շոշափելի արդյունք․ Բլինքենը Չինաստանում է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը կիրակի օրը Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են աշխատանքային մակարդակով մի շարք հանդիպումներ անցկացնել՝ երկկողմ կոնկրետ խնդիրների լուծման համար: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան պատվիրակության իր աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ, կողմերը կարողացել են «առաջընթացի հասնել երեք առանցքային խնդիրների կարգավորման հարցում՝ բարձր մակարդակով կապի վերականգնում, խնդիրների քննարկում և համագործակցության ոլորտների ուսումնասիրում»: 

Բացի երկկողմ կապի ուղիների բարելավման խնդրից, ամերիկացի դիվանագետները շահագրգռված են աշխատել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային թռիչքների քանակի ավելացման ուղղությամբ, նշում է թերթը։

Պատասխանելով չինացի պաշտոնյաների կողմից Բլինքենի «սառը ընդունելության» մասին հարցին՝ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ գլխավոր դիվանագետը «լավ տեղյակ է երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին» և ընդգծել է, որ երկու կողմերն էլ «անկեղծ կլինեն իրենց մտահոգությունները հայտնելու հարցում»։ 

Ավելի քան յոթ ու կես ժամ տեւած բանակցություններից հետո Բլինքենը և Ցին Գանը պայմանավորվել են պլանավորել Չինաստանի արտգործնախարարի այցը Վաշինգտոն: Պետքարտուղարությունը երկխոսությունն անվանել է «անկեղծ, բովանդակալից և կառուցողական»: