ՌԴ-ն մերժել է ՄԱԿ-ին․ վերջինս մեղադրել է Մոսկվային

ՌԴ-ն մերժել է ՄԱԿ-ին․ վերջինս մեղադրել է Մոսկվային

Ուկրաինայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Դենիզ Բրաունը հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվել է միջազգային կազմակերպությանը մուտք տրամադրել Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ոչնչացման հետևանքով տուժած տարածքներ։ Բրաունը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել գործել «միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան»։

«Ռուսաստանի կառավարությունը մինչ այժմ մերժել է իր ժամանակավոր ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածքներ մուտք գործելու մեր դիմումը: ՄԱԿ-ը կշարունակի աշխատել անհրաժեշտ մուտքի ձեռքբերման ուղղությամբ։ 
Անհնար է հրաժարվել օգնություն տրամադրել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասվում է ՄԱԿ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, Կախովսկայա ՀԷԿ-ը ոչնչացվել է հունիսի 6-ին։ Ջուրը հեղեղել է Դնեպրի երկու կողմի բնակավայրերը, ավերել բազմաթիվ շենք-շինություններ, դարձել մարդկանց զանգվածային տարհանման պատճառ։ 

Տեխնածին աղետի հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել։