Օրհնված հացը

Օրհնված հացը

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հացի խնդիր կար։ Նորմայով էին ստանում ոչ միայն սահմանամերձ շրջաններում, այլ ողջ հանրապետությունում։

Դիմանում էիք, որովհետ նպատակ կար։ Դիմանում էինք, որովհետև ողջ ժողովուրդը ի մի էր եկել ու կռվում էր արտաքին թշնամու դեմ։ Ալյուրն էլ մի ալյուր չէր, հացն էլ մեզ նման սառած ու կապտած էր։ Քիչ էր նորման, առանձնապես ուտելու բան չկար, քաղցած էինք մնում, բայց գիտեինք, թե ինչու համար ենք սոված մնում։

Հացը գնած ռադիոտուն էի վերադառնում՝ հաղորդման, այդ ժամանակ Սյունիքի ռազմական թղթակիցն էի, երբ հանդիպեցի նախկին գործընկերոջս՝ բանաստեղծ Էդուարդ Զոհրաբյանին։ Ասաց՝ սոված եմ՝ կարա՞ս մի հաց վերցնես։ Մի հացն էլ այնքան բարակ էր, որ մի քանի անգամ կծելու բան էր։

Իրեն մի հաց էր հասնում, ասաց՝ վերցրել էի, մի երեխա մոր ձեռքից բռնած հացիս էր նայում ու լացում՝ հաց եմ ուզում։ Ես էլ հացս տվեցի նրան ու ձեռքերս թափ տալով խանութ գնացի։ Ինչքան խնդրեցի, վաճառողն ասաց՝ նորմա է, չկա։

Այս ժամանակ զինվորները ու ռազմական թղթակիցը, որ ամբողջ օրը դիրքերում էր, զինվորների հետ, մեր Գորիս քաղաքի աչքի լույսն էին։

Ասացի՝ չնայած շտապում եմ, հաղորդման եմ, բայց փորձեմ։ Ինձ համար երբևէ ավել հաց չէի խնդրել, մի տեսակ ամոթ էր։ Խանութը մոտ էր, խնդրեցի չգալ, որ գլխի չընկնի իր համար եմ վերցնում։ Հրապարակում կանգնած սպասում էր։ Վաճառողուհին անմիջապես տվեց, ասելով՝ իմ հացն էլ քեզ կտամ։ Բերեցի ու տվեցի Էդիկին, ուրախացավ և երբ ուզում էր շնորհակալության համար ձեռքս սեղմել, գնդակոծություն սկսեց։ Երբ վերջացավ, մեզ մոտ արկ չէր ընկել, բայց մոտիկ տեղ ուժեղ պայթյուն էինք լսել։ Մարդիկ խառնվել էին իրար և իմացանք, որ արկը ընկել էր հենց կենտրոնական փոստի բակում, ռոդիոտանն էլ էր մեծ վնաս եղել։

Այսինքն եթե ես չգնայի ու հացը չգնեի, լինելու էին հենց կենտրոնական փոստի բակում։ Գորիսեցիները գիտեն, հրապարակից ռադիոտուն ու հացի խանութ համարյա հավասար ճանապարհ է։

Բակում մի երիտասարդի՝ ճանաչում էի, գլուխը կտրվել, ընկել էր։ Էդիկը շնորհակալություն հայտնեց հացի համար, ասացի․

-Հիմա ես պիտի շնորհակալություն հայտնեմ, որ կյանքս փրկեցիր։

Ինչու՞ այս դեպքը հիշեցի։ Մարդուն հաց տալը Աստծո կողմից օրհնվում է։

Արցախում դժվար շրջան է, մարդիկ սոված են մնում՝ իրար օգնեք, թև ու թիկունք եղեք։

Համոզված եղեք, որ սա էլ կանցնի։ Կհաղթի իրար հասնելու, օգնելու, համախմբվելու ուժը։

Ճիշտ է, հիմա դժվար է, Արցախն ու Հայաստանը կռվում են ներքին ու արտաքին ճակատով, բայց թույլ չտաք, որ ներքին ցեցը պառակտի ձեզ։ Դուք արդեն գիտեք՝ որտեղ է ցեցը և դեմն առեք։