Խայտաբղետ պատկեր եւ անհավանական դաշինքներ ՏԻՄ ընտրություններում

Խայտաբղետ պատկեր եւ անհավանական դաշինքներ ՏԻՄ ընտրություններում

Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ:

Կուսակցությունների եւ դաշինքների առաջադրման ժամկետն արդեն լրացել է: Այսպիսով, բացառությամբ մի համայնքի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրվել է բոլոր համայնքներում, իսկ խորհրդարանական ընդդիմությունից առաջադրվել է միայն «Հայաստան» դաշինքի մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը եւ մի համայնքում Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստանը»` դաշինքի կազմում: 
Սուրեն Պապիկյանի հայրենի Լոռու Բերդ համայնքում կպայքարեն ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» եւ «Հանրապետությունը»: Համայնքն ունի 4001 ընտրող:

Տաշիրում կպայքարեն «Միասնական համայնք» դաշինքը, որի կազմում են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական եւ «Արդարություն» կուսակցությունները, երրորդ մասնակիցը ՔՊ-ն է: Համայնքն ունի 18 հազար 299 ընտրող: Հատկանշական է, որ ՏԻՄ-երում առաջադրված այս կուսակցություններից շատերի մասին հասարակությունն առաջին անգամ է լսում: Ոչ այն պատճառով, որ դրանք նորաստեղծ են, այլ որովհետեւ պասիվ են: Տարիներ շարունակ ոչ մի քաղաքական գործընթացի չեն մասնակցել, հիմա, երբ ՏԻՄ ընտրությունները դարձել են համամասնական, եւ կուսակցական ցուցակներ պետք է պայքարեն, համայնքապետերի թեկնածուները փնտրում-պեղում են անհայտ կուսակցություններ, որ առաջադրվեն: Իսկ հայտնիներից խուսափում են, քանի որ հանրային կարծիքը նրանց օգտին չէ: Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում առաջադրվել են ՔՊ-ն, «Միասնական հայրենիք» դաշինքը եւ «Ապրելու երկիր» կուսակցությունը: Համայնքում կա 26 հազար 832 ընտրող:

Ակունք համայնքում կպայքարեն ՔՊ-ն եւ «Համախմբում» դաշինքը: Համայնքն ունի 6 հազար 831 ընտրող:

Բյուրեղավանում առաջադրվել են չորս կուսակցություն եւ դաշինք` «Միասնություն» դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Արդար Հայաստան» կուսակցությունները եւ ՔՊ-ն: Համայնքն ունի 8 հազար 255 ընտրող:

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում առաջադրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս համայնքում ընտրելու իրավունք ունի 7 հազար 966 ընտրող:

Շիրակի մարզի Անի համայնքում կպայքարեն ՔՊ-ն, «Հայկական երազանք» կուսակցությունը եւ «Ազգ-համայնք» դաշինքը: Համայնքն ունի 15 հազար 889 ընտրող:

Ծաղկահովիտ համայնքում պայքարելու են 5 կուսակցություն եւ դաշինք` ՔՊ-ն, Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», Նժդեհյան ցեղակրոն կուսակցությունը (ղեկավարն է Գեւորգ Հովսեփյանը) եւ «Հզոր համայնք» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն եւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը` քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ղեկավարությամբ: Ծաղկահովիտ համայնքն ունի 7 հազար ընտրող:

Թալին համայնքում պայքարելու են ՔՊ-ն, ՀՅԴ-ն եւ մի քանի նորաստեղծ կուսակցություններ` «Կայունությունը»՝ Ֆիրդուս Զաքարյանի նախագահությամբ, փաստաբան Նորիկ Նորիկյանի «Արդար Հայաստան» եւ նախկին նախարարներ Մեսրոպ Առաքելյանի եւ Մանե Թանդիլյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունները: Թալինը 26 հազար 695 ընտրող ունի:

Ճամբարակում առաջադրվել է միայն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը: Համայնքն ունի 10 հազար 851 ընտրող:

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում պայքարելու են ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» եւ «Հանուն ժողովրդի» դաշինքը, որում ներառված են նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի ղեկավարած Ռեֆորմիստների  եւ Արարատի համայնքապետերի գրանցած «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Համայնքն ունի 6 հազար 212 ընտրող:

Լոռու մարզի Ալավերդի համայնքում պայքարելու են «Ապրելու երկիրը», ՔՊ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը: Համայնքն ունի 30 հազար 519 ընտրող:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում էլ է թեժ լինելու․ կպայքարեն «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը, որի կազմում են «Համերաշխություն» եւ պատգամավոր Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։ Ինչպես նաեւ «Մեկ Հայաստան», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները, ՀՅԴ-ն, ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» եւ «Զարգացող համայնք» դաշինքը: Այսպիսի առատությունը պայմանավորված է նրանով, որ ընդդիմությունն այստեղ ուժեղ է, եւ իշխանության հույսը ձայների փոշիացումն է: Համայնքը 23 հազար 37 ընտրող ունի:

Քաջարանում կպայքարեն ՔՊ-ն, «Հանրապետությունը» եւ «Դեպի միասնություն» կուսակցությունների դաշինքը, որի թեկնածուն է գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Համայնքն ունի 6 հազար 112 ընտրող:

Վայոց Ձորի Արենի համայնքում առաջադրվել են ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը: Արենին 8 հազար 132 ընտրող ունի:

Եղեգիս համայնքում առաջադրվել են ՔՊ-ն, Ազատական եւ «Վերելք» կուսակցությունները, համայնքում ընտրելու իրավունք ունի 4 հազար 626 մարդ:

Տավուշի մարզի Բերդ համայնքում կպայքարեն ՔՊ-ն, «Արժանապատիվ սերունդ» եւ «Զորավոր համայնք» դաշինքները: «Արժանապատիվ սերունդ»-ի կազմում են ՔՈ-ն եւ «Արդարությունը», իսկ «Զորավոր համայնք»-ի՝ Ռեֆորմիստների եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ Նրանց համայնքապետի թեկնածուն 2021-ի նոյեմբերից բանտում գտնվող գործող համայնքապետն է` Հարություն Մանուչարյանը, ով մտադիր է «Առուշանյան-2» անել` բանտից հաղթել մրցակիցներին: Համայնքն ունի 2 հազար 454 ընտրող: