Արդյո՞ք Ուկրաինան կունենա ելք դեպի Սև ծով, և ո՞ւմ կմնա Կիևը

Արդյո՞ք Ուկրաինան կունենա ելք դեպի Սև ծով, և ո՞ւմ կմնա Կիևը

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սենսացիոն հայտարարություն է արել՝ փաստացի ընդունելով ուկրաինական տարածքների հաշվին Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու հնարավորությունը։ Խոսելով առանց զգացմունքների, Ստոլտենբերգի նման հայտարարությունն ամբողջությամբ շրջում է ուկրաինական կողմի «դիմադրության» հայեցակարգը։ «Ռեալ պոլիտիկի» դաժան օրենքները միշտ զուրկ են որևէ սենտիմենտալությունից կամ պարտավորությունից։ Այսինքն՝ եթե սթափ նայենք իրավիճակին, ապա կստացվի, որ Արևմուտքը, կշռելով բոլոր դրական ու բացասական կողմերն, իր համար հանգել է երեք հիմնական եզրակացության։ Նախ՝ Ռուսաստանը դիմակայեց տոտալ տնտեսական և ռազմական ճնշմանը, բացի դա՝ պատժամիջոցների պատերազմի արդյունքում պայմանական Արևմուտքի ընդհանուր տնտեսական կորուստներն ու ռիսկերն այնքան մեծ են, որ արևմտյան տեղաբնակին ստիպում են մտածել, թե ինչու միջին շվեդը, ֆրանսիացին, իսպանացին, հույնը կամ ամերիկացին պետք է իր գրպանից վճարի եվրո-ամերիկյան կապիտալիստական ​վերնախավի կայսերական ամբիցիաների համար՝ հատկապես, որ իրավիճակը արևմտյան տնտեսություններում ամեն օր վատանում է։ Բնականաբար, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես մեծ կորուստներ ունեցավ տնտեսական առումով, սակայն, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այդ կորուստներն արդեն նախապես ներկառուցված էին տնտեսության մեջ՝ մինչ ռուսական հատուկ գործողության մեկնարկը»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ 

Աբովյանի խոսքով, Արևմուտքը հասկացավ, որ ռուսները փաստացի հաղթել են համաշխարհային տնտեսական պատերազմի առաջին փուլը։ «Արևմուտքը չունի տնտեսական պատերազմի երկրորդ փուլի ռեսուրսներ, իսկ ռուսներն իրենց քաղաքացիների ապրուստն ապահովող հիմնական տնտեսական շղթաների փակ լինելու պատճառով (սնունդ, վառելիք, էներգիա, դեղորայք, ռազմական բաղադրիչ)` ունեն։ Երկրորդ՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված տնտեսական դժվարությունները մի տեսակ ջղայնացնում են հասարակ եվրոամերիկացիներին։ Դա պայմանավորված է դեպի Եվրոպա փախստականների հսկայական հոսքով, և Ուկրաինայից փախստականների այս բազմամիլիոնանոց զանգվածը, որը միացավ Աֆրիկայի և Ասիայի փախստականների շարքին, ինչը տնտեսապես ցնցեց պայմանական գերմանացիներին և ֆիններին»,-ասաց  Արման Աբովյանը: 

Վերջինս գտնում է, որ Եվրոպան հոգնել է և այժմ եվրոպացիները փորձում են զգույշ առաջ քաշել այն թեզը, որ գոյություն չունի միասնական և ամբողջական Ուկրաինա, և ռուսալեզու արևելքը և վեց միլիոն ռուսներով Ղրիմը երբեք չեն ինտեգրվի նույնիսկ ամենաժողովրդավար Ուկրաինային։ 

«Իսկ, եթե այդպես է (եվրոպացիներն են ասում), ապա ի՞նչ իմաստ ունի կռվել։ Երրորդ եզրակացությունն այն է, որ Արևմուտքը և Ռուսաստանը եկել են կոնսենսուսի, որ միջուկային պատերազմ չեն սանձազերծի (այսինքն՝ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի կռվի ռուսների դեմ): Իսկ դա նշանակում է, որ անկախ զենքի մատակարարումից և բոլոր տեսակի «լենդլիզներից», պայմանական Արևմուտքը ուղղակի հնարավորություն չունի իրավիճակը ռազմական ճանապարհով կայունացնելու։ Այժմ ականատես ենք Արևմուտքում տեղեկատվական նախապատրաստությունների` Ուկրաինայի հարավ-արևելքը Ռուսաստանի անմիջական ազդեցության գոտուն զիջելու վերաբերյալ։ Հիմա երկու հիմնական հարց կա՝ արդյո՞ք Ուկրաինան կունենա ելք դեպի Սև ծով, և ո՞ւմ կմնա Կիևը։ Իմիջայլոց, Կիևը՝ հասկանալով վերը նշված սցենարները, աշխատում է առավելապես սրել իրավիճակը ռազմաճակատում և ինտենսիվ ռմաբակոծում է Դոնեցկը, այսինքն՝ իրավիճակը տանում է դեպի սրացման»,- ասաց Արման Աբովյանը։