«Նիկոլիզմը»

«Նիկոլիզմը»

Մաս առաջին. Գեղեցիկ, սակայն ոչ ճշմարիտ

Գիտական շրջանակներում գոյություն ունի մի այսպիսի արտահայտություն. «Եթե տեսությունն այդքան գեղեցիկ է, ապա այն պարտավոր է լինել ճշմարիտ»: Բայց քանի որ աշխարհը կառուցված է երկվությունների հենքի վրա՝ չար ու բարի, լույս և խավար, գեղեցիկ և տգեղ և այլն, ապա գոյության իրավունք ունի նաև վերը բերված արտահայտություն հակառակ տարբերակը. «Տեսությունը գեղեցիկ է, սակայն ոչ ճշմարիտ (կամ արժանահավատ)»: Կարծում եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում հենց նման մի առաջարկություն էր ներկայացրել հանրությանը: Խոսքն անաչառ ու ազգային շահերով առաջնորդվող նախագահ ունենալու համար հայ եկեղեցու՝ հարգանք վայելող որևէ սրբազանի առաջադրման մասին է: «Մեզ հիմա մարդ է պետք, որը պիտի կարողանա նաև կամուրջներ փնտրել, միավորել։ Այո, պետք է փորձել մեր ազգին միավորել, պետք է փորձել վտանգված մեր ինքնությունը նաև պահպանել…»,- ասել էր Քոչարյանը։ Այո, դա իսկապես կլիներ լավագույն տարբերակը՝ ինչպես նշել էր ՀՀ երկրորդ նախագահը: 

Սակայն ողջ խնդիրն այն է, որ, չնայած լավագույն տարբերակ լինելուն, առաջարկն անիրագործելի է: Անիրագործելի է, քանի որ իշխանությունը գտնվում է Փաշինյան Նիկոլի ձեռքում, որը մեր ժողովրդին գիտակցված տարել է դեպի պառակտման և բևեռացման: Իսկ այդ պարագայում նրան ինչին է պետք մեկը, «որը պիտի կարողանա նաև կամուրջներ փնտրել, միավորել»։ Բնականաբար պետք չէ: Եթե ազգը կրկին միավորվի՝ ինչպես դա առկա էր 1988 թվականին, ապա Նիկոլն այլևս պետք չի լինի որևէ մեկին: Եվ նա կդադարի գոյություն ունենալուց ճիշտ այնպես, ինչպես հայտնվել էր՝ արագ և անմիջապես: Իսկ հետևողական աշխատանքի դեպքում նրանից հետո ժամանակի ընթացքում կվերանա նաև «նիկոլիզմը»: 

Ինչ մնում է երկորդ և ավելի լուրջ երևույթին՝ վտանգված մեր ինքնությունը պահպանելուն, ապա գործող իշխանության դեպքում ով էլ լինի երկրի նախագահը՝ նա կլինի անզոր: Որովհետև այդպես չեն մտածում այն զանգվածները, ովքեր անցյալ տարի ձայն են տվել այսպես կոչված «պողպատե» մանդատին: Նաև նրանք, ովքեր ընդհանրապես չեն կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ երբ այն ավելի քան անհրաժեշտ էր վտանգված մեր ինքնությունը պահպանելու տեսակետից: Իսկ եթե, այնուամենայնիվ, իսկապես անաչառ ու ազգային շահերով առաջնորդվող նախագահն, ի հեճուկս վերը նշված երևույթի, փորձի «պողպատե» մանդատին հակասող գործունեություն ծավալել, ապա առնվազն պաշտոնանկ կարվի: Կամ էլ, ինչն ավելի հավանական է, «ժողովրդավարական» իրավապահների կողմից նրա նկատմամբ հերթական անօրինական քրեական գործը կհարուցվի «ժողովրդավարության փայլուն աստղ» հորջորջված մեր երկրում: Իսկ Նիկոլի սրտի դատավորներն էլ կապահովեն վերջինիս կալանավորումը և երկար ժամանակով բանտում նրան «փակելը»:

Մաս երկրորդ. Արմատները

Հայոց պետականության դարավոր բացակայությունը, արտաքին թշնամիների ասպատակությունները, վաղ միջնադարյան կրոնական պատերազմները (պավլիկյան և թոնդրակյան շարժումները), ազնվական դասի վերացումը, դարավոր մահմեդական և հատկապես թուրքական տիրապետությունը խոր բացասական ազդեցություն են թողել մեր ժողովրդի հոգեբանության և մտածելակերպի վրա: Նշված գործոններն ուշ միջնադարում հանգեցրլ են պետական մտածողության բացակայությանը (բացառությամբ Ղարաբաղյան մելիքությունների): Եվ որպես այդ ամենի հետևանք՝ հայ ժողովրդի մեջ բազմացել և մեծամասնություն են կազմել անհայրենիք արարածները: Նյութապաշտությունը վերածվել է մեր ժողովրդի հիմնական գծերից մեկին՝ դա դուր գա ոմանց, թե ոչ: Ի դեպ, «մի կտոր հաց ուտելն» ու «ընտանիք պահելն» էլ դարձել են դրա դրսևորումները: Մեր ժամանակներում դրա հերթական դրսևորումը դարձավ նաև «գիտականորեն» ձևակերպված «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ» դատողությունը: «Գիտականորեն», քանի որ ձևակերպողը գիտական այր էր (է): Ինչն, ի վերջո, հանգեցրեց ՀՀ առաջին նախագահի հոգևոր սան Նիկոլի ասպարեզում հայտնվելուն և 2018-ի ապրիլյան իրադարձություններին:   

Ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի պետական համալսարանի ուսանողության առաջ ելույթ ունենալիս խոսել էր գիրք կարդալու անհրաժեշտ… Օ՜, կներեք սխալվեցի՝ դրա ոչ անհրաժեշտության մասին: Որքան հիշում եմ՝ միտքն այսպես էր ձևակերպված՝ «ես, որ գիրք չեմ կարդացել՝ չե՞մ դարձել նախագա»։ Ի դեպ, եթե նման բան չի եղել, և դա նրան բարի չկամեցողների «շառն» է՝ ներողություն եմ խնդրում: Սակայն այն ժամանակ ոնց որ թե հիմնավոր հերքումներ չեղան: Ինչևէ, եթե դա ճշմարիտ է, ապա ավելի հակադաստիարակչական երևույթ դժվար թե գտնվի պատմության մեջ: Հատկապես որ այդ տարիներին անչափահասները փորձում էին նմանվել ոչ թե գրագետ ու խելացի անձանց, այլ ոսկե շղթայով հաստ վիզ ունեցողներին: Բայց հետո Քոչարյանն ընկալեց գիրք չկարդալու սխալ լինելն ու ուղղեց այն: Ոչ միայն սկսեց գրքեր կարդալ, այլև այնքան սովորեց անգլերեն, որ ռուսերենից բացի սկսեց գրքեր կարդալ նաև անգլերենով: Դա հաստատ գիտեմ, քանի որ մի քանի տարի առաջ աչքովս էր ընկել նրա կարդացած գրքերի ցանկը, որ ներկայացվել էր երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի կողմից: Անկեղծ ասած, նախանձեցի, որ ժամանակ չեմ ունեցել նույնն անելու:

Բարեբախտաբար, գիրք կարդալու անհրաժեշտության ուշ գիտակցելը որևէ ձևով չանդրադարձավ պետության ճակատագրի վրա: Կարող եմ ասել նույնիսկ, որ դա բնական երևույթ էր: Հայաստանը, որպես անկախ պետություն, ձևավորվում էր պատերազմի միջոցով, և բոլոր կռված տղաները չէ, որ գրագետ էին: Եվ հենց նրանց շարքից էլ պետք է լինեին գեներալ դարձածները կամ պետական իշխանության վերին մակարդակ հասածները: Եվ չնայած անկախ երկրի առաջին խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը, լցված էր հենց գրագետ անձանցով, այն աստիճանաբար այլասերվեց ու դարձավ կիսագրագետ և նույնիսկ անգրագետ մարդկանց հավաքատեղի՝ մի քանի բացառություններով: Եվ այդպիսին դարձան նաև կենսագործության մնացած բոլոր բնագավառները: Բնականաբար, դա գալիս էր, ինչպես արդեն ներկայացվեց, ժողովրդի մտածողությունից, սակայն իրենց մեծ մեղքն ունեին իշխանության առաջին դեմքն ու նրա մերձավոր շրջապատը: 

Ի տարբերություն ՀՀ երկրորդ նախագահի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի թերուս և ինքնահավան լինելը ծանր հետևանքներ ունեցավ մեր պետության ճակատագրի վրա: Սկզբում որպես Հայաստանի Հանրապետության ինքնուրույնության մակարդակը բարձրացնելու կողմ հանդես եկող Փաշինյանը չորս տարում այն համարյա թե հավասարեցրեց զրոյի: Փաշինյանի վարչապետությունը հայ ժողովրդի մեջ ձևավորված «նիկոլիզմ» երևույթի հաղթական դրսևորումն է և դրա առաջընթացը: Իսկ դրա առկայության պայմաններում մենք ոչ թե միավորում կտեսնենք, այլ բևեռացման խորացում: Մենք ոչ թե կպահպանենք մեր ինքնությունը, այլ կվերածվենք թուրքի հպատակի՝ կորցնելով այն: Եվ հանուն «մի կտոր հաց ուտելու»՝ կվերականգնենք մեր այն տեսակը, որն առկա էր ուշ միջնադարում: Իսկ Արցախի ամբողջական կորստի դեպքում, դեպի ուր տանում է այս «ուսապարկային իշխանությունը», մենք կկորցնենք նաև այն բացառությունը, որ առկա էր Ղարաբաղյան մելիքությունների տեսքով: Իսկ դրա նաև այն հույսը, որ մի օր կրկին կվերականգնվենք փյունիկի նման:

Հ.Գ. 34 տարի առաջ այս օրը մեկ մարդու նման հավաքվեցինք Թատերական (այսօր՝ Ազատության) հրապարակում՝ պահանջելով Արցախի միացումը Հայաստանին: Համարյա 4 տարի առաջ իշխանության բերեցինք Նիկոլին, որպեսզի կորցնենք Արցախը: