Ինչու՞ Վեհափառն այլեւս չի հանդիպում ՀՀ նախկին նախագահների հետ, ինչով է զբաղված «Գավիթը»

Ինչու՞ Վեհափառն այլեւս չի հանդիպում ՀՀ նախկին նախագահների հետ, ինչով է զբաղված «Գավիթը»

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ օրեր առաջ Էջմիածնում տեղի է ունեցել Մայր Աթոռի նախաձեռնությամբ ստեղծված «Գավիթ» հարթակի հերթական հանդիպումը: «Հայաստան և Արցախ. գոյաբանական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայով այս հանդիպմանը մասնակցել են հասարակական-քաղաքական գործիչներ եւ եկեղեցականներ։ Արդյոք այս հարթակը կարո՞ղ է արդյունավետ մարմին լինել՝  հատկապես հիմա, երբ Արցախը տրվեց Ադրբեջանին եւ ոչ մի հասարակական ու քաղաքական ուժ չկարողացավ կանխել Արցախի հանձնման գործընթացը։

«Գավիթի» անդամ Լարիսա Ալավերդյանը «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ ինքը դժգոհ է հասարակական ու քաղաքական ուժերի գործունեությունից։ «Դատելով արդյունքներից՝ գտնում եմ, որ որեւէ ակտիվ խումբ, կամ քաղաքական ուժ արդյունավետ գործունեություն չի ունեցել։ Եթե մենք չենք կարողացել մեր խնդիրը լուծել, նշանակում է՝ բոլորն էլ թերացել են։ Ճիշտ է՝ «Գավիթը» մեծ ներուժ ունեցող խումբ է։ Մենք դեռ մեկ անգամ ենք հավաքվել եւ դա այն արդյունավետությունը չի ունեցել, որը պետք է ունենար այս ժամանակներում»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպումների ֆորմատ կար, ինչո՞ւ այն այլեւս չի աշխատում, արդյո՞ք «Գավիթի» անդամները Կաթողիկոսին այս մասին հարցրել են։ «Ոչ չեմ հետաքրքվել, ինձ հետաքրքիր չէ։ Ես այն գլխից էլ կարծում էի, որ այդ հանդիպումները արդյունավետության նշույլ անգամ չէին տալիս»,-նշեց Ալավերդյանը։

Դիտարկմանը, թե ինչ է մտածում այն հարցի վերաբերյալ, որ հասարակությունը դժգոհ է Մայր Աթոռի պահվածքից՝ հատկապես այս օրերին, երբ հազարավոր արցախահայեր անտուն են մնացել, իսկ եկեղեցին, որ պետության հենասյունն է, չեզոք դիրքերում է հանդես գալիս, Ալավերդյանն ասաց․ «Ես երբեւիցե եկեղեցու պահվածքը չեմ քննադատել եւ չեմ քննադատելու։ Գտնում եմ, որ որեւէ մեկն այդ բարոյական իրավունքը չունի։ Մենք ենք եկեղեցին, ամեն մի մարդ, մենք պիտի ուժեղացնենք ազգային եկեղեցին»։

«Գավիթի» անդամներից Արթուր Խաչիկյանն էլ ասաց՝ հանդիպմանը բավականին մանրամասն եւ պրոֆեսիոնալ ձեւով ներկայացվել է այսօրվա մեր երկրի իրավիճակը։ 

«Քայլ առ քայլ գնում ենք դեպի Հայաստանի ոչնչացմանը։ Թուրքական կողմը պահանջներ է ներկայացնում առ այն, որ Հայաստան պետք է վերադառնան հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, նրանց հետ նաեւ Ադրբեջանի ոստիկանությունը, մենք պետք է հրաժարվենք մեր որոշ եկեղեցիներից, փակենք Մեծամորի ատոմակայանը, հրաժարվենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից։ Սա Հայաստանի, հայ ժողովրդի ոչնչացման ծրագիրն է։ Հայաստանը պետք է սահմանափակի իր բանակը։ Սա Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերն են։ Իմ հասկանալով՝ սա եկեղեցու  կողմից նախաձեռնված մի հարթակ է, որտեղ կոմպետենտ մարդիկ կարող են քննարկել, թե ինչպես փրկել մեր երկիրը»,- նշեց նա։