Հանուն վիլայեթի կառավարչի պաշտոնի

Հանուն վիլայեթի կառավարչի պաշտոնի

Ենթադրեք, որ Նիկոլի երիտասարդ տարիների երազանքն ի կատար ածվեց, եւ Ղարաբաղը դարձավ Ադրբեջան: Արցախցիների անվտանգության առումով էլ, բնականաբար, ոչ մի միջազգային երաշխիք կյանքի չի կոչվի: Իսկ որ դա հենց այդպես կլինի՝ ենթադրում եմ, որ չեն կասկածում անգամ ինքն ու իր թիմակիցները: Չնայած Նիկոլի թամադությամբ անընդհատ խոսում են երեւութական ինչ-որ մեխանիզմի մասին: Պարզ է, որ խոսում են՝ փորձելով փափուկ բարձ դնել հայաստանցիների եւ արցախցիների գլխի տակ: Թե որքանով դա կհաջողվի իրենց՝ դժվարանում եմ ասել: Սոցհարցում անողներն էլ դրա վերաբերյալ հարց չէին դրել հարցաթեթիկում, որպեսզի իմանայինք: Տեսականորեն, քաղաքականությունից քչից-շատից հասկացող անձը կգիտակցեր, որ Ադրբեջանի կազմում ընդգրկված տարածքում չի կարող կիրառվել որեւէ միջազգային մեխանիզմ: Որովհետեւ դա միջամտություն է տվյալ պետության ներքին գործերին: Ինչը կիրառվում է միայն պատերազմում պարտված պետության նկատմամբ: Ադրբեջանն այդպիսի պետություն չէ: Գումարած դրան՝ Ադրբեջանն արեւմտյան երկրների հուսալի գործընկերն է վառելիքահումքային գործարքներում: Իսկ հուսալի գործընկերոջն Արեւմուտքը սովորաբար չի «քցում»: Այնպես որ, այդ հարցը կարելի է համարել փակված:

Բայց ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձնավորությունը ասվածը բանի տեղ չի դնում: Ու շարունակում է կրկնել անհեթեթությունների շարքից այդ մեկը եւս: Ենթադրում եմ, որ ինքը մարդկանց դնում է հայտնի կենդանու տեղը: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ ընդօրինակում է ագիտացիայի գեբելսյան մեթոդը՝ սուտն ու կեղծիքն անընդհատ կրկնելը, մինչեւ կասկածի տեղ չմնա: Այդ երկուսը միասին, համոզված եմ, հիանալի խառնուրդ է մարդկանց ուղեղը լվանալու առումով: Իսկ ո՞րն է արեւմտյան երկրների ղեկավարության վերաբերմունքը: Բնականաբար, բոլոր ղեկավարներն էլ իրենց հուսալի գործընկերոջ կողմից են: Ուրիշ բան լինել չէր էլ կարող: Ճիշտ է, Արեւմուտքում եւս առկա են մեկ-երկու ազնիվ եւ օբյեկտիվ քաղաքական գործիչներ: Սակայն նրանց ձայնը չի կարող լսելի լինել, երբ իրենց երկրների պետական շահերը պահանջում են հակառակը: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ եթե ՀՀ ղեկավարությունը չոքել է Իլհամի առջեւ, ապա ինչո՞ւ պետք է իրենք վատամարդ դուրս գան հաղթանակած պետության ղեկավարի առջեւ: Հատկապես որ չոքելուց բացի՝ Նիկոլն իր անհնազանդ ընդդիմադիրներին պատժում է «ժողովրդավարական» դատական համակարգի միջոցով: Դրա ամենավերջին օրինակը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալումն է՝ անհեթեթ հիմնավորումով:   

Բայց եթե հրաշք տեղի ունենար, եւ արեւմտյան «ժողովրդավարական» գագաթնաժողովներից մեկում Նիկոլի փոխարեն ես հայտնվեի ՀՀ վարչապետի պաշտոնին՝ հարց կբարձրացնեի, թե ինչն է ավելի դատապարտելի երեւույթ՝ էթնիկ զտո՞ւմը, թե՞ սովորական ագրեսիան: Ես, իհարկե, գիտեմ դրա պատասխանը, սակայն ինձ հետաքրքրում է արեւմտյան ժողովրդավարության պատասխանը: Եվ որպեսզի մանիպուլյացիաների առաջն առնեի՝ կավելացնեի, որ էթնիկ զտումը կամ, որ նույնն է՝ հայրենազրկումը, ցեղասպանության դրսեւորումներից մեկն է: Պարզ է, որ միայն արեւմտյան նիկոլանմանները կպատասխանեին, թե ավելի դատապարտելի երեւույթ է պատերազմական ագրեսիան: Իսկ իրենք իրենց հարգող եւ ադեկվատ գործիչները ստիպված կլինեն համաձայնել, որ, այնուամենայնիվ, էթնիկ զտումը: Իսկ այդ դեպքում կհետեւեր երկրորդ հարցը՝ եթե այն ավելի դատապարտելի է, ապա ինչո՞ւ է արեւմտյան ժողովրդավարությունը հսկայական ռեսուրսներ հատկացնում, իրենց ասելով, ագրեսիայի ենթարկված Ուկրաինային, բայց անտարբեր է արցախցիների առումով: Եվ ոչ մի քայլ չի ձեռնարկում Ադրբեջանին կանգնեցնելու ուղղությամբ, որն աստիճանաբար ուժեղացնում է էթնիկ զտման գործընթացը: 

Դժբախտաբար, նյութական մեր աշխարհում հրաշքներ տեղի չեն ունենում: Եվ ՀՀ վարչապետի պաշտոնին ոչ թե ես եմ, այլ «ազգակործան պատուհաս» բնութագրված Փաշինյան Նիկոլը: Որը մտածում է ոչ թե պոլիտկոռեկտության տեսակետից «անհամեստ» հարցեր տալու, այլ արեւմտյան ժողովրդավարների միջոցով իր պաշտոնը պահպանելու մասին: Ինչպես նաեւ իր կամակատարների կողմից արտաբերվող՝ «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյան» ականջահաճո դիմելաձեւն անընդհատ ունկնդրելու մասին: Իսկ թե ինչ կլինի Արցախի հետ՝ դա նրան վաղուց չի հետաքրքրում: Իսկ թե ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ՝ դա նրան հետաքրքրում է այնքանով, որքանով… կկարողանա պահպանել եթե ոչ ՀՀ վարչապետի, ապա գոնե թուրքական վիլայեթի կառավարչի պաշտոնը: