Երբ Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի Հայաստանի դեմ, Թուրքիան կպաշտպանի Փաշինյանին

Երբ Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի Հայաստանի դեմ, Թուրքիան կպաշտպանի Փաշինյանին

Ադրբեջանը կրակում է Հայաստանի բնակավայրերի ու ենթակառուցվածքների վրա. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դրանք որակում է «սադրիչ գործողություններ», խորհրդարանական ամբիոնից խոստանում է «առաջ մղել խաղաղության օրակարգը»: Կարծես խոսքը ոչ թե պաշտպանության նախարարի մասին է, ում անմիջական պարտականությունը երկրի պաշտպանությունը պատշաճ կազմակերպելն է, թշնամու գործողությունները կանխելը, այլ մի հոգեւորականի, ով հորդորում է սադրանքների չտրվել, փոխարենը` «եթե ձեր աջ այտին ապտակեն, դեմ տվեք նաեւ ձախը»: Մի բան, որ ասում էր Փաշինյանը 2018 թվականի հեղաշրջման օրերին, երբ կոչ էր անում չտրվել ոստիկանության սադրանքներին: Ադրբեջանը կրակում է Հայաստանի ուղղությամբ՝ վիրավորելով քաղաքացիական անձանց, ոչնչացնելով մարդկանց ունեցվածքը, զրկելով նրանց աշխատելու եւ վաստակելու հնարավորությունից, իսկ Փաշինյանի աշխատակազմում անհասկանալի գործառույթներ իրականացնող Էդմոն Մարուքյանն ասում է. «Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի նկատմամբ միանշանակ նպատակաուղղված միջոցների բացակայությունը կարող է նոր ագրեսիաների պատճառ դառնալ ժողովրդավարական Հայաստանի դեմ»:

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի պետություն գոյություն չունի, որ այդ պետությունը չունի ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն եւ կարողություն, եւ եթե Ադրբեջանը ոտնձգություն իրականացնի Հայաստանի դեմ ու իրագործի իր նպատակները, դրա համար պատասխանատու է լինելու միջազգային հանրությունը:
Հարց է առաջանում` իսկ Հայաստանի իշխանությունը, այդ իշխանությունը ներկայացնող պաշտոնյաները որեւէ պատասխանատվություն ունե՞ն Հայաստանի ինքնապաշտպանության համար: Թե՞ նրանց միակ գործը միջազգային հանրությանը դիմելն ու դատապարտելն է, հետո էլ հերթական պարտության պատասխանատուին բացահայտելը: Այլեւս դժվար է պարտության համար նախկիններին կամ Պուտինին մեղադրել, բանակի զինվորականության մեծ մասն էլ կալանավորված է, հետապնդվում է, դրա համար թարմ թիրախ են գտել`Ռուսաստանն ու միջազգային հանրությունը` անդեմ, անհասցե մեղավորներ: Ադրբեջանի հերթական հարձակումից հետո ասելու են՝ մենք ի՞նչ անենք, մենք, որպես ժողովրդավարական երկիր, շարժվում էինք խաղաղության օրակարգով, իսկ ահաբեկչական եւ բռնապետական Ադրբեջանը հարձակվեց եւ ոչնչացրեց մեր երկիրը միջազգային հանրության անտարբեր հայացքի ներքո:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, մեծ հայտնագործություն արածի հրճվանքով ասում են, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար: Այդ ագրեսիայի նախապատրաստությունը տեսնելու համար մեծ խելք պետք չէ. Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը, դրանից հետո Բաքվում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները կրկին հայտարարեցին, որ Զանգեզուրի միջանցքի բացումը համարում են «անխուսափելի»:  ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է՝ չայցելել Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, իսկ Սյունիքի մարզ՝ ընդհանրապես: Միացյալ Նահանգների կառավարությունը թերեւս տեղեկացված է, թե որ ուղղությամբ է լինելու Ադրբեջանի հերթական ագրեսիան, որտեղով է Ադրբեջանը մտադիր բացել «Զանգեզուրի միջանցքը»: Երեկ արդեն սկսեցին կրակել ու առաջ գալ Կոռնիձորում:

Փաշինյանից կամ նրա կառավարության անդամներից, իշխանության ներկայացուցիչներից քաղաքական պատասխանատվություն ակնկալել՝ երկիրն անպաշտպան թողնելու կամ անտերության մատնելու համար, անիմաստ զբաղմունք է: Սերիական մարդասպանը հերթական հանցագործության գնալիս այլեւս չի մտածում հնարավոր պատժի մասին. կարեւոր չէ՝ իրեն 8, թե 10 մարդ սպանելու համար կդատապարտեն, միեւնույն է` արդարացում չի լինելու, ոչ մի մեղմացուցիչ հանգամանք չի կարող նվազեցնել իր պատժաչափը: Բայց արդյո՞ք Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները մտահոգված են իրենց հնարավոր քաղաքական կամ քրեական պատասխանատվության մասին, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան հերթական հարձակումը կազմակերպեն եւ ընդհանուր սահման բացեն` նվաճելով Սյունիքը, թե՞ համարում են, որ իրենց ապահովագրել են այդ պատասխանատվությունից:

Մի ժամանակ համոզված էի, որ նոր ագրեսիայի դեպքում Փաշինյանի իշխանությունը կփլուզվի, հասարակությունը չի հանդուրժի մի իշխանություն, որը երկիրն անվերջ պարտությունների ու կորուստների է մատնում: Բայց հիմա իրավիճակ է փոխվել. Փաշինյանը Քիշնեւ եւ Թուրքիա մեկնելով՝ անվտանգության երաշխիքներ է ստացել Արեւմուտքից եւ Թուրքիայից: 

Հունիսի 4-ին ուկրաինական բանակը սկսել է արդեն տեւական ժամանակ սպասվող հակահարձակումը: Այն ընթանում է դանդաղ, բայց ուկրաինական կողմը հաջողություններ ունի: Ադրբեջանը եւ Թուրքիան եւս սպասում են այդ հակահարձակման ընթացքին եւ արդյունքներին: Եթե ռուսական բանակի դիմադրությունը կոտրվի, Ադրբեջանը միանգամից զորք է մտցնելու Սյունիք՝ բացելով «Զանգեզուրի միջանցքը»: Հայաստանում կլինեն բողոքի եւ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, բայց եթե Փաշինյանի իշխանությանն ինչ-որ բան սպառնա, Թուրքիան հաստատ զորք կմտցնի Երեւան` պաշտպանելու Փաշինյանին: Թուրքիայի սահմանից մինչեւ Երեւան` կառավարության շենք, 40 կիլոմետրից էլ պակաս ճանապարհ է: Թուրքիայի սահմանից Երեւան ճանապարհի կառուցումը մոտենում է ավարտին, ամենայն հավանականությամբ, այն կավարտվի մեկ ամսից: Թուրքական բանակը եւ հատուկ ուժերը Փաշինյանին օգնության կհասնեն կես ժամից էլ պակաս ժամանակում: Եթե ռուսական բանակն ուկրաինական ճակատում պարտություն կրի, այստեղ ռուսների կողմից Թուրքիային դիմադրելը բացառվում է: Այդպիսով կավարտվի Հարավային Կովկասի անվտանգության նոր ճարտարապետությունը` ռուսական բանակը կհեռացվի Հայաստանից՝ փոխարինվելով ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակով:

Ավետիս Բաբաջանյան