ԵԵԽՎ բանաձևը Արցախի մասով հերթական էմոցիոնալ արտաթորանքն է

ԵԵԽՎ բանաձևը Արցախի մասով հերթական էմոցիոնալ արտաթորանքն է

Ե՞վ, ասենք թե ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ իրերը կոչելով իրենց անուններով՝ էթնիկ զտում, որ Արցախի ժողովուրդը ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ է, որ դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ այդ ամեն ինչից հետո հարց եմ տալիս՝ և՞»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ -ում երկու ժամ առաջ Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևին՝ ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը հիմա Ստրասբուրգում է՝ տարբեր մակարդակներում՝ փորձագիտական, քաղաքական, հանդիպումներ է ունեցել և շարունակում է ունենալ։

«ԵԽԽՎ բանաձևերը, ինչպես Եվրոպական խորհրդարանի բանաձևերը, իրավական պարտադիր ուժ չունեն։ Դրանից բացի առաջարկե՞լ են կոնկրետ պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ՝ ոչ։ Եվրոպական խորհրդարանը մի քանի օր առաջ ավելի առաջ գնաց իր դատապարտման մեջ չակերտավոր՝ առաջարկելով Եվրոպական միությանը՝ կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ։ Եվ այստեղ նորից մի հատ մեծ և յուղոտ և․․․կիրառե՞ց Եվրոպական միությունն Ադրբեջանի հանդեպ կոնկրետ սանկցիաներ՝ բնականաբար ոչ։ Ավելին, Եվրոպական միության առաջին դեմքերը շարունակեցին հայտարարել, որ իրենք Ադրբեջանի դեմ այս պահին պատժամիջոցներ կիրառելու որևէ օրակարգ չունեն»,- նկատեց ԱԺ նախկին պատգամավորը։

Թղթի վրա գրված դատապարտումներն ու կոչերը Զոհրաբյանի համար սովորական մակուլատուրա են և ոչ ավելին։ Եվրոպական միությունն ունի բոլոր լծակները՝ Ադրբեջանի հանդեպ կոնկրետ և լրջագույն պատժամիջոցներ կիրառելու, որոնցից ամենագործունը կլինի Ադրբեջանի հետ գազային պայմանագրերի եթե ոչ խզումը, ապա առնվազն սառեցումը, ինչը Եվրոապական միությունը չի անի՝ համոզված է Նաիրա Զոհրաբյանը։ 

«Եվրոպական միությունը կարող է Ադրբեջանի դեմ գործուն պատժամիջոցներ կիրառել ՝ սառեցնելով ալիևյան կլանի օֆշորային հաշիվները, որոնց վերաբերյալ հենց Եվրոպական միության առաջատար լրատվամիջոցներում տասնյակ հրապարակումներ են եղել։ Կանի՞ եվրոպական միությունը՝ չի անի։ Իսկ այդ դատապարտող հայտարարությունները, այդ կոչերը, այդ էմոցիոնալ զեղումները նորից եմ կրկնում՝ ընդամենը էմոցիոնալ բարոյական հարության մեջ գտնվող մակուլատուրա են՝ թղթային աղբ, որոնց արժեքը ոչինչ է։ Այդպիսի մակուլատուրաներ վերջին շրջանում տարբեր միջազգային կառույցներ արտաբերել են որոնք չեն ունեցել իրավական որևէ հետևանք, որովհետև Եվրոպական միությունը հայտարարել է, որ իր օրակարգում չկա պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ»,-ասաց վերջինս։

Զոհրաբյանը հիշեցնում է, որ ամիսներ առաջ Հաագայի դատարանը որոշում ընդունեց, որով Ադրբեջանը պարտավորվում էր բացել Բերձորի միջանցքը, սակայն միջանցքն այդպես էլ չբացվեց, այնպես որ Զոհրաբյանը բնավ ոգևորված չէ, իր համար էական չէ միջազգային այս կամ այն կառույցի հայտարարությունը, եթե դրա մեջ անգամ գրված լինի, որ Ալիևը ռազմական հանցագործ է ու դրան չհետևի պատժամիջոց Ալիևի նկատմամբ որպես ռազմական հանցագործի` A4 ֆորմատի վրա տպված ցանկացած ձևակերպում առոչինչ է։

«Ավելին, ես այստեղ իմ հանդիպումների ընթացքում հերթական անգամ մի փաստ արձանագրեցի, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը չի ավարտել՝ Արևմուտքը շարունակելու է ատամներով, վզով, ձեռքերով, ոտքերով, երիկամներով, թոքերով, իրենց կույրաղիքով պաշտպանել ու սատարել նրան»,-ասաց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է այս բանաձևին, ապա սա հերթական պրոտոկոլային էմոցիոնալ արտաթորանքն է, որը անարգանք է արցախցիների, դատարկված Արցախի հանդեպ։ Դա նույնն է, ինչ երեսուն տարի Արցախ չմտնելուց հետո, Արցախը հայաթափելուց հետո ՄԱԿ-ի խաղաղապահները սպիտակ դրոշները «տնկած» իրենց մեքենաների մեջ և ինչպես գրել էր եվրոպացի լրագրողներից մեկը,՝ այլևս ուրվականների քաղաքի վերածված Արցախ։

«Մենք այսօր պիտի խիզախություն ունենանք արձանագրելու համար, որ եվրոպական կառույցները որպես մարդու իրավունքի և հիմնարար արժեքների կրող կառույցներ, իերնց վաղուց սպառել են և վերածվել են աշխարհաքաղաքական կենտրոնների գործիքի։ Այստեղ իմ հանդիպումների ժամանակ չի եղել որևէ մեկը, օրինակ, որ չընդունի, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, բայց երբ հարցնում ես, թե ինչու Հայաստանի հարցով համազեկուցողները այդ չեն արձանագրում՝ պատասխանը մեկն է, որովհետև այս պահին Նիկոլ Փաշինյանը մեզ պետք է որպես ամենաարդյունավետ գործիք Ռուսաստանի վերջին հետքը տարածաշրջանից մաքրելու համար։ Ուստի և իրենք ինչ էլ լինի, ինչ էլ անի Նիկոլը Հայաստանում ՝ բոլոր լրատվամիջոցները փակի, բոլոր ընդդիմախոսներին կալանավորի, հրապարակում գիլյոտիններ դնի և բոլորին գլխատի՝ Արևմուտքը բաց աչքերով այդ ամեն ինչին նայելու է և դա ձևակերպելու է որպես ժողովրդավարության վերջին ճիչ»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ընդամենը երկու ժամ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Այս մասին հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։ Այդ բանաձևով ԵԽԽՎ-ն ընդունում է, որ Ադրբեջանը Արցախում իրականացրել է էթնիկ զտումներ, որ արցախցիները ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ են լքել իրենց հայրենիքը։