Հակագիտական մտածողություն ունեցողները մտածում էին, թե 20-րդ դարը տարբերվում է մնացած դարերից, 21-րդը` առավել ևս

Հակագիտական մտածողություն ունեցողները մտածում էին, թե 20-րդ դարը տարբերվում է մնացած դարերից, 21-րդը` առավել ևս

Հարցազրույց քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ

- Ինչու՞ Ադրբեջանը որոշեց 2024-ին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, երբ դրա կարիքը ասես չկար։ 2020թ-ից առաջ էլ Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացվեցին: 

- Ընտրությունները որպես կանոն, ցանկացած երկրում, լինի՝ ավտորիտար, ժողովրդավարական, լիբերալ, թե բռնապետական, իշխանության հասնելու և այն լեգիտիմությամբ հաստատելու միջոց են։ Անգամ Ադրբեջանի դեպքում է այդպես: Այստեղից եզրակացություն` Իլհամ Ալիևը մտադրություն ունի էլ ավելի մեծացնել իր իշխանությունը։ Թվում  է թե  անսահմանափակ է իր իշխանությունը, սակայն՝ չկա իշխանություն, որն ունի անսահմանափակություն։ Ալիևը որոշել է գնալ արտահերթ ընտրությունների և էլ ավելի անսահմանափակ դարձնի իր իշխանությունը, և ամենակարևորը՝ թարմացնել լեգիտիմության պաշարները։ Որպես կանոն, նման վայրիվերումները պետք են լինում ինչ-որ մեծ նախաձեռնություններից առաջ. այսինքն, նոր բան անելու համար մեզ անհրաժեշտ է նոր ընտրություններ՝ վստահության մեծ պաշար, ուստի, այն մտավախությունները, որ այս ընտրություններից հետո հնարավոր է մեծ ձեռնարկումներ ունեն, ինչպես  կյանքն է ցույց տալիս՝ Ադրբեջանի նախաձեռնությունները հակահայկական են և ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ։  

- Ադրբեջանին հաջողվելո՞ւ է հայաթափված Արցախում բնակեցնել ադրբեջանցիներին։ Ունի՞ բավարար տնտեսական ռեսուրս, իր քաղաքացիները մասսայական ցանկությո՞ւն կհայտնեն բնակվել Արցախում։

- Ադրբեջանը լինելով խիստ կենտրոնացված և ուղղահայաց կառավարվող պետություն, բնականաբար, կարող է իրեն թույլ տալ նման շքեղություն, որ մարդկանց մասսայական տեղափոխություններ կատարի, առավել ևս, որ նրանք տարիներ շարունակ աշխատել են այդ ուղղությամբ՝ հիմնելով փախստականների խմբավորումներ, համայնքներ, որոնք եղել են պետության հոգածության ներքո և միշտ էլ իրենց ձեռքի տակ եղել է ժողովրդագրական մի զանգված, որ ցանկացած պահին անհրաժեշտության պահին բնակեցնեն։ Նման փորձ նրանք արեցին դեռ 2020-ին Արցախի օկուպացված տարածքներից Աղավնո գյուղում, երբ այստեղ բերեցին բնակիչներ...Շուշիի հատվածում բերեցին ոստիկանության  աշխատակիցների՝ իրենց ընտանիքներով, դեռ այն ժամանակ սա սիմվոլիկ քանակ էր։ Այսօր արդեն տեսնում ենք՝ Բերձորի գրավումից հետո, որը տեղի ունեցավ անցյալ օգոստոսին, այս ծրագիրը միս ու արյուն է ստանում, որը ցավալի և մտահոգիչ է, որովհետև՝ հողի վրա կենդանի գոյություն ունեցող մարդը գործոն է, և այն փաստը, որ այնտեղ ապրում են ադրբեջանցիներ, մի քանի անգամ բարդանում է այդ հողերի վերաազատագրումը։ 

- Անցյալ տարի, այսօր ևս ակտիվ քննարկվում է «խաղաղության» պայմանագիր կնքելու հարցը: Գուցե Ադրբեջանը այս պայմանագրի քննարկումներից շեղելու համա՞ր է նաև հայտարարել արտահերթ ընտրությունների մասին, որ ասի, թե այս պահին այլ առաջնահերթ հարցեր կան, օրինակ՝ ընտրությունները, չի կարող ստորագրել, թե՞ այնուամենայնիվ կստորագրվի «խաղաղության» պայմանագիրը:

- Նախ, դա «խաղաղության պայմանագիր չէ, այն լինելու է Հայաստանի թվով երրորդ կապիտուլացիոն փաստաթուղթը՝ առաջինը եղել է 2020թ. նոյեմբերի 9-ին, երկրորդը 2023թ. սեպտեմբերի 20-ին, որով հայաթափվեց Արցախը, սա լինելու է երրորդը, որը կարելի է կոչել ստրկության պայմանագիր։ Ձեր հարցադրման մեջ ճշմարիտ է այն, որ ադրբեջանական կողմը նորանոր խոչընդոտներ է հարուցում ինչ-որ բան ստորագրելու ճանապարհին, բայց կսխալվեք կարծելով, որ Ադրբեջանը ինչ-որ մեկի առջև արդարանում է։ Այն ինչ անում է Ադրբեջանը, գցում է Հայաստանի վրա, և ինչ-որ բան չստորագրելու մեղքը գցում է Հայաստանի վրա։ Սա իրենց ռազմավարություններից մեկն է, և երբ թվում է թե չկա կոնֆլիկտային վիճակ, զրոյական կետ է, իրենք օգտվում են դրանից՝ նոր կոնֆլիկտներ հրահրելու համար: Դրանցից մեկը նոր պահանջներն են՝ որոնցից է ադրբեջանցիների ետ վերադարձը Հայաստան, որը պարտադրելու են Հայաստանի ներկայիս օկուպացիոն իշխանություններին։ Այս գործընթացին հասնելու համար նրանք հղում են տալու միջազգային մարդասիրական նորմերին, փաթեթավորելու են և հայտարարելու են, որ կա արդյո՞ք այնպիսի երկիր, որը չի ճանաչում փախստականների ետ վերադարձի իրավունքը։ Ադրբեջանին պետք չէ որևէ պայմանագիր, նրան պետք են նոր կոնֆլիկտներ, որով կփորձի առաջ տանել իր շահերը, որտեղ ինքը հաղթած դուրս կգա։

- Այդ դեպքում ինչու՞ են ՀՀ իշխանությունները շտապում «խաղաղության» պայմանագիր կնքել։

- Մի քանի գործոններ կան, դա իրենց իշխանությունների լեգիտիմության պաշարները ավելացնելու համար է։ Ասելով, օրինակ, տեսեք` նախկինում կար կոնֆլիկտ, այսօր այդ կոնֆլիկտը չկա, խաղաղություն է, և այս ամենը գալիս է նաև նրանից, որ գործող իշխանություններն ատում են նախկին Հայաստանը, որտեղ կար հայկական Արցախ, և սա իրենց համար լինելու է խաղաքարտ։ Երկրորդ, իրենց մեջ կան մարդիկ, որ հավատում են, որ թուղթը երաշխիք է, և թղթով հնարավոր է հանգուցալուծման հասնել, և նման դրսևորում նկատվեց, երբ հայտարարեցին, թե Հայաստանը կադաստրի թուղթ չունի՝ մանկամիտ, ինֆանտիլ պատկերացում է, որ մեր պետական հարաբերություններում կա ինչ-որ մարմին, որը հստակ որոշում է թե որը ումն է, այդպես էլ միջպետական հարաբերություններում է։  Նման մտածողություն ունեն լիբերալ մտածողություն ունեցողները, որ կարծում են` միջազգային իրավունքով է կարգավորվում նման խնդիրները։ Այս մտածողության հիմքերը Հայաստանում հիմնվել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, որոնք փուչ գաղափարներ են, և ասածիս վառ օրինակը այսօր աշխարհի տարբեր կետերում ընթացող հակամարտություններն են, պատերազմները։ Հայաստանի ներկայիս իշխանությունները խնդիր ունեն պահպանել իրենց իշխանությունը և խաղաղության պայմանագիր ասվածը իրենց համար հարմար միջոց է մի քիչ էլ երկարացնելու իրենց իշխանությունը, կարծելով, որ դա Ադրբեջանին կզսպի, ինչն էլ ներքին լսարանին են փորձելու հրամցնել՝ իսկ նախկինների օրոք լա՞վ էր, որ անընդհատ հակամարտություն էր։

- Մոտակա ժամանակներս ինչպիսի՞ սպառնալիքներ կան Ադրբեջանից Հայաստանի նկատմամբ։

- Ադրբեջանից եկող սպառնալիքները եկել են այդ պետության ստեղծումից, և՛ չեն դադարել, և՛ չեն էլ դադարելու։ Նրանց նպատակն է՝ գրավել Հայաստանը, ոչնչացնել որպես պետություն։ Սա կարող է լինել 2 ամսից, 14 ամսից և կարևոր չի, թե Հայաստանի ո՞ր մարզերից կսկսեն՝ Արարատի, Սյունիքի, Տավուշի մարզից, թե՞ Երևանի կենտրոնից։ Այս սպառնալիքների իրականացումը էլ ավելի է հավանական դառնում, երբ Հայաստանի ներկայիս իշխանությունները խարխլել են պետական համակարգը, չունեն ազգային դիմագիծ, և չունեն այդ սպառնալիքները ետ մղելու ցանկություն ու կարողություններ։

- Ադրբեջանը իր խոսույթում սկսել է էլ ավելի ակտիվ  օգտագործել արևմտյան Ադրբեջան տերմինը։ Ի՞նչ է նշանակում սա։

- Արևմտյան Ադրբեջան ասելով իրենք նկատի ունեն ՀՀ ներկայիս տարածքները և Իրանի Հարավային մասը։ Այսօր, երբ Արցախը ժամանակավորապես օկուպացված է իրենք կարծում են, որ լուծել են արցախյան խնդիրը, սկսել են ավելի ակտիվ խոսել արևմտյան Ադրբեջան ասված ծրագրից։ Այս մասին խոսել են միշտ, բայց խոսակցությունները ակտիվացել են 20-ից հետո։ Այսօր ստեղծելով նման կարճաժամկետ նպատակներ՝ Թուրքիայի օգնությամբ, նպատակ ունեն տիրանալ Հայաստանի իշխանությունների ձևավորման գործընթացին, տնտեսական, ռազմական  ենթակառուցվածքներին, դրանք կլինեն էլեկտրագծեր, ջրային ռեսուրսներ, կարևոր նշանակության բարձունքներ, ճանապարհներ, և ամենակարևորը՝ փոխեն Հայաստանի ժողովրդագրական պատկերը, այստեղ բերելով ադրբեջանցիներին և դուրս մղելով հայերին։ Սա այն նպատակներից է, ինչի համար 1000 տարի է թուրքերը արշավում են այս տարածաշրջանում։ Ցավոք, 91 թվականին ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ՝ առաջին դեմքի մակարդակով ապազգային, նույնիսկ հակազգային մարդիկ էին, և ամենակարևորը՝ հակագիտական մտածողություն ունեցողներ էին, որոնք մտածում էին, թե  20-րդ դարը տարբերվում է մնացած դարերից, 21-րդ դարը առավել ևս, որ այժմ կա միջազգային իրավակարգ՝ ՄԱԿ, սահմանների անխախտելիություն և այլն, և այդ ամեն ինչը մեզ կպահի, և մենք ոչ մի խնդիր չենք ունենա։ Իսկ Ադրբեջանն ավելի իրատեսական ընկալումներ ունի` իրենց պետական այրերը՝ պատմության, փիլիսոփայության, հասարակ կյանքի մասին, և սա է պատճառը, որ Ադրբեջանն իր առջև դրված խնդիրներին հասնում է, պատճառը միայն նավթ, գազ ունենալը չէ։ Միայն նավթով չէ, մարդ պետք է ուղեղ ունենա։