ՀՀ-ն ո՞վ է՝ դու և Նիկո՞լը, թե՞ մենք էլ կանք դրա մեջ․․․

ՀՀ-ն ո՞վ է՝ դու և Նիկո՞լը, թե՞ մենք էլ կանք դրա մեջ․․․

Անգամ երբ բոստանդ  ցանկապատում ես, որ բերքդ ամեն անցնող- դարձող չգողանա, չփչացնի, որևէ մեկը չի ասի՝ այդ ի՞նչ ես անում։ Ինչու՞ ես բերքատու այգիդ ցանկապատում։ Եթե ասի՝ նշանակում է, որ դու ընդունում ես, որ  այդ հողը քոնը չի, անտերուդուրս բոստան է, կամ էլ հարևանդ ուզում է, որ առանց խոչընդոտի՝ մտնի այգիդ ու ավերի։ 

Մեր հայրենիքը անտերուդուրս մի բոստանի չափ չկա՞․․․Թշնամին մինչև ատամները զինվել ու հայաթափել է Արցախը, երկրիդ տարածքները վերցրել, քեզ իր բուռը առել ու քեզ էլ ասում է՝ էդ չափարով ինչու՞ ես եղածդ  պաշտպանում, կարո՞ղ է ուզում ես ռևանշ անել։ Չափարդ քանդի՜։ Չափար եմ ասում, որովհետև Ադրբեջանի համեմատ մենք չափարային անվտանգության մեջ ենք։ Էն որ պակաս տարիներին ցանկապատի տեղ գյուղացիները ճյուղերի կտորտանքով, խրձով  էին իրենց այգու անվտանգությունը ապահովում, մենք այդ վիճակին ենք հասել։ Երեխա ժամանակ, երբ գնում էինք հարևանի բոստանից  «խնձոր թռցնելու» , հարևանը մեզ վախեցնում էր՝ էլեկտրական չափար եմ դրել, որ պատով թռնեք, «տոկով եք ընկնելու»։

Հիմա մեր անվտանգությունը մնացել է այդ հարևանի բառամթերքի մեջ ու Ադրբեջանը հենց իշխանության  բառամթերքից ելնելով է մեզ ասում՝ զենքեր եք գնում, ուրեմն պատրաստվում եք ռևանշի, հարձակման։ Իշխանությունից մեկը չկա՞ որ ասի՝ մել հալ, ձեր հավես։ Պաշտպանության նախարարի արդարացումն էլ որ լսում ես, ուզում ես գլուխդ վերցնել ու փախչել․ «ՀՀ-ը որևէ երկրի նկատմամբ որևէ նկրտում չունի, տարածքային որևէ պահանջ չունի․ մեր ԶՈՒ-ի նպատակն ու առաքելությունը ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»։ ՀՀ- ն ո՞վ է՝ դու և Նիկո՞լը, թե՞ մենք էլ կանք դրա մեջ․․․ Որևէ երկրի դեմ նկրտումն անգամ ծիծաղելի է բարձրաձայնելը, դա էլեկտրական փշալարով վախեցնելու  պատմությունն է հիշեցնում, բայց մե՞զ, մե՞զ ինչու չեք պաշտպանում։ 120 հազար արցախցին, Արցախը  ձերը չէր, մենք էլ հո ձե՞րն եք, ինչու՞ չեք պաշտպանում։ Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը ձերը չէին, լալկվի լեզուս, բա մի վարելահողի չափ թողած Հայաստանը  ինչու՞ եք մաս- մաս հանձնում․․․

Ինչու՞ եք արդարանում թշնամի երկրի առաջ, թե բա պաշտպանվում ենք․․․ Սա էլ հո ձեր հինգերորդ դասարանի դասագիրք մտցրած  պաշտպանության պահպանակնե՞րը չեն, որ անվտանգային առումով սովորեցնում եք։   Աշխարհում կա՞ մի պետություն, որ իրոք հավատա, որ Հայաստանն ուզում է հարձակվել։ Աշխարհը զարմացած է, որ Հայաստանն իր  հողը պաշտպանելու նկրտում չունի, ու՜ր մնաց․․․ Հայաստան ասելով ձեզ նկատի ունեմ՝ ելնելով ձեր հայտարարություններից։ Մենք ի՜նչ Հայաստան։