Մամեդյարովի՞ն են փրկում, թե Մամեդյարո՞վն է փրկում

Մամեդյարովի՞ն են փրկում, թե Մամեդյարո՞վն է փրկում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը բացառիկ հարցազրույց է տվել minval-az-ին: Ավելի վաղ Միլլի մեջլիսի երկու «ընդդիմադիր» պատգամավոր սուր քննադատության էին ենթարկել Մամեդյարովին, նրան անվանել «անատամ» եւ մեղադրել, որ ԱԳ նախարարը «չի աջակցում, որպեսզի նախագահ Իլհամ Ալիեւի հարձակողական արտաքին քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի արդյունք տա»: Հայկական որոշ փորձագիտական շրջանակներ դրանից եզրահանգում էին արել, որ ԼՂ հարցում ձախողումների համար Մամեդյարովը «քավության նոխազ է եւ շուտով կփոխարինվի ուրիշ մեկով»: Մեկնաբաններից մեկը նույնիսկ տվել էր Ադրբեջանի «հաջորդ արտգործնախարարի» անունը՝ Իլգար Մամեդով: Վերջինս ReAl ընդդիմադիր շարժման առաջնորդն է, վերջերս նրա նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է: Մամեդովը համարվում է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հովանավորյալը եւ քաղաքական ռեաբիլիտացիայի է ենթարկվել նրա շնորհիվ: Այս համապատկերին Մամեդյարովի բացառիկ հարցազրույցը չի թողնում հեռացող մարդու, առավել եւս՝ քաղաքական մեղադրյալի վերջին խոսքի տպավորություն:

Եւ, բնականաբար, հարց է առաջանում՝ դրանով Իլհամ Ալիեւը հնարավորություն է տվել, որ արտգործնախարարն արդարանա՞, թե Մամեդյարովի միջոցով ի՞նքն է արդարանալու փորձ արել: Բանն այն է, որ չնայած քարոզչա-տեղեկատվական աղմուկին, որ Ադրբեջանում բարձրացել է ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտնի հայտարարության շուրջ, ադրբեջանցի ոչ մի քաղաքագետ եւ վերլուծաբան չի համարձակվել ԼՂ կարգավորման այդ հայեցակարգն Ադրբեջանի համար ընդունելի անվանել: Ավելի մշուշոտ եւ երկիմաստ է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հաջիեւի արձագանքը, որտեղ շեշտը դրված է «բանակցություններից Հայաստանի հրաժարվելու» հանգամանքի վրա, բայց այդպես էլ կոնկրետացված չէ, թե Ադրբեջանի համար արդյոք ընդունելի՞ է ԼՂ կարգավորման այն հայեցակարգը, որ միջնորդների անունից վերստին հնչեցրել է Ռուսաստանի արտգործնախարարը: Գործնականում ստացվում է, որ սեփական հանրությանը տարիներ ի վեր Ադրբեջանն է ապակողմնորոշում՝ պնդելով, թե բանակցություններում քննարկվում են «տարածքային ամբողջականության եւ փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի հարցերը»:

Լավրովի, ապա եւ ՌԴ ԱԳՆ հայտարարություններն այս իմաստով ադրբեջանական հանրության համար շոկային են, որովհետեւ ակնհայտ են դարձնում, որ անգամ փուլային կարգավորման դեպքում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դիտարկվում է Ադրբեջանի ենթակայությունից դուրս: Ահա այս ընկալումը ցրելու համար է, որ կազմակերպվել է Մամեդյարովի բացառիկ հարցազրույցը: Բայց վստահաբար կարելի է ասել, որ Ադրբեջանի արտգործնախարարին չի հաջողվել լուծել իր առջեւ դրված խնդիրը: Նրա խոսքում նշմարվում են դիվանագիտական որոնումների արձագանքներ, ինչի մասին խոսել ենք երեկվա մեր՝ «Ալիեւն այլընտրանք չի թողնում» հոդվածում: Փոքր ինչ զարգացնելով այդ դիտարկումները, կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանում փորձում են նոր մոտեցում որդեգրել՝ բացառել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումները՝ նպատակ ունենալով Հայաստանին մղել Արցախի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու կամ Հայաստան-Արցախ միացյալ պետություն հռչակելու քայլին: Դա դիվանագիտական ծուղա՞կ է, թե՞ իրականության հետ առերեսվելու քայլ՝ առայժմ դժվար է գնահատել: Բայց կարծես թե իրականություն է, որ Մամեդյարովը կմնա իր պաշտոնին, եւ նրա հարցազրույցն ադրբեջանական հանրության առջեւ Իլհամ Ալիեւի հեղինակությունը փրկելու փորձ է: