Ո՞րն է բուհերը խոշորացնելու, գիտահետազոտական ինստիտուտները միավորելու նպատակը

Ո՞րն է բուհերը խոշորացնելու, գիտահետազոտական ինստիտուտները միավորելու նպատակը

 Գործադիրն օրերս հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ում խոսքով՝ նախագիծը մի քանի անգամ քննարկվել է նաեւ վարչապետի մոտ եւ լրամշակվել քննարկումների արդյունքում։ Մասնավորապես՝ հստակեցվել է մինչեւ 2030թ. արդյունքային շրջանակը, որը ներկայացված է կրթության բոլոր մակարդակները ներառող արդյունքներով։

Արմատական բարեփոխումները կրթության ոլորտում մեկնարկելու են բուհերի միավորմամբ եւ ավարտվելու են ակադեմիական քաղաքի ստեղծմամբ, որը դեռ մեկ տարի առաջ շրջանառել էր Նիկոլ Փաշինյանը. «Արմատական բարեփոխումների մեջ պետք է առանձնացնել նաեւ, ըստ ուղղությունների, պետական բուհերի խոշորացումը, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորումը, հետազոտությունների որակի եւ մրցունակության բարձրացման, ինչպես նաեւ արդյունավետ սերընդափոխության նպատակով բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայումը: Կստեղծվեն 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը»,-ասել է փոխնախարարն ու հավելել, որ իրենց նպատակն է, որպեսզի մինչեւ 2030թ-ը 4 հայաստանյան բուհ ընդգրկված լինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ:

Բուհերը խոշորացնելուց բացի, կառավարությունը նախատեսում է նաեւ ակադեմիական քաղաքի ստեղծում, որը, ըստ փոխնախարարի «կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական եւ արտադրական կազմակերպությունների միջեւ ցանցային համագործակցության ընդյալնում»: Ըստ այդմ, ակնկալում են, որ այս համալիր գործողությունների արդյունքում 2030թ-ին օտարերկրյա ներկայիս` 7 հազար ուսանողների թիվը կկրկնապատկվի:

ԿԱԻ-ի նախկին տնօրեն, կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանին հավատ չի ներշնչում իշխանությունների ձեռնարկած արմատական բարեփոխումները. «Չարժե այս ռազմավարությանը շատ լուրջ մոտենալ, որովհետեւ դա նման է իրենց` «Հայաստանի՝ մինչեւ 2050 թվականի վերափոխման ռազմավարությանը», որ հայտարարության կարգով ասվում է ու դեն շպրտվում, իսկ մինչեւ 2030թ-ը կամ էշը կսատկի կամ էշատերը, ավելին` ասում են` մի բան ասելու եւ մարդկանց զբաղեցնելու համար: Գուցե մտավախություն ունեն, որ համալսարանները կարող են ըմբոստանալ, աշխատավարձերի հետ կապված դժգոհություններ արտահայտեն ու այս ծրագիրը շրջանառելով մարդկանց նյութ են տալիս մտածելու, թող գիտահետազոտական ինստիտուտները վախենան, որ կարող են փակվել, համալսարանները վախենան, որ կարող են լուծարվեն....: Ասում են` արտասահմանյան ուսանողների թիվը կմեծանա, եղբայր, դու, որ Դիլիջանի դպրոցի վրա այդքան ծախս ես անում, դրա մի չնչին մասը դնես քո պետական համալսարանի վրա էլի ուսանողների այդ հոսքը կլինի: Եվ խնդիրը ուսանողների հոսքը չէ, կարող է մի աղքատ երկրից մի քանի ուսանողներ գան, դա արդեն նշանակում է, որ ունե?ս որակյալ բուհ: Ես չեմ տեսնում այն իրական բազան, որի արդյունքում կարող են դա անել: Հիմա ինչ ասես գրում են, մի ձեռքով գրում են, մյուս ձեռքով` ստորագրում, իսկ հանրությունը անտեղյակ է այդ ամբողջին, այդ ձեւական քննարկումներն էլ ոչինչ չեն տալիս»:

Վ. Մարտիրոսյանին նախեւառաջ հետաքրքիր է, թե այսօր քանի  բուհ է իվիճակի իր վրա վերցնել ակադեմիական ինստիտուտների բեռը. «Նախ այս խնդիրը պետք է լուծել, բայց իրենք ուզում են գնալ հեշտ ճանապարհով, օրինակ Մանկավարժականի մասով խոսակցություններ կան, որ ուզում են բակալավրիատը վերացնել եւ Մանկավարժական համալսարան կոչվածը պետք է ունենա միայն մագիստրոսական ծրագիր, սա ոչ պրոֆեսիոնալիզմի դրսեւորում է, որն այսօր ունենք բոլոր օղակներում: Ինչ են անում, փաստորեն կտրում են բուն կրթական արմատը, որ դրա վրա հավաքեն ինչ որ մասնագիտական ծրագիր: Սա ուղղակի անլուրջ մոտեցում է: Հետո այդ ակադեմիական քաղաքը ինչ որ բուհերի կոնգլոմերացիա չէ, որ տարբեր բուհեր հավաքվում են մի տարածքում ու դառնում է ակադեմիական քաղաք: Իրենք այսօր ունեն մի շատ կարեւոր խնդիր, որն այսօր չեն կարողանում լուծել, դա բուհերի եւ գիտահետազոտական ինստիտուտների խնդիրն է, նախ թող սա լուծեն, որպեսզի գիտական պոտենցիալը ներառվի բուհական կրթության մեջ, որպեսզի գիտության նվաճումները անմիջապես մտնեն բուհական համակարգ, որպեսզի գիտությունը կարողանա մի քանի քայլ առաջ անցնել, քան այսօրվա իրականությունն է»:

Ազգային ժողովի կողմից ծրագրի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը հաստատելու է նաեւ ծրագրի իրականացման գործողությունների պլանը։ «Դրանից վատ ծրագրեր էլ կարող են տանել հաստատել, որոհետեւ այսօր Կառավարություն- Ազգային ժողով տարանջատում գոյություն չունի եւ ԱԺ-ն կառավարության բոլոր նախագծերի վրա շտամպ դնող մի գործիք է դարձել` կցորդ: Լինելով խորհրդարանական երկիր, այսօր խորդարանն է դարձել կառավարության սպասարկուն: Այնպես որ կարող են հաստատել այդ ծրագիրը, բայց ինչքան կձգեն եւ ինչ արդյունք ցույց կտա` դա հարցի մյուս կողմն է: Իսկ եթե դա անում են, որպեսզի ճանապարհ բացվի եւ ամբողջ բուհական համակարգի, գիտահետազոտական ինստիտուտների շենքերը սկսեն օտարել, դա արդեն այլ թեմա է եւ կրթության հետ կապ չունի: Եվ եթե անգամ վերցնենք, որ ակադեմիական թեւը վերաբաշխվում է բուհական համակարգի վրա, այդ շենքերը դժվար թե բավարարեն այն իրական կարիքներին, որ ունեն բուհերը, որովհետեւ դա նախեւառաջ նշանակում է` պահել այդ գիտահետազոտական ինստիտուտները, եւ որովհետեւ դրա նպատակն այն է, որ գիտությունը կարողանա կրթությանը մատկարարել նոր գաղափարներ եւ գիտությունը մտնի նախ` բուհ, հետո` արտադրություն: Բացի այդ, սա նշանակում է, որ եւ ինստիտուտները եւ բուհերը պետք է վերազինվեն իրենց լաբորատորիաներով, տեխնիկական հնարավորություններով: Այդ առումով շենքերը դարձյալ ավելորդ չեն եւ եթե մտածում են, որ օրինակ կարող են ֆիզիկայի ինստիտուտը տանել պետական համալսարանի մի երկու կորպուսում տեղավորել եւ ասել, որ ֆիզիկայի ինստիտուտը շարունակում է գործել, դա ընդամենը նշանակում է վերացնել: Դրա համար պետք է հայեցակարգ ներկայացնեն, թե ինչպես են պատրաստվում համատեղումն անել եւ ընդհանրապես մինչեւ ակադեմիական քաղաք ստեղծելը թող գոնե մի հատ կոնցեպտ տան, մնացածը շինարարություն է, ասֆալտ փռելու պես բան»:

Կառավարությունը հայտարարում է, որ իր ծրագրի վերջնական նպատակն է՝ ձեւավորել միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ու դա այն դեպքում, որ այս տարի 3076 հոգի «կտրվել» է միասնական քննություններից, 15.000 տեղ էլ բուհերում թափուր է մնացել, այս հարաբերակցության պայմաններում ո՞նց է հնարավոր ձեւավորել միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ. «Սա միայն նշանակում է, որ նույն մարմնի աջ ու ձախ ձեռքերը` հանրակրթությունն ու մասնագիտական կրթությունը իրարից տեղյակ չեն»,-հավելում է փորձագետը: