Վախերի հպատակը

Վախերի հպատակը

«Չկա ուրիշ աստվածություն Նիկոլ Փաշինյանից բացի և Արսեն Թորոսյանն է առաքյալը նրա»: Աժ-ում վարչապետ Փաշինյանի ելույթը լսելուց հետո հենց այս ձևակերպումն էր, որ առաջինը մտքիս եկավ: Ցավոք սրտի, այլ կերպ չեմ կարող մեկնաբանել այն մարդու վարքագիծը, որն ինքն իրեն նույնականացրել է անդեմ և անմեկնելի ժողովուրդ գաղափարի հետ, որն ինքնահռչակվել է որպես բարձրագույն ճշմարտություն և որոշել է, որ իր կամքը երկնային իմպերատիվ է` անքննելի և բացարձակ: 

Այդ մարդը փաստացի զբաղեցրել է ողջ տարածությունը` յուրացնելով իշխանության բոլոր ճյուղերը: Նա և՛ իշխանությունն է և՛ ընդդիմությունը, և՛ վարչապետն է և՛ պառլամենտը, գլխավոր դատախազն ու գերագույն դատարանը: Նա Հայաստանի թիվ մեկ քննիչն է և միաժամանակ ԱԱԾ տնօրենը: Հայաստանի գլխավոր բժիշկն է և խմբագիրը, հոգեբանն ու հոգևոր առաջնորդը: Մի խոսքով Փաշինյանը մեր ամեն ինչն է` Հայաստանի գերագույն հոգևոր առաջնորդը, այլ խոսքով` մեր սիրելի այաթոլան, որը մարմնավորում է Հայաստանի պետությունն ու ընդհանրապես հայաստանցուն: 

Արդեն բազմիցս նշել ենք, որ սա կրոն է` Թավշյա հեղափոխություն անունով: Ով չի հավատում այդ կրոնին, ապա նրա գոյության իրավունքը լրջագույն կասկածի տակ է: Թերևս հենց այաթոլա Փաշինյանն էլ նույն միտքը արտաբերեց խորհրդարանում, իբրև թե` ով չի պաշտպանում հեղափոխությունը, չպետք է լինի պառլամենտում և ընդհանրապես քաղաքական համակարգում: 

Այս իմաստով Նիկոլ Փաշինյանն աղանդավոր է հենց իր իսկ ստեղծած կրոնի ներսում, քանի որ շեղվել է հեղափոխության իրական արժեքներից և համաժողովրդական շարժման ներուժն օգտագործում է վախից ծնված իր կենդանական բնազդները կյանքի կոչելու համար: Նա խելագար չէ, ինչպես պնդում են շատերը, քանի որ խելագարները որպես կանոն վախի և ցավի զգացողություն չեն ունենում: Նա բանական և մեղսունակ է ավելի քանի որևէ մեկը և սրանից ելնելով Հայաստանում կատարվող ամեն ինչ ոչ միայն գիտակցված է, այլ նաև կոնկրետ իրավիճակներով թելադրված: 

Փաշինյանական իշխանության գոյության և գործունեության մոտիվացիան և առաջնային շարժիչ ուժը վախն է: Յուրաքանչյուր քայլ և որոշում ճյուղավորվում է հենց այդ հանգամանքից: Նա վախկոտ մարդ է, որը վրեժ է լուծում իր իսկ անցյալից և այն ամենից, ինչը պատահել է իր հետ նախկինում: Նա ատում է այդ անցյալը, քանի որ այդտեղ նա ընդամենը միջակ ճառասաց է, որը երազում է լինել Լևոն Տեր-Պետրոսյանի պես խելացի, Վազգեն Սարգսյանի պես ամենակարող և վերջապես` ասպետ Վանոյի նմանությամբ: 

Եվ ինքն իր բարդույթների գերին դարձած թշվառ այդ մարդը, վախենում է բոլորից, հակառակորդներից, դաշնակիցներից, զինակիցներից և առաջին հերթին հենց ինքն իրենից: Նա չի հաշտվում այն մտքի հետ, որ մորուք պահելը չափազանց քիչ է Վազգեն Սարգսյան դառնալու համար: Այստեղից այնտեղից սոսնձված պատմական փաստեր արտաբերելով` ամենևին էլ չես մոտենում Տեր-Պետրոսյանի հմայքին: «Ասվալտին պառկցնելու» մասին հիստերիկ սպառնալիքները հեռու են ասպետություն կոչվելու գայթակղությունից, իսկ Մոնթեին կրկնօրինակելով ձեռք վիրակապելը ամենևին էլ վկայությունը չէ ազնվության և ժուժկալության, հատկապես, երբ ստախոսությունն ու ճոխությունը արդեն իսկ բնական անհրաժեշտություն են դարձել: 

Առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին շնորհել միաժամանակ մարշալի, գեներալիսիմուսի, կաթողիկոսի, պրոֆեսորի, ակադեմիկոսի, ազգային հերոսի և բազմաթիվ այլ կոչումներ ու կարգավիճակներ: Միայն թե նա հանգստանա ու նաև հանգիստ թողնի բոլորիս, հատկապես` չարչրկված և թշվառ քաղաքացիներին, որոնց  այաթոլան հպարտ է կոչում: Բայց ենթադրում եմ, որ նա չի հանգստանալու, վախերը հպատակեցրել են նրան: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին կործանելու են ոչ թե նրա հակառակորդները, այլ հենց այդ վախերը, որոնք պայթեցնում են նրան ներսից: