Պրահայում Ալիևը կորզեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շատ կարևոր թեզը` առանց որևէ բան խոստանալու

Պրահայում Ալիևը կորզեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շատ կարևոր թեզը` առանց որևէ բան խոստանալու

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

- Վարչապետ Փաշինյանն այժմ Մոսկվայում է: Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը: Ակտիվ քննարկումներ կան նաև վաշինգտոնյան բանակցությունների հետ կապված: Ի վերջո` ո՞րն է Նիկոլ Փաշինյանի այսչափ ակտիվության պատճառը: Ի՞նչ սպասել առաջիկայում:

- Նման հանդիպումներն ինչ խոսք ունեն իմաստ, եթե պետությունն ունի օրակարգ: Ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանն ակտիվ շփումներ է ունենում աշխարհաքաղաքական կենտրոնների հետ: Ողջ խնդիրն այն է, որ այդ շփումները չեն կարող արդյունավվետ լինել մեկ պարզ պատճառով` Փաշինյանի իշխանությունը չունի օրակարգ: Անգամ փոքր ձեռքբերումներ չենք կարող արձանագրել, որովհետև օրվա իշխանության ակտիվությունն ավելի շատ նման է ակտիվիզմի: Քաոտիկ ակտիվություն է ցուցաբերվում և մենք չենք տեսնում այն առաջնահերթ խնդիրները, որոնց մասին պետք է բարձրաձայներ, սակայն չի բարձրաձայնվում:

- Իսկ գուցե Հայաստանն ունի օրակարգ` Ադրբեջանի սրտով որոշումներ կայացնելու օրակա՞րգն է գուցե Փաշինյանի օրակարգը:

- Չեմ ուզում դավադրությունների տեսություններին հետևել, սակայն եթե Հայաստանը չունի օրակարգ, ապա ուրեմն ստացվում է, որ ակամայից սպասարկում է այլոց օրակարգեր, տվյալ պարագայում, եթե մեր կոնֆլիկտն Ադրբեջանի հետ է, ուրեմն սպասարկվում է Ալիևի շահը: Օրինակ, Պրահայի քառակողմ հանդիպումից Իլհամ Ալիևը կորզեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շատ կարևոր թեզ, առանց որևէ բան խոստանալու Ղարաբաղի ժողովրդի անվտանգության մասին: Մոսկվայից էլ նույն Ալիևը փորձում է կորզել կոմունիկացիաների քարտեզ: Ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները չունեն օրակարգ, իսկ ահա նույն իշխանությունների կողմից նկատելի ակտիվիզմը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը չորս կողմից վերցնում է այն, ինչ իրեն պետք է, իսկ ահա Հայաստանը միայն կորցնում է: Ողջ խնդիրը գիտե՞ք ինչն է, խնդիրն այս իշխանությունների դիլետանտիզմն է:

- Ակնառու է, որ Արևմուտքը շտապողականություն է ցուցաբերում` Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում: Ինչո՞ւ է հավաքական Արևմուտքը շտապում:

- Աշխարհաքաղաքական մրցակցություն գոյություն ունի: Ռուսաստանն ու Արևմուտքը մրցակիցներ են: Ռուս-ուկրաինական հակամարտությունն էլ բավականին սրվել է: Արևմուտքը նպատակ ունի տարածաշրջանում չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը, Ռուսաստանն էլ իր հերթին է փորձում դիրքերն ամրապնդել Հարավային կովկասում: Ամեն ինչ հենց այս համատեքստում պետք է դիտարկել:

- Այս ամենի ֆոնին` ի՞նչ սպասել: Ի՞նչ ճակատագրի կարժանանան հայկական երկու պետությունները:

- Ես չեմ սպասում, որ կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվել: Հենց այն պատճառով, որ աշխարհաքաղաքական կենտրոնների մեջ հակադրություն կա, ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու: Համաձայնություններ չեն կարող լինել, հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի դեռ Ռուսաստանն իր համաձայնությունը չի տվել: Ռուսաստանին շրջանցել հնարավոր չէ: Ես կարծում եմ` ոչ մի փաստաթղթային պայմանագիր չի կնքվելու: Ցավոք, լավատես չեմ Արցախի շուրջ կատարվող իրադարձությունների մասով: Մենք տեսնում ենք, որ անցակետը չի բացվում, քանզի Ադրբեջանի դեմ որևէ հակազդեցություն չկա: