Արցախի հանձնումից հետո շատ ավելի վատ ենք ապրելու

Արցախի հանձնումից հետո շատ ավելի վատ ենք ապրելու

Կենսաթոշակների դրույքաչափերի առաջիկա խորհրդանշական բարձրացմամբ ոգեւորված քաղաքացիներին պետք է նաեւ ավետել, որ հունվարից ջուրն էլ է թանկանալու։ Առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես՝ նվազագույն կենսապահովման զամբյուղի շեշտակի թանկացման մասին էլ ավելորդ է խոսել, քանի որ այն իրենց մաշկի վրա են զգում գործնականում բոլորը։ Հացամթերքից մինչեւ ձեթ, միրգ-բանջարեղենից մինչեւ ծխախոտ՝ գնաճն անհամադրելի է եկամուտների աճի հետ։

Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախը հանձնելու, փոխարենն ավելի լավ ապրելու թեզը կեղծ էր եւ մտացածին՝ հայ հասարակության մեջ արհեստականորեն ներդրված 1994-ից՝ պատերազմում մեր հաղթանակից անմիջապես հետո։ Ուշագրավ է, որ այդ գաղափարական գիծը զարգացրեց հենց այն իշխանությունը, որն ասպարեզ եկավ արցախյան շարժման միջոցով, ասել է թե՝ Արցախի հայկականության թեզով։ 1998-ի իշխանափոխությունից հետո էլ տերպետրոսյանական այդ գաղափարները քսան տարի շարունակ առատորեն ոռոգվեցին մամուլի, նույն «Հայկական ժամանակի» միջոցով, իսկ 2018-ից դարձան պաշտոնական քարոզչության մի մաս։

Չէ՞ որ եթե 1997-ի աղմկահարույց ասուլիսում Տեր-Պետրոսյանն Արցախի մասին իր հայտնի «Լավ չես ապրելու, Սերգո ջան» բանաձեւումը չտար, մի քանի տարի անց՝ 2001-ին, նրա այդ գաղափարներից խորապես ազդված Նիկոլ Փաշինյանը ՀԺ-ի խմբագրականում իր ստորագրությամբ չէր գրի. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշին»։
Իհարկե, խորհրդարանական ամեն հաջորդ հարցուպատասխան ապացուցում է, որ Փաշինյանն անգամ այդ «մերից» է բարեհաջող հրաժարվում, օրինակ՝ խուսափում է խոսել Ադրբեջանից դուրս Արցախի կարգավիճակի մասին՝ պնդելով, թե այդպես կվտանգի խաղաղությունը, կարծես թե խաղաղություն կա։

Եթե մեր հարյուր հազարավոր հայրենակիցների համար Արցախի օտարումը, պարզվում է, հայրենազրկում չէ, կորստի զգացողություն էլ չունեն, գուցե արժե խոսել Արցախի զավթման սոցիալ-տնտեսակա՞ն հետեւանքներից։ Օրինակ հիշեցնել, որ Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների հանձնումով էապես տուժել է մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկը՝ հանքարդյունաբերությունը։ Արցախի հարավի մի քանի հանքավայրերը եւ Հայաստանի ոսկու խոշորագույն՝ Սոթքի հանքի մեծագույն մասը թշնամու վերահսկողության ներքո են, հետեւանքը՝ գործազրկության նոր ալիք, չհավաքված հարկեր, արդյունքում՝ ծախսերի կրճատում։
Արցախի 36 ՀԷԿ-երի բացարձակ մեծամասնությունը մնացել է թշնամուն, արդյունքում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի վրա բեռն էապես մեծացել է, որոշ բաժանորդների համար հոսանքը երեք դրամով թանկացել է, ջուրն էլ հունվարից է թանկանալու։ Քարվաճառի անարյուն հանձնումով Հայաստանի ջրային, հետեւաբար՝ գյուղատնտեսական անվտանգությունը շատ լուրջ կասկածի տակ է դրվել։ Թարթառի հունի վրա թշնամու մեծածավալ աշխատանքների հետեւանքով կարող է ցամաքել Արցախի ոռոգման ջրի կենարար աղբյուրը՝ Սարսանգի ջրամբարը։ Հայաստանը զրկվել է նաեւ երբեմնի հացահատիկի շտեմարանից, տասնյակ հազարավոր տոննա ցորենի ցանքատարածություններն արդեն թշնամին է մշակում եւ հավաքում։

Ի վերջո, Սյունիքի եւ Գեղարքունիքի տասնյակ սահմանապահ համայնքների հազարավոր բնակիչներ պարզապես չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ՝ հող մշակել, անասուն արածեցնել, բերքը հավաքել, քանի որ մեր գյուղերում հաստատված թշնամին արգելում է դա նրանց անել, անգամ առեւանգում է կենդանիներին։

Էապես նվազել է նաեւ ներգնա եւ ներքին տուրիզմի ցուցանիշը դեպի Արցախ եւ Սյունիք։ Ներքին զբոսաշրջիկներին ծառայող մի շարք տուրօպերատորներ բիզնեսը փրկելու համար ստիպված են այնքան իջեցնել ծառայությունների գինը, որ այն արդեն գրեթե ինքնարժեքին է հավասարվել։
Ինչպես երեւում է, չկա տնտեսության գեթ մեկ ոլորտ, որն առաջանցիկ ցուցանիշներ կարձանագրեր Արցախի հանձնումից հետո, ինչպես քարոզվում էր։ Փաստորեն՝ ոչ, Սերգո ջան, Արցախի կորստից հետո ավելի վատ ես ապրելու։

Դավիթ Սարգսյան