Պատերազմը, նկարը, գիրքը, երգը․․․

Պատերազմը, նկարը, գիրքը, երգը․․․

Հոբելյաններ

Անկախ առիթից, երբ հնչում է Պետրոսյան ազգանունը, ես առաջինը Տիգրան Պետրոսյանի շախմատն եմ հիշում եւ Շուշան Պետրոսյանի հոգեցունց երգը։ Ոչինչ, որ մեր դառն իրականությունում Շուշանի ձայնը գրեթե դուրս է թողնվել հեռուստաեթերից։ Գոնե ես պահպանել եմ նրան լսելու եւ  հարգելու իրավունքը։ Անշուշտ, 2018 թվականի քայլածների մեջ երգիչներ էլ կան, երգիչների համակիրներ էլ, բայց հարցնես վերջիններին, ունե՞ն իրենց հստակ պատասխանը «Ո՞վ է Շուշան Պետրոսյանից, Նունե Եսայանից ավելի բարձր մակարդակով կատարում հայ ազգային երգը եւ ամրապնդում հայի ոգին» հարցին։ 

Գուցե ոչ թե երգելուց զրկել, այլ կախել է պետք բոլոր հանրապետականներին։ Բայց չպետք է մոռանալ, որ աշխարհը կլոր է, պատմությունն էլ կրկնվել գիտի, եւ մի օր էլ գալու է քայլածների պատասխան տալու կամ առնվազն երգելուց զրկվելու հերթը։ Անկախ նրանից, թե ովքեր եւ ինչ ուժեր կլինեն մեր երկրի կառավարման ղեկին, ես մեր չարչրկվող, հաճախ էլ անտեսվող Սահմանադրությամբ նախատեսված իմ իրավունքով, առանց ավելորդ ցուցամոլության պայքարելու եմ, որ ազգը վերագտնի իր հոգին, ու երգեն բեմը լցնող եւ մարդկանց հոգիները ցնծող երգիչները, անկախ իրենց կուսակցական պարտականություններից։ 

․․․Վերջերս Երեւանում հյուրընկալվել էի մորաքրոջս հարեւանի ընտանիքում, որտեղ հետաքրքիր պատմություններ լսեցի Շուշան Պետրոսյանի պապի՝ բանակի կապիտան, պարտիզանական ջոկատի հրամանատար Բարդուղ Պետրոսյանի մասին, եւ Շուշանի երգն ինձ համար դարձավ ավելի հարազատ։ Հետո Հայաստանի համառոտ հանրագիտարանում կարդացի 1901 թվականին Էզրումում ծնված Բարդուղ Ղազարի Պետրոսյանի մասին։ Նույն աղբյուրից տեղեկանալով, որ նա հայրն է գրող, հրապարակախոս, ԱԺ նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի եւ նկարիչ, մանկավարժ Սամվել Պետրոսյանի, նպատակադրվեցի ընթերցողի համար վերաբացել նրա կյանքի ոդիսականը, առավել եւս, որ ընթացիկ տարին նրա համար հոբելյանական է  (ծննդյան 120-ամյակը)։

Բարդուղ Պետրոսյանը 1941 թվականի սեպտեմբերից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայի կազմում, կռվել է Ուկրաինայում (Պոլտավա, Խարկով)։ 1942 թվականին ծանր վիրավորվել եւ գերի է ընկել, տեղափոխվել Լեհաստան, այստեղից էլ՝ Ֆրանսիա։ Ֆրանսիայում փախչելով ռասիստական ճամբարից, կազմակերպել է պարտիզանական ջոկատ (հիմնականում՝ հայերից) եւ 1943-45թթ․ պայքարել ֆաշիզմի դեմ։ Պարգեւատրվել է Խորհրդային Միության եւ Ֆրանսիայի շքանշաններով։ Բարդուղ Պետրոսյանն իր մահկանացուն կնքել 1968 թվականին։

Հետո պիտի պարզվեր, որ 1921 թվականը հոբելյանական է նաեւ Սամվել Պետրոսյանի համար՝ ծննդյան 80-ամյակը (ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 10-ին)։ Սամվել Պետրոսյանը 1970 թվականից՝ շուրջ 40 տարի, աշխատել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանում (Փ․ Թերլեմեզյանի անվան), որից 16 տարուց ավելին՝ որպես տնօրեն։ 1965-ից սկսած՝ մասնակցել է հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում (1965թ․), Բեյրութում (1992թ․), Նյու Յորքում  (1994թ․)։ Գործընկերների գնահատմամբ՝ նրա բնանկարներին, դիմանկարներին, նատյուրմորտներին, կրոնական եւ պատմական թեմաներով աշխատանքներին բնորոշ է վավերականությունը։ 2012-ին վաղահաս մահն անգամ չընդհատեց հանրային սերն ու համակրանքը նրա արվեստի հանդեպ։

...Նկարը, գիրքը, երգը՝ մի պատկերում, պատերազմը՝ մյուս էջում, ու բացվում է հուշերի, ափսոսանքի, գնահատականների հավերժական շղթա, որ ձգվում է դեպի հոբելյարական բարձունք՝ փորձելով մաքրել մոռացումի փոշին։ Փոշի չկա ու չի էլ եղել․․․
Հակիրճ ու տեղին է ասված․ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ