Բոլորին հիշիք, Նիկոլին չհիշի՞ք

Բոլորին հիշիք, Նիկոլին չհիշի՞ք

Մինչեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չասի, որ Արցախն ու Արցախի ժողովուրդն այս ծանր վիճակում են հայտնվել գլխավորապես Նիկոլ Փաշինյանի վարած հակահայ քաղաքականության պատճառով, ես նստացույցին միացողը չեմ ո՛չ Վերածննդի, ո՛չ էլ Հանրապետության հրապարակում: Ուղերձը, որով հանդես եկավ Արայիկ Հարությունյանն ու գնաց նստելու, բավականին հուզիչ էր, բայց ոչ ամբողջական: Այդ ուղերձում գոնե կես ակնարկ չկար Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած Հայաստանի Հանրապետության մասին: Դժվար չէր հայտարարել, որ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներդրած գերմարդկային ջանքերին, միջազգային հանրությունը ոչ մի ընդառաջ քայլ չի անում դեպի իր բնօրրանում աղետի ենթարկվող հայերը: Ես դա կհասկանայի, կմտածեի, որ Արցախն իրեն մենակ չի զգում, որ գնահատում է ՀՀ վարչապետի տիտանական աշխատանքը՝ Վաշինգտոնից՝ Բրյուսել, Բրյուսելից՝ Մոսկվա:

Շառլ Միշելի գրասենյակից օրերով դուրս չի գալիս խեղճը, որ մի բան անի, մի հնար գտնի Արցախը հայկական պահելու համար: Բայց դու ասա՝ Արայիկն իր ուղերձում Նիկոլի անունը տվե՞ց, որ մի հատ էլ երախտիքի խոսք ասեր: Սակայն այդ ուղերձում նաեւ քննադատություն չկար Նիկոլի հասցեին: Նիկոլից բացի՝ բողոքեց բոլորից. է՛լ ՄԱԿ, է՛լ ԵՄ, է՛լ ԵԱՀԿ, է՛լ ՄԻԵԴ, է՛լ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, է՛լ Ադրբեջան, է՛լ Վաշինգտոն, է՛լ Փարիզ, է՛լ Մոսկվա: Իսկ Նիկոլի անունը չկար: Ասես այդպիսի մարդ գոյություն չի ունեցել, ասես այդ նույն Նիկոլը չէ իրեն նախագահ կարգել Արցախում, հավատացրել, որ նոր Հայաստանի կողքին պետք է նոր Արցախ լինի: Նիկոլը չէ՞ր, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ձայնը գլուխն էր գցել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Արայիկ Հարությունյան, բա մի քիչ էլ քննադատեիր, ասեիր՝ այ տնավեր, էս ի՞նչ արեցիր, ինչո՞ւ մեզ տվիր թուրքի բերան: Ուրեմն Մարիա Զախարովան կարող է ասել, որ սա Նիկոլի եփած կաշան է, որ Նիկոլն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դու վախենո՞ւմ ես:  Իսկ գուցե չե՞ս լսել Նիկոլի ճամարտակություններն այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն այլընտրանք չունի: Բա ես ինչպե՞ս գամ ու քո կողքին նստեմ, պարոն Արայիկ Հարությունյան:

Լավ, համարենք, որ խղճում ես Նիկոլին, որ առանց այն էլ մեռած է ու թաղած չէ, բայց ինչո՞ւ մի կեսբերան չես ասում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Իբր այդ ի՞նչ բարձրաստիճան թիթիզություն է՝ Ադրբեջանի դեմ նստացույց անել, բայց չասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Հիմա՞ ումից եք վախենում, երբ հայտնվել եք պահածոյի փակ տուփի մեջ: Ահավասիկ հայտարարում ես, որ մեկ ամիս հետո դիմելու եք ավելի կոշտ քայլերի՝ ինչպես Արցախում, այնպես էլ Արցախի սահմաններից դուրս: Կուզենայի իմանալ՝ ո՞ւմ դեմ: Քո խաչեղբայր Նիկոլն էլ է սիրում նման ըմբոստ բաներ հայտարարել՝ հանգիստ նստեք տեղներդ, մեր բարությունը թուլության տեղ չընդունեք, ուզենամ՝ այնպիսի բան կանեմ, որ Ադրբեջանում հեղաշրջում տեղի ունենա: Ինձ թվում է, պարոն Հարությունյան, կոշտ քայլերի մասին քո հայտարարությունն ընդամենը հաթաթա է, ճիշտ Նիկոլի հաթաթաների նման: Առանց Հայաստանի աջակցության շատ դժվար կլինի կոշտ քայլերի դիմել Արցախի սահմաններից դուրս, մինչդեռ Հայաստանն ու Նիկոլն առանձնապես ոգեւորված չեն արցախցիների ու նրանց նախագահի ըմբոստությամբ:

Կարող եմ ավելի խելացի բան հուշել, պարոն Հարությունյան: Այդտեղ՝ Արցախում, Ռուբեն Վարդանյան անուն-ազգանունով մի նախկին պետնախարար ունեք, որ ամեն անգամ հայտարարում է՝ Արցախը պետք է մնա հայկական: Էդ մարդուն ասեք, որ Արցախն առանց իր ասելու էլ հայկական է ու հայկական չի լինի միայն այն ժամանակ, երբ ընդհանրապես չլինի: Այլ հարց, որ ասի՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այն անկախացել է ԽՍՀՄ-ից՝ ինքնորոշման միջազգային իրավունքի ողջ ուժով: Մնացածն ընդամենը գեղեցիկ բառակույտեր են: