Հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստերի անցկացման աշխատակարգը

 Հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստերի անցկացման աշխատակարգը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։ 

Նախագծի ընդունման հիմքում ընկած է հանձնաժողովների միջև սույն թվականի նոյեմբերի 30-ին ձեռքբերված և համաձայնեցված աշխատակարգի տեքստը, որի համաձայն աշխատակարգը պետք է հաստատվի երկու երկրների կառավարությունների կողմից։

«Աշխատակարգով սահմանվում են երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերություններն ու նիստերի անցկացման ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ընթացակարգերը։ Մասնավորապես սահմանվում է, որ նիստերի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ։ Նիստերը, որպես կանոն, անցկացվում են հաջորդաբար Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքում, կամ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կամ երրորդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։Այն դեպքում, երբ նիստերն անցկացվում են հանձնաժողովներով ներկայացված պետություններից մեկի տարածքում, ընդունող կողմը ստեղծում է դրանց անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ ապահովում և երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Աշխատակարգը սահմանում է նաև այլ անհրաժեշտ կարգավորումներ»,- նախագիծը ներկայացնելով նշեց Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

«Նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի ամրագրման գործում, որի վրա հենվելով հանձնաժողովները կկազմակերպեն իրենց հետագա գործունեությունը»,- պնդեց նա։