190 քաղաքացիներից 14-ի մոտ առկա է թոքաբորբ, 6-ն ունեն ինտենսիվ թերապիայի կարիք․ Արսեն Թորոսյան

190 քաղաքացիներից 14-ի մոտ առկա է թոքաբորբ, 6-ն ունեն ինտենսիվ թերապիայի կարիք․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ թարմ տեղեկություններ հաղորդեց կորոնավիրուսի հաստատված պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ: «Առավոտյան դրությամբ ունենք 190 հաստատված դեպք, որոնց  մեծ մասի առողջական վիճակը բավարար է, լուրջ առողջական խնդիրներ չունեն։ Նրանցից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, 6-ն ունեն ինտենսիվ թերապիայի կարիք, նրանք գտնվում են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն թոքերի արհեստական շնչառություն չի արվում»:

Նախարարը նշեց, որ քաղաքացիների առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն իրականացվում է:

Նախարարը մեկ անգամ ևս շեշտեց, որ հիվանդությունը բարդանում է կողքից քրոնիկական հիվանդություններ ունեցողների և տարիքով ավելի մեծ քաղաքացիների մոտ: Այդ 6 քաղաքացիներն ունեն ուղեկցող հիվանդություններ, այդ իսկ պատճառով էլ կարիք ունեն ինտենսիվ թերապիայի: Մյուս քաղաքացիներն, ովքեր ունեն թոքաբորբ, ստանում են սիմպտոմատիկ բուժում, իսկ մյուսները, որպես այդպիսին բուժում չեն ստանում՝ մաքսիմում ջերմիջեցնողներ:

«Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների մեկուսացման 14-րդ օրը և մենք թեստեր անելով կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր։ Առաջիկայում կլրանա նաև մեր որոշ քաղաքացիների բուժման 14-րդ օրը և հույս ունենք նրանց մոտ նույնպես վերացած կլինի վիրուսը»,- ասաց Թորոսյանը։