Էական փոփոխություններ՝ Ընտրական օրենսգրքում

Էական փոփոխություններ՝ Ընտրական օրենսգրքում

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, ինչպես նաեւ կից փոփոխությունների նախագծեր՝ «Կուսակցությունների մասին», «ՏԻՄ-երի մասին» օրենքներում։ Բավական էական փոփոխություններ են կատարվել, սակայն անդրադառնանք առավել առանցքայիններին։ Այսպես․ վերացվում է ռեյտինգային ընտրակարգը, ըստ նախագծի՝ գործելու է համամասնականի փակ ցուցակներով կամ, այսպես կոչված, դասական համամասնական ընտրակարգը, երբ ընտրողին է ներկայացվելու մեկ քվեաթերթիկ, եւ խորհրդարան են անցնելու ցուցակում ընդգրկված անձինք, ըստ հաջորդականության:

Թեեւ, ըստ իշխանական մեր աղբյուրների, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ հնարավոր է փոփոխություն կատարեն եւ ընդունեն բաց ցուցակների տարբերակը, որը շատ մոտ է ռեյտինգայինին։ Այդ մոդելով կուսակցությունները ներկայացնելու են մեկ ցուցակ, բայց ընտրողը կարող է նշել, թե այդ ցուցակից կոնկրետ ում է գործուղում խորհրդարան։ Այս դեպքում թեկնածուները շահագրգռված կլինեն եւ կաշխատեն, որ իրենց օգտին քվեարկողները շատ լինեն, եւ հենց իրենք դառնան պատգամավոր, իսկ արդյունքում կշահի կուսակցությունը։

Բացի այդ՝ սահմանվում է կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների համար անցողիկ նոր շեմ: Մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, երկու կուսակցություններից կազմված դաշինքի համար՝ 8, երեք կուսակցությունների դաշինքի համար՝ 9, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված նախընտրական դաշինքի համար անցողիկ շեմը 10 տոկոսն է։

Այս փոփոխության նպատակը, թերեւս, կուսակցությունների նախընտրական դաշինքների խափանումն է։ Իշխանությունը մատնում է իրեն, որ վախենում է դաշինքներից։ Գործող կանոնակարգումներով, բոլոր դեպքերում դաշինքների համար անցողիկ շեմը 8 տոկոսն էր: Սակայն մի նորամուծություն էլ կա․ «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որեւէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը»։

ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ կուսակցության ընտրական ցուցակում առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուները, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում առնվազն երեք տասնյակ թեկնածուները հաստատվում եւ առաջադրվում են կուսակցության համագումարի որոշմամբ, արտահերթ ընտրություններում կուսակցության եւ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները հաստատվում եւ առաջադրվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումներով)։ 
Նախագծով վերացվել է հետընտրական կոալիցիաներ կազմելու հետ կապված կուսակցությունների թվի սահմանափակումը, գործողով կարող էր միավորվել առնվազն երեք ուժ։ Ինչպես նաեւ ավելացվել է կոալիցիա կազմելու համար նախատեսված ժամանակահատվածի տեւողությունը: Եթե մինչ այս պարտադիր երեք ուժ պետք է անցներ խորհրդարան, ապա ԸՕ-ն ընդունելուց հետո կլինի չորսը։

Ավելացվում է նաեւ նախընտրական քարոզչության համար անվճար եթերաժամը։
Խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը կուսակցությունների համար նվազեցվել է կես միլիոնով՝ սահմանվել է 7.5 մլն դրամ, իսկ կուսակցությունների դաշինքների համար կրկնապատկվել է՝ սահմանվելով 15 մլն դրամ։
ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկում պարտադիր է համարվում նշել վարչապետի թեկնածուի անունը։ Իսկ երկրորդ փուլ տեղի է ունենում, եթե ընտրություններին մասնակցած որեւէ ուժ կամ դաշինք չի հաղթահարում 50 տոկոսի շեմը, եւ չեն կարողանում հետընտրական կոալիցիա ձեւավորել։ Որոշ տեղեկություններով՝ «Իմ քայլն» առաջիկայում մտադիր է նաեւ Սահմանադրության 92-րդ դրույթը փոխել, որպեսզի երկարացվի արտահերթ ընտրությունների քարոզարշավի համար սահմանված 12-օրյա ժամկետը։  Իշխանությունները կարծում են, որ դա կարճ ժամանակ է եւ պետք է երկարացնել, սակայն փոփոխությունն իրականացնելու համար հարկավոր է 88 պատգամավորի քվե։