«Հրապարակ». Մամիկոն Ասլանյանը շուրջ 1.5 տարի է՝ կալանավորված է

«Հրապարակ». Մամիկոն Ասլանյանը շուրջ 1.5 տարի է՝ կալանավորված է

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շուրջ 1.5 տարի է՝ կալանավորված է, գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Հիշեցնենք, որ Ասլանյանը կալանավորվեց այն բանից հետո, երբ նրա ղեկավարած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը 2021-ի վերջին կայացած Վանաձորի ընտրություններում հաղթանակ տարավ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ընտրությունների արդյունքներով հավաքել էր 12 հազար 814 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 8 հազար 294, սակայն Մամիկոն Ասլանյանին թույլ չտվեցին ավագանու կողմից, որտեղ Ասլանյանը մեծամասնություն ուներ, համայնքապետ ընտրվել: Փոխարենը Էդմոն Մարուքյանի անմիջական աջակցությամբ` դատական հայցերով կասեցրին ընտրությունները, իսկ մոտ կես տարի անց Նիկոլ Փաշինյանը, օրենքի փոփոխություններ կատարելով, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Ակային` Արկադի Փելեշյանին, ով մինչ այժմ պաշտոնավարում է, եւ որի ղեկավարած քաղաքական ուժն ընտրությունների արդյունքներով ընդամենը 4 հազար 810 քվե էր ստացել։ Իրականում Վանաձորը կառավարում է ՔՊ-ն` Ական միայն շիրմա է:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաեւ համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ենթադրաբար չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, «դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ կատարել է պաշտոնեական կեղծիք»: Պարզ ասած` գործը վերաբերում է հողերի նշանակությունը փոխելու եւ հողի աճուրդներին: Մի մեղադրանք, որը կարելի է առաջադրել առանց բացառության բոլոր համայնքապետերին: Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանին երեկ հարցրինք, թե ինչ փուլում է Ասլանյանին առաջադրված մեղադրանքի քննությունը, ինչու գործն առաջ չի գնում, եւ ինչու Ասլանյանին բաց չեն թողնում։ «Դատարանը, գլխավոր հատակագծի հետ կապված, մասնագետ է հրավիրել, գլխավոր հատակագծի վերաբերյալ անհասկանալի հարցեր կային դատարանի համար, դատարանն իր նախաձեռնությամբ կանչել է մասնագետ։ Գրավոր ապացույցները հետազոտվել են»,- պատասխանեց պաշտպանը։

Անդրադառնալով Ասլանյանի կալանքին, պաշտպանն ասաց, որ Ասլանյանին կալանավորելու դեմ իրենց բոլոր բողոքները դատարանը մերժում է․ «Բողոքներ ինչքան ներկայացրել ենք, դատարանը մերժել է, բոլոր ատյաններն էլ՝ վերաքննիչը, վճռաբեկը, պարբերաբար ինչքան ներկայացրել ենք, բոլորը մերժվել են։ Մամիկոն Ասլանյանն արդեն 1 տարի 5 ամիս է, ինչ կալանավորված է։ Դատարանը շեշտը դնում է այն բանի վրա, որ ազատության մեջ մնալով՝ Ասլանյանը վկաների վրա ազդեցություն կունենա, վկաների հարցաքննությանը դատարանը չի անդրադարձել, վկաները տվել են կա՛մ չեզոք ցուցմունքներ, կա՛մ արդարացնող ցուցմունքներ»:

Պարզ է, որ Մամիկոն Ասլանյանի եւ շատ այլ անձանց կալանավորման հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ, եւ նրան բանտում պահելը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։