«Հրապարակ». Ձեզ հարց տվեք` սեւազգեստ մամաներն ինչո՞ւ են ձմռան ցրտին, ամռան շոգին պայքարում

«Հրապարակ». Ձեզ հարց տվեք` սեւազգեստ մամաներն ինչո՞ւ են ձմռան ցրտին, ամռան շոգին պայքարում

Բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները՝ սեւազգեստ մայրերը, հույսը կորցրած, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կբարեհաճի ընդունել իրենց, հինգշաբթի օրը կառավարության շենքի դիմաց հանդիպում էին պահանջում ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ:
Դեռ ամիսներ առաջ ծնողներն ասում էին, որ Աննա Վարդապետյանը պետք է գա, պատասխան տա, թե ինչու չեն բացահայտվում տարիներ առաջ քնեցված այդ դեպքերը: Ասում էին, որ նա դատախազ ընտրվելիս իր ելույթում խոստացել է բացահայտել նախկին գործերը։

Երեկ մենք հետաքրքրվեցինք՝ ծնողները հանդիպե՞լ են դատախազի եւ ՄԻՊ-ի հետ։ 2010 թվականին խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, ով ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում, ասաց, որ «սայլը տեղից չի շարժվում», Անահիտ Մանասյանը եւս չի բարեհաճել ընդունել իրենց։

«Անահիտ Մանասյանի տեղակալն ասել է` գուցե ի՞նձ հետ զրուցեք, բայց մենք ասել ենք` ոչ: Մեզ պետք է ընդունի մարդու իրավունքների պաշտպանը: Դեռեւս ոչ մեկը մեզ չի ընդունել: Հինգշաբթի օրը դիմել ենք, առայսօր ոչ մի նորություն չկա: Ստացվում է` մեզ պետք է տեղակալն ընդունի, ՄԻՊ-ը չի ընդունում: Պահանջում ենք ՄԻՊ-ին՝ ընդունել մեզ»,- ասում է Իրինա Ղազարյանը:

Մեր հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն ՄԻՊ Անահիտ Մանասյանից, ի՞նչ կարող է անել նա, մեր զրուցակիցն ասաց. «13 տարի խաբված եմ: Իմ իրավունքները ոտնահարված են, տղայիս կյանքից զրկել են, ո՞վ պետք է պատասխան տա, ո՞վ: Ի վերջո, ուզում ենք լսել ՄԻՊ-ին, հասկանանք, թե ինչ է մտածում նա: Աննա Վարդապետյանի ընկերուհին է, իրար հետ մի բաժակով ամեն օր սուրճ են խմում, կարող է, չէ՞, մի բերան ասել` գիտեք ինչ, տարիներ շարունակ այս կանայք կառավարության շենքի դիմաց կանգնած են, լսենք նրանց: Այն դեպքում, երբ այդ գործերը բացահայտված են»:
Իրինա Ղազարյանի պնդմամբ` երեք անգամ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հանդիպում խնդրել, սակայն դատախազը մերժել է իրենց։ «Հանդիպում չի կայացել, Աննա Վարդապետյանն ասել է՝ ժամանակ տվեք, բայց արդեն 3 ամիս է անցել, մեզ ոչ մեկը չի ընդունել, այն դեպքում, երբ այդ նույն Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ իմ երեխայի գործը, դրան գումարած եւս չորս գործ «իր օժիտն է», եւ որ դրանք բացահայտված են՝ ինքը պետք է ընթացք տար, փոխեր վարկածը, ուրիշ ոչ մի անելիք չկա: Աննա Վարդապետյանը գիտի, որ մեր տղաներին սպանել են»,- նշեց նա:

«Հիմա էլ իբր դատախազի տեղակալ, զինդատախազ Էլիզբարյանը պետք է ընդունի մեզ, բայց նա էլ ասում է` անհատական պետք է ընդունեմ: Ինչի՞ համար: Մեր գործերը բացահայտված են, ինչո՞ւ առանձին-առանձին: Դուրս է գալիս` սրանք էլ են մեզ ֆռռացնում: Ես մի բան եմ հասկացել` այս պետությունը մինչեւ 18 տարեկանը ոչ մեկին չի հարցնում՝ տղա ունե՞ս, թե՞ ոչ: Ինչպե՞ս ես կարողացել այդքան տարի պահել, մեծացնել տղայիդ, բայց 18 տարեկան դառնալուց հետո երեխաների գլխին խփում, տանում են բանակ, կյանքը խլում են, հերիք չէ, դեռ մի բան էլ չեն ուզում ոչ մեկին պատասխանատվության ենթարկել: Զինվորի կյանքը, այսինքն, արժեք չունի: Նախկին-ներկա՝ բոլորը նույնն են: Ամեն մեկը գալիս նստում է իր աթոռին ու չի մտածում մարդկանց մասին: Մենք բոլոր դռները թակել ենք ու թակելու ենք, մինչեւ արդարությունը հաղթի: Ով աթոռ է զբաղեցնում, մենք ասում ենք` կանք, որ հիշեն, որ հասկանան՝ մեր տղաների համար պայքարելու ենք մինչեւ վերջ: Էն որ պարապ-սարապ սուրճ եք խմում, ձեզ հարց տվեք` սեւազգեստ մամաներն ինչո՞ւ են ձմռան ցրտին, ամռան շոգին կառավարության շենքի դիմաց պայքարում: Իմ տղային սպանել են: Դեկտեմբերի 14-ի երեկոյան իմ տղան հետս խոսեց, ասաց՝ մամա, Ջհանգիրյան Մարտինը հրաման է տվել՝ թուրքերի հետ նարկոտիկի վաճառք անենք, ասացի` վայ, Արթուր ջան, զգույշ մնա, էս ի՞նչ ես ասում: Ամսի 15-ին ու 16-ին հեռախոսը չի զանգում, 17-ին երեխուս մահացած բերեցին Մուրացանի հոսպիտալ: Ես հիմա պիտի թողնեմ, որ Աննա Վարդապետյանն ինչ ուզի, անի՞, չէ…. Նիկոլին նա անձամբ ասել է, որ մենք ճիշտ ենք, որ սպանություն է տեղի ունեցել, դե թող հիմա կանգնի ու հայտարարի, որ փոխվում է մահվան վարկածը»: