Ադրբեջանը փնտրում է նոր կազուս բելլի՝ իր նոր պահանջներն ամրագրելու համար

Ադրբեջանը փնտրում է նոր կազուս բելլի՝ իր նոր պահանջներն ամրագրելու համար

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արդբեջանի հետ խաղաղության պայմանագիրը տվյալ պահին ստորագրման ենթակա չէ, քանի որ Ադրբեջանը պնդում է որոշ դրույթներ, որոնք ընդունելի չեն մեզ համար։ «Հրապարակը» քաղաքագետ Արա Պողոսյանի հետ փորձեց հասկանալ, թե ինչու, այնուամենայնիվ, «խաղաղության պայամանագիրը» չի կնքվում։

- Ինչո՞ւ է հայկական կողմը շտապում այդ պայմանագիրը կնքել։ Արարատ Միրզոյանն էլ երեկ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը թե առաջընթաց, թե հետընթաց է դրսևորել՝ խաղաղության պայմանագրի հարցում։

 -Ես միշտ նշել եմ, որ, այսպես կոչված, խաղաղության պայամանագիրը տեսանելի ապագայում հնարավոր չի , քանի դեռ Ադրբեջանը չի ստացել իր համար առավելագույնը կամ առնվազն փաստաթղթերով չի ամրագրել իր համար առավելագույնը։ Հետաքրքիր դինամիկա կա՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո մինչեւ հունվարի 4-ը Ադրբեջանը, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի մասին այլևս չէր խոսում, և նույնիսկ խոսում էր, որ իրենք խնդիր չունեն ուժով վերցնելու և Իրանի միջոցով այլընտրանքային ճանապարհ են գտել։ Հիմա հանկարծ սկսում է ակտիվանալ այդ միջանցքի մասին խոսակցությունը՝ ոչ ավել, ոչ պակաս Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի միջոցով, ով հստակ ժամանակահատված է նշում՝ 2029 թվական, երբ վերջնականապես պատրաստ կլինի, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքը։ Ենթադրում եմ ոչ թե Ադրբեջանի փոխանցած փաստաթղթերով է Զանգեզուրյան միջանցքի գաղափարը ներդրվել, այլ այն մոտեցմամբ կամ սկզբունքով, որ այս փուլում պետք է ստորագրվի հիմնականում խաղաղության պայմանագրի սկզբունքային դրույթները։ 

- Իշխանության ներկայացուցիչները կարծես մի տեսակ տարակուսանք են հայտնում, թե ամեն ինչ իրենց սպասածի համաձայն չի գնում։

- Առնվազն բանավոր փոխըմբռնում է եղել, որն Ադրբեջանը չի պահել, չի հաստատել։ Իսկ դա այն է, որ ուղիղ տեքստով հավանաբար չի նշվել, թե ինչ տարածքային ամբողջականության մասին է խոսքը, որը ճանաչում է Ադրբեջանը։ Որովհետև մի բան է, որը ստորագրում ես սկզբունքների մասին, մեկ այլ բան է, երբ դու հստակ նշում ես, թե որն է քո համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Մինչ օրս Ադրբեջանը որևէ կերպ չի խոսել, թե քանի քառակուսի կիլոմետր տարածքում է ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել առ այն, որ պատրաստ է իր զորքերը հետ քաշել Հայաստանի գրավյալ շրջաններից։ Սա կարևոր հանգամանք է և ենթադրում եմ, երբ իշխանությունն ասում է, որ առնվազն բանավոր համաձայնություններ են եղել, որոնք Ադրբեջանը չի կատարել կամ չի արտացոլում փաստաթղթում, հավանաբար այս սկզբունքներն են, որոնք Հայաստանի իշխանությունները հռչակել էին որպես իրենց համար սկզբունքային կետեր։

- Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը կտրուկ փոխեց Հայաստանի հետ բանակցային գործընթացի բնույթը։

- Սեպտեմբերի 20-ից հետո Ադրբեջանը փորձեց առհասարակ հրաժարվել բոլոր արտաքին հարթակներից, հատկապես արևմտյան և սկսեց փնփտրտուք՝ տարածաշրջանային այս կամ այն հարթակն իրեն հարմարեցնելու համար։ Խնդիրն այն էր, որ թեպետ Արևմուտքը, ըստ էության, համախոհ էր Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն, այնուամենայնիվ, Ադրբեջանն իր կողմից տրված պայմանավորվածությունները չկատարեց և Արևմուտքն այսօր ի վիճակի չեղավ հարկադրվելու Ադրբեջանին, որպեսզի իր ստանձնած պարտավորությունները կատարի։

- Ի վիճակի չեղա՞վ, թե՞ չցանկացավ։

- Ըստ էության, այստեղ քաղաքական կամքի առկայության կամ բացակայության տիրույթում է, որովհետև երբ ասում ենք Արևմուտք, այս պարագայում նկատի ունենք Միացյալ Նահանգներ և Եվրամիություն։ Եթե Եվրոպական միությունը շատ ավելի քիչ ազդեցության գործիքներ ունի Ադրբեջանի վրա, ապա Միացյալ Նահանգները դեռևս ունի այնպիսի գործիքակազմ, որով կարող է հարկադրել Ադրբեջանին կատարել այս կամ այն պայմանավորվածությունը։ Չի արել ինչո՞ւ՝ սա հարցի մյուս բաղադրիչն է։ Ըստ էության, Ադրբեջանը հասկանալով, որ իրեն ձեռնտու չի կամ ինքը կարող է առնվազն շրջանցել իր կողմից տրված համաձայնությունները, որովհետև ստացել է այն, ինչ իրեն պետք էր։ Եվ առնվազն միջազգային մակարդակում ամրագրել է ոչ թե Արցախի Հանրապետության օկուպացիա և ահաբեկչական հարձակում, այլ տարածքային ամբողջականության վերականգնում սկզբունքը, ինչով պայմանավորված Ադրբեջանը շատ բան չունի ստանալու այս հարթակներից, հետևաբար փորձ է անում նախ բերել տարածաշրջանային մակարդակ։

- Նկատի ունեք տարածաշրջանային երկրների՞ միջնորդությամբ։

- Փորձ արվեց Վրաստանին ներգրավել որպես միջնորդ կողմ, որը բնականաբար չէր կարող ստացվել, որովհետև Վրաստանն անգամ սեփական խնդիրները լուծելու համար չունի գործիքակազմ, էլ ուր մնաց Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդ լինելուն։ Մյուսը տարածաշրջանային 3+2 ձևաչափն էր, որը Ադրբեջանի համար բավականին նպաստավոր է, առնվազն այս ձևաչափում ունի համախոհներ և եթե ոչ համախոհ, ապա առնվազն պասիվ համախոհություն։ Խոսքը Վրաստանի մասին է, որը ըստ էության փորձում է բալանսավորված հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, թեպետ հաճախ նկատելի է, որ այդ հարաբերությունները հօգուտ Ադրբեջանի են, երբեմն ինչ-ինչ գործոններով պայմանավորված։ ՌԴ-ի պարագայում, Ադրբեջանը և Ռուսաստանն ունեն ընդհանուր հետաքրքրություններ՝ այդ թվում նաև այսպես կոչված զանգեզուրյան միջանցքում` նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ սահմանված, որ երթուղու անվտանգությունն ու վերահսկողությունը հանձնվելու է ՌԴ ազգային անվտանգության ուժերին։ Բնականաբար, այստեղ ՌԴ-ն ունի շահագրգռվածություն, սա իր համար լրացուցիչ գործիք է ամրանալու, դիրքերն ամրապնդելու տարածաշրջանում։ Թուրքիան էլ Հայաստանի դեմ տարվող պատերազմական և թշնամական քաղաքականության կողմ է, և ոչ թե պարզապես տարածաշրջանային դերակատար։ Թերևս միայն Իրանն է, որի հետ մինչ այս ունենք լավ հարաբերություններ, Իրանն ունի իր հետաքրքրությունները ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում։ Սակայն, կան խնդիրներ, որոնց մասին Իրանը բարձրաձայնում է, մասնավորապես Արևմուտքը տարածաշրջան բերելու փորձերի մասին։ Իմիջիայլոց, Ադրբեջանը ակտիվ աշխատում է, որպեսզի դա ներկայացնի որպես Հայաստանի կողմից Արևմուտքը տարածաշրջան բերելու գործընթաց, ու մեզ համար բավականին լուրջ խնդիրներ կառաջանան նաև Իրանի հետ, եթե դա հաջողվի Ադրբեջանին։ Ստացվում է, որ նաև այս ձևաչափում, եթե ՀՀ-ն միայնակ չի, ապա առնվազն շատ թույլ դիրքեր ունի։

- 2023-ի ավարտին Ադրբեջանն ու Հայաստանը սահմանին երկկողմ հանդիպում ունեցան` առանց միջնորդների։

- Ադրբեջանի ամենամեծ նպատակներից մեկը երկկողմ գործընթացներից մեկն է, բերել Հայաստանն այնպիսի վիճակի, որպեսզի Հայաստանը համոզվի, որ երկկողմ ձևաչափով հարաբերությունները կարելի է կարգավորել։ Սրան ուղղված կատարվեց համատեղ գործարք, որով մեր ռազմագերիները փոխանակվեցին ՀՀ-ում գտնվող ահաբեկիչ- մարդասպանների հետ, որոնց նկատմամբ կար դատավճիռ։ Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանի նպատակն է խուսափել մյուս հարթակներից, բերել երկկողմ պլատֆորմ, որտեղ ինքը կլինի պարզապես հեգեմոն դիրքերում։ Ալիևը հաճախ կրկնում է, որ Հայաստանը պետք է հաշվի առնի պատերազմից հետո ստեղծված կոնֆիգուրացիան, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է համակերպվի, որ Ադրբեջանը պետք է լինի խաղաղության պայմանագրի հիմնական թելադրողը։ 

- Սա պարզ էր ի սկզբանե, սակայն ի՞նչն է ստիպում այս իշխանությանը բարձրաձայն ասել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասին դեռևս խոսք չի կարող լինել։

- Ադրբեջանական և հայկական կողմը հայտարարեցին, որ սահմանային խնդիրները կարող են հետագայում լուծվել տարբեր կից փաստաթղթերով, ինչը նշանակում է, որ տարածքային ամբողջականության ձևակերպումն այստեղ դեկլարատիվ բնույթ ունի և իրական խնդիրները ծագելու են շատ ավելի հետո, երբ գա սահմանագծման և սահմանազատման ժամանակը։ Ադրբեջանը փնտրելու է casus belli (կազուս բելլի), նոր պատերազմի առիթ, որ այդ պայմաններում կձևակերպի նոր պահանջներ Հայաստանից և դրանք արդեն կամրագրի հարակից փաստաթղթերով։ Այս փաստաթղթի իմաստն ըստ էության այն է, որ արդբեջանական կողմը ամրագրի պատերազմական գործողությունների, օկուպացիայի արդյունքում իր ձեռքբերումները։ Սա ամրագրելուց հետո բնականաբար հաջորդ փուլը Հայաստանից նոր պահանջներն են։ Վերջերս և Ալիևը, և Հաջիևը խոսում էին այն մասին, որ Հայաստանը պետք է տա վստահելի խոստում կամ հավաստիացում, որ երբևէ ռևանշիստական ձգտումներ, նկրտումներ չեն լինի։ Ենթադրում եմ, այս նախագծի մեջ լինելու է, կամ կա նաև սրան անդրադարձ, այսինքն` ձևակերպում, որով ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարավորություն կունենա Ադրբեջանը և սա ինքնին արդեն կդառնա նոր կազուս բելլի։ Այսինքն, եթե ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղ չի, այլ Արցախի Հանրապետություն է, ես ապրիորի դառնում եմ ռևանշիստական գաղափար տարածող, ինչի համար Հայաստանի իշխանություններն ինձ պետք է հետապնդեն։ Ենթադրում եմ այսպիսի նաև ձևակերպում է լինելու, որին նույնիսկ այսօրվա իշխանությունները համաձայնություն չեն տա։