«Հրապարակ». Այս աստիճանի ստրկացած, ենթակա դատախազություն մենք երբեք չենք ունեցել

«Հրապարակ». Այս աստիճանի ստրկացած, ենթակա դատախազություն մենք երբեք չենք ունեցել

Նիկոլ Փաշինյանը ժամանակի ընթացքում սկսեց ավելի ու ավելի մեծ կարեւորություն տալ ուժային կառույցներին, եթե չասենք՝ նրա գրեթե միակ հոգսը մնացել է ուժայիններին սիրաշահելը, աշխատավարձերը բարձրացնելը, նրանց միջոցառումներին ներկա գտնվելն ու մեդալներ հանձնելը։ Մի կողմից՝ քանդում է դատական համակարգը, մյուս կողմից՝ ուժեղացում է քննչական մարմիններին, ԱԱԾ-ՊՊԾ-ներին, ոստիկանությանը։

Կես տարուց ավելի 120 հազար արցախցիներ ադրբեջանական շրջափակման մեջ են, վերջին շաբաթներին՝ լիակատար պաշարման, ունեն սննդի, դեղորայքի, բուժման խնդիրներ, սակայն ՀՀ իշխանությունը, բացի դատարկ ելույթներից ու կեղծ հավաստիացումներից, ոչինչ չի արել այս իրավիճակը փոխելու համար։ Չնայած վարչապետի աշխատակազմից վստահեցնում են, որ Արցախի նախագահի հետ Փաշինյանն ամենօրյա հեռախոսային շփումների մեջ է, սակայն ավելի շատ  հաղորդագրություններ են տարածում, թե Պուտինի ու ԱՄՆ, ԵՄ պաշտոնյաների հետ քանի անգամ է նա խոսել, իսկ Արցախի վիճակի մասին այնպես են խոսում, ինչպես ՄԱԿ-ի որեւէ պաշտոնյա կխոսեր Ուգանդայում տեղի ունեցող ցեղասպանության մասին։ Փոխարենը ՀՀ վարչապետն ավտոբուս է նստում, զմայլվում կոնդիցիոներով, կնոջ ու երեխայի հետ Այվազովսկու նկարներն է դիտում, փողոցներում ֆոտոսեսիաներ անում եւ․․․ դիֆերամբներ ձոնում՝ ուժային կառույցներին ուղղված, թե ինչ լավ եք պաշտպանում իմ անձն ու ընտանիքիս։

Շաբաթ օրը՝ հուլիսի 1-ին, Փաշինյանը պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է միանգամից 2 միջոցառման՝ Դատախազության եւ Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվա տոնական միջոցառումներին։ Իր կամակատար պատասխանատուներին շնորհակալություն է հայտնել, ըստ էության, իր իշխանությունը պահելու հարցում մեծ ներդրումների համար։ Դիցուք, դատախազությունից պահանջել է ամեն գնով դատարանում պաշտպանել ընդդիմության նկատմամբ հարուցված գործերը, որ այլեւս մարդիկ իրենց չասեն, թե այդ գործերի մեծ մասը դատարաններում փլվում է։ «Մենք ակնկալում ենք, եւ գիտեմ՝ նաեւ դատախազության մոտեցումն է, որ ամեն գործի վերաբերվենք եւ մոտենանք այն տրամաբանությամբ, որ, իհարկե, մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն»,- ասել է Փաշինյանը դատախազության կազմավորման 105-ամյակին նվիրված ելույթում՝ դիմելով իր երբեմնի օգնական, այժմ գլխավոր դատախազ, իրեն «զեկուցող» Աննա Վարդապետյանին։

ԱԱԾ-ի վերահսկողության ներքո գործող, բայց այս տարվա ապրիլից վարչապետի ուղիղ ենթակայությամբ գործող ՊՊԾ-ում էլ Փաշինյանն այսպիսի մի նկատառում է հայտնել, որից երեւում է, որ իր անձի պաշտպանվածության հույսը կապում է սրանց աշխատանքի հետ․ «Պետական պահպանության ծառայությունը գործում է օրվա մեջ 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս: Այդ աշխատանքի ավելի ու ավելի մեծ մասը պետք է աննկատ լինի հանրության համար եւ ավելի ու ավելի քիչ մասը նկատելի լինի ծառայության համար: Ես, ընդհանրապես, այսպես եմ գնահատում ծառայության աշխատանքը՝ ինչքան քիչ է այն նկատելի ե՛ւ պահպանվող անձանց, ե՛ւ հանրության համար, ուրեմն այնքան ծառայությունն ավելի լավ է կազմակերպված: Ծառայությունը պետք է առաջնորդվի հետեւյալ սկզբունքով՝ չգործել այնտեղ, որտեղ պետք չէ, եւ գործել այնտեղ, որտեղ պետք է: Սա, իհարկե, նուրբ եզր է եւ առաջին հերթին պահանջում է ինտելեկտուալ մոտեցում: Հույս ունենք, որ ծառայության այս շրջանի բարեփոխումները կբերեն ընդհանուր ե՛ւ որակի, ե՛ւ աշխատողների սոցիալական երաշխիքների մեծացման»,- ասել է վարչապետը: 

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կարծիքով, ուժայիններին նման վերաբերմունքի արժանացնելը վկայում է մի բանի մասին, որ Փաշինյանի հույսը՝ իշխանությունը պահելու տեսանկյունից, հենց նրանք են։ «Ուժայինների վրա հենվելը իշխանությունը պահելու միակ տարբերակն է, ուժայիններին սիրաշահելու այլ պատճառ չեմ տեսնում»,- ասաց Վարդազարյանը։ Որ դատախազությունը բոլոր իշխանությունների ժամանակ է «գործիք» եղել, Վարդազարյանը չի հերքում, սակայն շեշտում է՝ ներկայում աննախադեպ մասշտաբների է հասել դա․ «Այս աստիճանի ստրկացած, ենթակա դատախազություն մենք երբեք չենք ունեցել, սա ասում եմ որպես դատական ոլորտի երկարամյա աշխատող։ Ե՛վ փաստաբան, ե՛ւ դատավոր, ե՛ւ դատարանի նախագահ աշխատած մարդս վստահեցնում է, որ երբեւէ նման բան չի տեսել։ Իհարկե, ցանկացած դատախազություն եղել է պրոիշխանական, բայց ոչ ստրկացած, ես այսօր տեսնում եմ այդպիսի դատախազություն»։

Վարդազարյանն ուշադրությամբ լսել է «տոնական» միջոցառման ժամանակ հնչած ելույթները եւ եկել եզրահանգման․ «Բոլորը խոսում էին օրենքի գերակայությունից, օրենքի դիկտատուրայից, ոչ ոք չէր խոսում իրավունքի գերակայությունից, ինչն ամենակարեւոր սզբունքն է։ Որովհետեւ օրենսդիր իշխանությունն իրենք են, այդ իշխանությունը պատգամավորների մի խումբ է, որ «sms»-ներով է քվեարկում, ուզում են կողմ՝ կողմ են քվեարկում, դեմ՝ դեմ, եթե պետք է լինում չգնալ քվեարկության՝ չեն գնում։ Այսինքն, կամքն իրենցն է, իրենց կամքը դառնում է օրենք, եւ իրենք ասում են, որ օրենքի գերակայություն պետք է լինի։ Բայց այդպես չէ։ Իսկ իրավունքի գերակայության սկզբունքն օրենսդիրի կամքից անկախ իրավունք է»։

Իսկ ՊՊԾ-ին ուղղված սիրաշահումները, Վարդազարյանի կարծիքով, առավել քան հասկանալի են, այն ուղիղ իմաստով է պաշտպանում Փաշինյանին․ «Եվ այդ կառույցի՝ ԱԱԾ-ի ենթակայությունից հանելու փաստը միայն մի բանի մասին է վկայում, որ Փաշինյանը չի վստահում անգամ ԱԱԾ ղեկավարությանը»։