Արայիկ, դիմի՛ Նիկոլին

Արայիկ, դիմի՛ Նիկոլին

Թուրքիայի նախկին փոխնախագահ, գործող խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն «ուշադրություն է հրավիրել Հայաստանում Նեմեսիսի հերոսներին նվիրված հուշակոթողի վրա, նշել Թուրքիայի լուրջ անհանգստությանը այդ կապակցությամբ»։ Ալիևն ավելի առաջ է գնացել՝ նշելով, որ «արձանի տեղադրումն անընդունելի է»։ Սա «Հրապարակ»-ի տեղեկատվությունն է: Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձն էլ սխալ է համարել հուշակոթողի տեղադրումը: Ինչպես տեսնում ենք, տվյալ հարցի առումով այս երեքի միջև առկա է համերաշխություն: Թուրք-ադրբեջաման միացյալ կողմի համար սա բնական երևույթ է: Հայկական կողմի համար՝ անբնական երևույթ: Ավելին, ազգային հիշողության և արժանապատվության կորստի դրսևորում: Կամ թյուրքախոս ղրղիզ ժողովրդի դասական Չինգիզ Այթմատովի հեղինակային կերպարի համաձայն՝ մանկուրտիզմի արտահայտություն: Սերժին մերժելու հիմնական նպատակներից մեկը նաև ՀՀ ինքնիշխանության մակարդակի բարձրացումն էր: Հենց այս մեկ օրինակով երևում է, որ նիկոլական հնգամյա վարչապետության «շնորհիվ» այն իջել է շրիշակի (պլինտուսի) մակարդակին: 

Նախորդ տարեվերջին արցախյան հանքարդյունաբերության կողմից իբրև թե բնապահպանական խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ ադրբեջանական կեղծ բնապահպաները փակեցին Լաչինի միջանցքը: Կես տարի անց այն ամբողջուիթյամբ փակվեց Ադրբեջանի պետական իստիտուտների կողմից: Դա 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստան-Արցախ 5 կիլոմետրանոց միջանքի վերաբերյալ դրույթի խախտումն էր: Դա, միաժամանակ, «Սև լճի 30 տոկոսի կամ անբնակ տարածքների համար պատերազմի չդիմող» իշխանության՝ հետպատերազմյան պարտությունների շղթայի հերթական օղակն էր: Բայց քանի որ նախկին «փրկիչը» չուներ մեղավորության զգացում՝ միջանցքի փակման մեղավորը ռուսական զորախումբն էր, որի պատասխանատվության գոտում է գտնվում միջանցքը: Բայց ռուսական կողմն էլ որոշեց տակ չտալ ու դիվանագիտության մեջ չտեսնված հարցված հասցրեց այդ իշխանությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև գործում է փոխադարձ օգնության պայմանագիր: Էլ չասած անվտանգային նույն համակարգում (ՀԱՊԿ) և տնտեսական նույն համակարգում (ԵԱՏՄ) գտնվելու մասին: 

ՌԴ ԱԳՆ դաժան ապտակ է հասցրել ՀՀ գործող իշխանությանը՝ հայտարարություն տարածելով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի կողմից Արցախյան բանակցությունները տապալելու մասին: Խոսքը 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Արցախին վերաբերող դրույթների չեղարկման մասին է: Բողոքելով Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պասիվությունից՝ Նիկոլն ու նրա կամակատար ենթականները ոչ թե փորձեցին լուծել այդ խնդիրը, այլ դեպի Արևմուտք շրջվելով՝ արևմտյան գործիչների օժանդակությամբ հասան նրան, որ Արցախն արդեն ամենուրեք դիտարկվում է Արդրբեջանի կազմում: Սկզբում, հիշենք, խոսվում էր ընդամենը Արցախի կարգավիճակի նշանաձողն իջեցնելու մասին, իսկ հետո կարգավիճակի հարցն ընդհանրապես մոռացվեց: Ինչ է այն, եթե ոչ ազգային ու պետական շահերի դավաճանության արտահայտություն: Բայց, չնայած դրան, Փաշինյան Նիկոլը դեռևս շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը:

Մի երկու խոսք էլ ԱՀ նախագահ Հարությունյան Արայիկի մասին: Սկզբում ուզում էի գրել, որ 2020 թվականից, երբ ընտրվեց ԱՀ նախագահ, ես նրան չեմ կարողացել ընկալել որպես այդպիսին: Բայց հետո կանգ առա՝ ինքս ինձ հարց տալով. «Իսկ դու որպես վարչապետ ընկալե՞լ ես Փաշինյան Նիկոլին, որ «ընկել» ես Արայիկի հետևից»: Այս միտքը ոնց որ ներսից դաղեր ուղեղս՝ եթե արդեն ավելի քան 5 տարի, իսկ խայտառակ պարտությունից հետո՝ երկուսուկես տարի, երկրի վարչապետ է Փաշինյան Նիկոլը, ապա մնացած բոլորը կարող են լինել թե՛ նախագահ, թե՛ նախարարներ, թե՛…  Եվ Հարությունյան Արայիկն էլ կարող էր լինել ԱՀ նախագահ ու չիմանալ անելիքը: Իսկ չիմանալու դեպքում նաև նստացույց անել՝ հարմարավետ տեղավորվելով վրանում: Ու դիմել միջազգային հանրություն կոչված անդեմ ու անսեռ երևույթին, որպեսզի այն փրկի արցախցիներին Բաքվի բռնապետի ճիրաններից: Ու, բնականաբար, որևէ բառ չկարողանա ասել ընդդեմ իր պատրոն Փաշինյան Նիկոլի: Որովհետև վերջինս, իր խոստովանությամբ, կկտրի Արցախի ֆինանսավորումը: Համա թե լուրջ պատճառաբանություն է, ասելիք չկա…