Ժամանակագրական ճանապարհային քարտեզն անհրաժեշտություն է

Ժամանակագրական ճանապարհային քարտեզն անհրաժեշտություն է

Իլհամ Ալիեւն ու Փաշինյան Նիկոլը միասնաբար քայլեր են ձեռնարկում ռուսական խաղաղապահ  միավորմանն Արցախից հեռացնելու ուղղությամբ: Ինչը խիստ անհրաժեշտ է Իլհամին՝ նրա երկրի տարածքը մաքրվում է օտար ռազմական ուժից: Եվ օդի եւ ջրի նման անհրաժեշտ է Նիկոլին, քանի որ այդպես է պահանջում Իլհամը: Միայն այդպես կարելի է հասկանալ ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ այցելելու ոդիսականը: Սահմանային սովորական անցակետում նախկինի նման ողջունելու եւ բարի ճանապարհ մաղթելու փոխարեն սահմանապահները արձանագրում են նրանց տվյալները, իսկ հետո, ռուսական անցակետում, մեկ առ մեկ ճշտելով նրանց ինքնությունն ու համապատասխանությունն իրենց մոտ առկա ցուցակի հետ, արգելում են մուտքն Արցախ: Այնուհետեւ թե՛ ՀՀ ԱԳՆ-ն եւ թե՛ անձամբ Նիկոլը մեղադրում են ռուսներին արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար:

Կարծում եմ, որ Նիկոլին ձայն տված «պողոսների» համար բեմադրված այս պատմության սցենարը մշակվել է հեռավոր Բրյուսելում: Իսկ Ռուսաստանն էլ ամեն գնով փորձում է խուսափել Անդրկովկասում երկրորդ ճակատ բացելու հեռանկարից: Բայց դրա այլընտրանքն իրենց հեռանալն է: Ինչը, բնականաբար, չի մտնում այդ երկրի ղեկավարության պլանների մեջ: Եվ իրենց դաշնակիցներն այս «խաղում» Արցախն է եւ հայաստանյան ընդդիմությունը՝ հասարակության հազիվ 15 տոկոսի աջակցությամբ: Բայց միջազգային հանրություն կոչվածի մոտ Հայաստանի ու Արցախի շահերը ներկայացնում են ոչ թե վերը նշված մարդիկ, այլ ընդամենը մեկ անձ: Եվ այդ մեկ անձը Նիկոլն է: Այն Նիկոլը, ով մտադրվել է հանձնել Արցախը՝ հանուն իր անհեթեթ «խաղաղ դարաշրջանի մեկնարկի»: Դժբախտաբար:

ՀՀ առաջին նախագահի կողմից ազգակործան պատուհաս բնութագրված Նիկոլը փորձում է նրան եւ մեզ՝ բոլորիս համոզել, որ Հայաստանի ապագայի իր ընտրությունը միակ ընդունելին է Հայաստանի համար: Իսկ եթե մենք դա չենք ընդունում, ապա վաղուց ժամանակն է Նիկոլին «հանգստի» ուղարկելու այնպիսի մի վայր, որտեղ նա հնարավորություն կունենար անշտապ քննարկելու եւ գիտակցելու իր մտադրության ողբերգականությունը Հայաստանի եւ Արցախի համար: Դրա համար անհրաժեշտ է, որ խորհրդարանական զույգ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները վայր դնեն մանդատները: Եվ անցնեն փողոցային շարժման, քանի որ Նիկոլը կհեռանա այնպես, ինչպես եկել է: Այս հարցում այլընտրանք չկա: Սակայն մինչ մանդատներ վայր դնելն անհրաժեշտ է, որ ինքնաբացարկ հայտնեն այդ երկու դաշինքների նախընտրական ցուցակներում եղած բոլոր անձինք, ովքեր չեն դարձել պատգամավոր: Որովհետեւ այս դեպքում իրենք ավելի հեշտությամբ կհրաժարվեն չունեցած մանդատներից, քան այն դեպքում, երբ դրանք հայտնվեն իրենց ձեռքում: Թե՛ հոգեբանորեն եւ թե՛ գործող իշխանության կողմից իրենց հետապնդելու առումով:

Անձնապես ոչինչ չունեմ ընդդեմ ընդդիմադիր խմբակցությունների, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունից անցել է շուրջ 10 ամիս: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը դեռեւս զբաղեցնում է Փաշինյան Նիկոլը: Բայց ես եւ ինձ նմանները մասնակցեցինք ընտրությանը եւ ձայն տվեցինք «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին, որպեսզի Նիկոլը հեռացվեր իշխանությունից: Եվ այնպես չէ, որ ընդդիմադիր պատգամավորները չեն փորձում ինչ-որ բաներ անել: Սակայն նրանց գործունեությունը չխանգարեց, որպեսզի Նիկոլը խաղաղ դարաշրջանի մեկնարկի անվան ներքո մեզ հասցնի պետականության կորստի եզրագծին: Անկեղծորեն ասած, եթե այսօր չունենայինք վերը նշված խնդիրը, ապա խորհրդարանի այսօրվա ընդդիմությանը ես 10 միավորից բաղկացած սանդղակով կհատկացնեի 9 միավոր: Բայց դա, ինչպես հասկանում եք, մեզ այսօր բավարարել չի կարող: Մեզ անհրաժեշտ է, որ Փաշինյան Նիկոլը հեռացվի իշխանությունից. դա կլիներ հենց 10 միավորանոց գնահատականը:

Քանի որ ընդդիմությունը համարում է, որ մանդատները վայր դնելու ժամը դեռ չի հասել, ապա առաջարկում եմ կազմել Փաշինյան Նիկոլին իշխանությունից հեռացնելու ժամանակագրական ճանապարհային քարտեզ: Այն պետք է բավարարի մի շարք պահանջների. քայլերի հստակություն, միջոցառում-արդյունք տեսլական, յուրաքանչյուր միջոցառման առումով նպաստող եւ խանգարող հանգամանքների թվարկում եւ այլն: Կարծում եմ, որ այդ քարտեզը պետք է կազմվի ռազմավարություն մշակելու ունակ փորձագետների կողմից՝ հաշվի առնելով, որ Նիկոլի՝ պարտության խորհրդանիշ լինելը չի ենթադրում իշխանության սահուն հանձնում ընդդիմությանը: Ես մեկ անգամ արդեն ներկայացրել եմ նման ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությունը: Սակայն ընդդիմության քայլերը ցույց են տալիս, որ դա չի գիտակցվել, եւ նման քարտեզ չի մշակվել: Եթե այն լիներ, ապա դրանում պետք է հաշվի առնվեր, օրինակ, Արցախ այցելելու արգելքը: Եվ նշվեին հնարավոր հակաքայլերը: Հատկապես, որ նման երեւույթի փորձառությունն արդեն առկա էր:

Հիշենք՝ նման արգելքի էր հանդիպել մի քանի տարի առաջ «ծռերի» ավտոշարասյունը: Ճիշտ է, վատ չէ, որ ընդդիմադիրները սահմանին հանդիպել են արցախցի խորհրդարանականների հետ: Սակայն այն փաստը, որ նախքան այդ հանդիպումը մի քանի ժամ մնացել են այնտեղ, վկայում է, որ հանդիպման գաղափարը ծնվել է հենց սահմանին:  
Եթե չմշակվի ժամանակագրական ճանապարհային քարտեզ, ապա Ազգային ժողովի զույգ ընդդիմադիր խմբակցություններին կմնա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործողություններին հետեւելու՝ ոչ մի տեղ չտանող ուղին:

Նիկոլի գործողություններին հետեւելով եւ դրանց արձագանքելով՝ Նիկոլին թախտից չես գցի: Եթե ցանկանում ենք երկիրը դուրս հանել այս վիճակից, պետք է նախաձեռնությունը վերցնենք մեր ձեռքը: Այլապես վաղը բոլորիս կմնա միայն ինքնադատափետումը՝ ինչու չարվեց այն վճռական քայլը, որը կփրկեր մեզ՝ բոլորիս: Հուսով եմ, որ գործը դրան չի հասնի: Հուսով եմ նաեւ, որ չեմ արժանանա «ինչու ինքդ չես անում» կարգի մեղադրանքին: Որովհետեւ եթե անողը ես լինեի, ապա ընտրողներից քվե ստացողը եւս ես կլինեի: Ու այդ ժամանակ որոշում կայացնելն էլ կպահանջվեր ինձնից:

ՀԳ. Ինչ մնում է մանդատներից հրաժարվելուն, ապա ասեմ, որ դա չի լինի աշխարհի վերջը: Իմ կյանքում ես 3 անգամ աշխատանք եմ կորցրել ոչ իմ ցանկությամբ եւ երկար ժամանակ մնացել գործազուրկի կարգավիճակում: Իհարկե, ֆինանսական խնդիրներ են ծագել, բայց այդ ամենը հաղթահարվել է: Հիմա նույն վիճակում եմ 4-րդ անգամ, բայց դրանից ողբերգություն չեմ սարքում: