Պատրաստված չէին․ դա խայտառակություն էր

Պատրաստված չէին․ դա խայտառակություն էր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև օրերս կայացած  ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի նիստին, որտեղ Հայաստանի դիմումի հիման վրա քննարկվում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման հարցը։

«Մեր ներկայացվածությունից ես գոհ չեմ։ Ոչ մի արդյունք չկա։ Ոչ ԱԽ-ն ինչ-որ բանաձև ընդունեց, ոչ սանկցիաներ օգտագործեցին Ադրբեջանի դեմ, ոչ էլ պատրաստված էին, ուղղակի գալիս խոսում են: Ես մի քանի անգամ ուշադիր նայեցի, ոչ մեկ չխոսեց Արցախի ժողովրդի ստատուսի մասին: Ոչ մեկ մի օրինակ չբերեց, թե ինչպես կարող են դրանց հետ ապրել, ինչ ճանապարհ ենք անցել, Նախիջևանում 67 տոկոս հայ էր ապրում, այսօր այնտեղ հայկական գերեզմանաքար չկա»,- պնդեց Արա Աբրահամյանը։

«Ինչպե՞ս մենք կարող ենք 120 հազար մարդու թողնել նրանց հետ: Եվ մենք այսօր ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ես չեմ հասկանում՝ ինչ-որ մեկը մտածո՞ւմ է, կամ ինչպե՞ս է մտածում: Դա խայտառակություն է: Իրենք չգիտեն, թե ինչ է պետականությունը, պետական շահը, միայն խոսքեր են»,- ասաց Աբրահամյանը։