Կարճ հիշողություն

 Կարճ հիշողություն

Մենք գնալով նվազեցնում ենք մեր պահանջների սանդղակը։ Սկզբում հրաժարական էինք պահանջում, քանի որ «պարտված իշխանությունը չի կարող մնալ եւ առավել եւս՝ չի կարող բանակցություններ վարել իրեն հաղթած երկրի նախագահի հետ»։ Պահանջում էինք չեղարկել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի փաստաթղթերը, որոնք գաղտագողի, ժողովրդի թիկունքում՝ առանց որեւէ այլ ինստիտուտի կողմից վավերացման կնքվել են եւ կյանքի են կոչվում։

Հետո սկսեցինք պահանջել, որ ընտրություններ նշանակվեն, եւ ժողովուրդը որոշի՝ հեռանա՞ արդյոք պարտված իշխանությունը, թե՞ ոչ։ Ապա սկսեցինք հաշտվել պատերազմից հետո՝ առանց կռվի հանձնված ճանապարհների ու տարածքների կորստի հետ։ Հաշտվեցինք, որ մեր գերիները չեն վերադարձվելու։ Որ թշնամի երկրների ղեկավարներն ու տարբեր պաշտոնյաներ մեզ ամեն օր վիրավորելու են ու նվաստացնեն։ Եվ մեր երկրի գլխին կանգնած իշխանությունները ոչ միայն չեն կանխելու այդ վիրավորանքները եւ չեն արձագանքելու լկտիացած հակառակորդին, այլեւ տարբեր տեսակոնֆերանսների ու հանդիպումների ժամանակ չեն կարողանալու մեր խնդիրը լիարժեք ներկայացնել եւ մեր իրավունքները պաշտպանել։

Իսկ հիմա եկել հասել ենք մի հանգրվանի, երբ մեր իշխանություններից պահանջում ենք ընդամենը գաղտնազերծել այն փաստաթղթերի բովանդակությունը, որոնք նույն պարտված իշխանությունը պատրաստվում է ստորագրել՝ առանց հանրային քննարկման դնելու, առանց մեր պետության եւ ազգի շահերի հետ հաշվի նստելու։ Ոչ ոք այլեւս չի հիշում Հանրապետության հրապարակում ասված բոցաշունչ ճառերը, երբ մեզ խոստանում էին առանց մեր կարծիքը հարցնելու ոչ մի թուղթ չստորագրել։ Մինչդեռ նաեւ այդ ճառերի ու խոստումների արդյունքում մենք ազգովի կանգնեցինք հեղափոխականների կողքին եւ ազատվեցինք նախկին իշխանություններից։