Ռուս-ուկրաինական պատերազմում Ալիեւն ինչո՞ւ է ոտատակ ընկնում

Ռուս-ուկրաինական պատերազմում Ալիեւն ինչո՞ւ է ոտատակ ընկնում

Գնալով ահագնանում են ռուս-ուկրաինական պատերազմի հումանիտար եւ տնտեսական ծանր հետեւանքները: Իրավիճակը փրկելու համար տարբեր երկրների ղեկավարներ առաջարկում են միջնորդ դառնալ, լինել այն երրորդ կողմը, որը կարող է հաշտեցման բերել երկու երկրներին: Այդ ցանկությունների մեջ ոմանք, սակայն, անկեղծ չեն: Նման միջնորդի դեր ցանկանում են ստանձնել նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիեւը: Էրդողանի ցանկությունը հասկանալի է. նա մեծ պետության ղեկավար է, իր խոսքն ազդեցիկ է, եւ իր ղեկավարած երկիրը որոշակի դերակատարում ունի աշխարհաքաղաքական իրադարձությունների մեջ, ՆԱՏՕ-ի անդամ է: Այլ հարց է, թե որքանով են Էրդողանի մտահոգություններն անկեղծ, որ ոչ իսլամիստ, սլավոնական երկու ժողովուրդ միմյանց արյուն չթափեն: 

Անհասկանալի ու զավեշտալի է Իլհամ Ալիեւի՝ այս իրավիճակում ոտատակ ընկնելը: Ադրբեջանական իշխանամետ Haqqin.az լրատվամիջոցը, որը զբաղված է ալիեւյան կլանի արտաքին ու ներքին քաղաքականության քարոզչությամբ, վերջերս մի հրապարակում արեց, որով կարծիք է հայտնում, թե Իլհամը միակ մարդն է, որը կարող է «բարիշացնել» Վլադիմիր Պուտինին ու Ուկրաինայի նախագահ Զելենսկուն: Ըստ հրապարակման հեղինակ Ալեքսանդր Կարավանի, Ալիեւը դա կարող է, քանի որ նա «….վերջինն է, ով դեմառդեմ խոսել է Պուտինի հետ եւ, ամենայն հավանականությամբ, կարող է Ռուսաստանի նախագահից լսել քարոզարշավի զարգացման եւ հետագա քաղաքական կարգավորման իր ծրագիրը։ Երկրորդը. Ադրբեջանը Մոսկվայի հետ հարաբերություններում արտոնյալ կարգավիճակ ունեցող երկրների նեղ ցուցակում է։ Սրանք ե՛ւ մոսկովյան հռչակագրի դիրքորոշումներն են, ե՛ւ, ըստ էության, Ադրբեջանի՝ որպես տնտեսական թիկունքի դիրքորոշումը…. Ադրբեջանն առանցքային դեմք է հարավային ուղղության նյութատեխնիկական ապահովման մեջ՝ դեպի Իրան, Հնդկաստան եւ Պարսից ծոցի իշխանությունները։ Այսինքն՝ այն երկրներին, որոնք Ռուսաստանի հետ կապված մնում են «չեզոք դաշնակիցների» ճամբարում։ Նշանակում է՝ Ալիեւի համար հեշտ է նրանց հետ խոսել՝ ելնելով նրանց շահերից»։ 

Ալիեւի այս ցանկությունն ու ինքնամեծարանքը նման մի իրողության, որ «թաղի» մեծ տղաները մի թունդ «ռազբորկայի» մեջ են, մեծերից ոչ մեկը չի կարողանում նրանց մեջ ճիշտն ու սխալը որոշել, ընդհանուր հայտարարի բերել, մեկ էլ գալիս է թաղի փոքրերից մեկը, որը երկար տարիներ ծեծվածի կարգավիճակում է եղել, բայց մի անգամ իր բարեկամի մեծ տղաներին բերել է ու վերջին կռվում մի քիչ հաղթող է դուրս եկել եւ հիմա իրեն մեծ տղա է կարծում… ու իրեն թվում է, թե կարող է մեծերի կռիվներին խառնվել…

Հետաքրքիր է, որ նույն լրատվամիջոցն իր տարբեր հրապարակումներում «ագրեսոր» է անվանում ՌԴ-ին, նախագահ Պուտինին, անհուսալի է ներկայացնում Ռուսաստանի վիճակը, «Ռուսաստանն այլեւս փող չունի, տնտեսություն չունի, հիմա էլ բանակ չկա» բնույթի վերնագրերով ու մոտիվներով հոդվածներ է տպագրում, հարցազրույցներ հրապարակում ամերիկյան եւ եվրոպական քաղաքական գործիչների ու վերլուծաբանների հետ, որոնք հիմնականում քննադատում են ՌԴ-ին՝ Ուկրաինայում ռազմական ագրեսիա իրականացնելու համար: Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունը երկակի խաղերի մեջ է. մի կողմից քարկոծում է դաշնակից ՌԴ-ին ու նրա նախագահին, մյուս կողմից՝ բարեկամի կեղծ դիմակով հանդես գալիս: 

Շարունակելով հետեւել ադրբեջանական իշխանական լրատվամիջոցի հրապարակումներին, համոզվում ենք, որ Ալիեւի ու Պուտինի միջեւ չմաքրված հաշիվներ կան: Ադրբեջանցի լրագրող Էլնուր Էմինօղլուն «Ինչո՞ւ են ռուսները կրակել Ադրբեջանի հյուպատոսության վրա» հրապարակմամբ անհերքելի ապացույցներ է պահանջում ՌԴ ԱԳՆ-ից եւ ՊՆ-ից, որ ադրբեջանական հյուպատոսությունը համագործակցում է ուկրաինացի ազգայնական ջոկատների հետ, կամ՝ որ ուկրաինական զորքերը հյուպատոսարանի մոտ են: «Եթե այս փաստերը չկան, իսկ իրականում չկան, ստացվում է, որ ռուսական զորքերը դիտավորյալ հրետանային կրակ են բացել դիվանագիտական ներկայացուցչության եւ դիվանագետների մեքենաների վրա։

Եվ այդպիսով, Ռուսաստանը խախտեց դիվանագիտական առաքելությունների ամբողջականությունն ապահովելու իր պարտավորությունները»։ Հղում անելով Վիեննայի կոնվենցիային, հոդվածագիրը պահանջում է. «ՌԴ ՊՆ-ն պետք է հստակեցնի՝ ինչ նպատակով է գնդակոծվել Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքը…. Ռուսական ռազմական հրամանատարությունը պարտավոր է ներքին հետաքննություն անցկացնել։ Եթե դա տեղի չունենա, եւ Ռուսաստանը չպատասխանի ադրբեջանական հանրության խորը մտահոգությանը, ապա մենք ստիպված կլինենք հավատալ ուկրաինական իշխանությունների վարկածին միջազգային մարդասիրական իրավունքի իսպառ խախտման եւ կանխամտածված չհամապատասխանելու մասին օրենքի պահանջները…. Ի՞նչ է հուշում ռազմական ծանրագույն հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կատարումը։ Ռուսական համազգեստի պատիվը վտանգված է...»։

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին եւ «ազգայնական գումարտակներին»՝ խաղաղ բնակիչների հետեւում թաքնվելու եւ քաղաքացիական բնակավայրերը որպես կենդանի վահան օգտագործելու մեջ։ Այդ պատճառով Մոսկվան ստիպված է թիրախային կրակով հարվածել վարչական շենքերին ու բնակելի տարածքներին, որոնցում տեղավորվել են «ֆաշիստները»։ Պաշտոնական Մոսկվան նաեւ վստահեցնում է, որ իրենց հեռահար զենքերը գերճշգրիտ են: Սա նշանակում է, որ ռուսական ռազմատեխնիկան ոչ թե պատահաբար է պայթել ադրբեջանական հյուպատոսության եւ Խարկովում դիվանագետների մեքենաների վրա, այլ՝ կանխամտածված:  Այս ամենն ի մի բերելով՝ գալիս ենք հետեւության, որ Ադրբեջանի ու ՌԴ-ի հարաբերությունները հարթ չեն, ինչպես ուզում են արտաքուստ ցույց տալ երկու կողմից էլ:

ՀԳ․ Զավեշտն այն է, որ Վիեննայի կոնվենցիայից ու ռազմական ծանրագույն հանցագործություններից խոսում է մի ազգի ներկայացուցիչ, որի ղեկավարությունը մինչ օրս ռազմական ծանր հանցագործություն է իրականացնում Արցախի եւ ՀՀ սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ, դեռեւս վերջերս ցեղասպանություն էր իրականացնում արցախահայերի նկատմամբ, խաղաղ բնակչությանը գլխատում էր, մորթում, այրում, բռնաբարում, արգելված ֆոսֆորային զինատեսակներ օգտագործում, ռմբակոծում ծննդատունը, հիվանդանոցները…։