ԱԳՆ-ային նորություն եւ տպավորություն

ԱԳՆ-ային նորություն եւ տպավորություն

ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյան Արարատն ԱԺ-ի իր համակուսակիցների հետ օրերս կիսվել է Ադրբեջանի հետ բանակցությունների վերաբերյալ նորություններով եւ դրանց առումով՝ իր տպավորություններով: Նորությունները դասակարգել է որպես վատ եւ լավ: Վատը, ըստ նախարար կոչեցյալի, այն է, որ «բոլոր հարցերում ու ուղղություններում, որոնց շուրջ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, հանդիպում է այդ երկրի առավելապաշտական դիրքորոշումներին»:

Մինչ լավին անցնելը՝ վերլուծենք վատը: Նախ, «Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները» բացարձակ նորություն չեն: Եվ դա ընկալելու համար պետք չէ լինել ԱԳ նախարար: Յուրաքանչյուր գրագետ ու հայրենիքի զգացողությամբ օժտված անձնավորություն դրան տեղյակ է առնվազն 2020 թ. նոյեմբերի 10-ից սկսած: Թե ինչու է Միրզոյան Արարատը նոր միայն տեղեկանում դրա մասին ու հետն էլ տեղեկացնում իր կուսակիցներին՝ տեղյակ է երեւի նրան նշանակող անձը: Ու, ենթադրաբար, հենց դա նկատի ունենալով է նշանակել նրան նախարար: Քանի որ ես, օրինակ, Արոյին երբեք ԱԳ նախարար չէի նշանակի: 

Այժմ անցնենք այդ «նորության» հիման վրա Արոյի մոտ առաջացած տպավորությանը: Ահա այն․ «Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին: Դա, իհարկե, չի կարող իրականություն լինել»: Այստեղ արդեն յուրաքանչյուր գիտակից հայաստանցի կարող է թեւաթափ լինել. ինչպե՞ս չի կարող իրականություն լինել Հայաստանին պայմաններ թելադրելու Իլհամի կարողությունը, եթե այն վաղուց է դարձել իրականություն: Հետպատերազմյան սկզբնական շրջանում Արցախի, իսկ այնուհետեւ Հայաստանի տարածքներ հանձնելը եւ ադրբեջանական առաջարկներով, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելը, որի արդյունքում 3 տարի անց ողջ Արցախն է հանձնվելու թշնամուն, ի՞նչ են, եթե ոչ պայմանների թելադրում Հայաստանին: Եվ միակ պայմանը, որի դեմ դեռեւս թպրտում է Արոյին նշանակողը, մնացել է Սյունիքով միջանցքի տրամադրումը: 

Անցնենք արոյական լավ «նորությանը», որը եւս, ինչպես վատը, նորություն է այնքանով, որքանով Արարատ լեռան գտնվելը Թուրքիայի կազմում: Այդ լավ չնորությունն էլ այն է, որ, ըստ այդ նախարարի, «կա միջազգային հանրության հստակ ուշադրություն՝ հարաբերություններում առկա խնդիրների առնչությամբ»: Փաստորեն, մինչեւ Նիկոլի կողմից փողոցի ուժով իշխանություն զավթելը նման «հստակ ուշադրություն» չի եղել, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան եւ Բաքու այցելելուց զբաղված են եղել «շարիկ գլորելով»: Անցնենք նշված «չնորության» վերաբերյալ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի տպավորությանը: Թե՞, այնուամենայնիվ, ստորեւ ներկայացվածը ոչ թե տպավորություն է, այլ ընդամենը վերը բերված «չնորության» շարունակությունն է: Դատեք ինքներդ․ «Այդ ուշադրությունն առայժմ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Հատկապես սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այն մասին, որ ուժի կիրառումը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ»։

Լավ, այս հարցում (նորություն, թե տպավորություն) կարիք չկա նեղելու խոսքի հեղինակին: Մարդն ուղղակի իր ասած «նորությունն» ու դրա վերաբերյալ տպավորությունը խառնել է միմյանց: Ինչը եւս նորություն չէ ու նաեւ նորմալ է: Այս իշխանության ներկայացուցիչների մակարդակի առումով մեզ ոչինչ այլեւս զարմացնել չի կարող: Ընդամենը մեկ հռետորական հարց ուղղենք Միրզոյան Արարատին. «Ո՞րն է միջազգային հանրության կողմից Ադրբեջանին հղված ուղերձի օգտակարությունը»: Առաջին․ Ադրբեջանն այլեւս ուժ չի՞ կիրառելու ընդդեմ նիկոլական իշխանությամբ Հայաստանի: Եվ երկրորդ՝ վերացնելո՞ւ է սեպտեմբերի 13-14-ի իր ագրեսիայի հետեւանքները: Որովհետեւ առողջ տրամաբանությունը հուշում է, որ այդպիսի շատ հստակ ուղերձից հետո ադրբեջանական զինվորներն առնվազն պետք է վերադառնան տեղակայման նախկին վայրերը: Թե՞ Միրզոյան Արարատի եւ նրան լսողների համար կարեւորը ոչ թե դա է, այլ այդ ուղերձի բովանդակությունը ներկայացնելու պահին օդի տատանումը:

ՀԳ. Իսկ մեզ մնում է մի օր վերջապես Հայաստանի Հանրապետությունն ազատել այս կարգի ԱԳ նախարարից ու նրան նշանակողից: Եվ որքան արագ, այնքան կբարձրանա այդ երեւույթի օգտակար գործողության գործակիցը: Հույս ունենանք, որ դրան կնպաստի նոյեմբերի 5-ի, ժամը 15.00-ի հանրահավաքը Երեւանի Ֆրանսիայի հրապարակում: