Հայաստանի իշխանությունը լեգիտիմ չէ. 2021թ. խորհրդարանական ընտրությունները եւս կարող էին կեղծված լինել

Հայաստանի իշխանությունը լեգիտիմ չէ. 2021թ. խորհրդարանական ընտրությունները եւս կարող էին կեղծված լինել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրության ժամանակ կատարված եւ «Հրապարակի» շնորհիվ բացահայտված ընտրակեղծարարության փաստը կասկածի տակ է դնում Հայաստանի ամբողջ իշխանության լեգիտիմությունը: Եթե ՔՊ-ականները կարող էին կեղծել վարչության անդամների ընտրությունները, ինչո՞ւ չէին կարող կեղծել համապետական ընտրությունների արդյունքները: Մանավանդ որ այդ ընտրությունների արդյունքները կեղծելուց էր կախված իշխանությունը պահել-չպահելու հարցը: Թվում է, թե ՔՊ-ում այնքան ժողովրդավարություն կա, որ ընտրակեղծարարությունը բացահայտելուց հետո տեղի է ունեցել վերահաշվարկ, եւ արդարությունը վերականգնվել է: Այսինքն՝ ՔՊ-ականների մի մասը եւ ղեկավարությունը շահագրգռված են եղել, որ արդարությունը վերականգնվի։ Բայց շահագրգռված են եղել, քանի որ անարդարությունն ուղղված է եղել իրենց դեմ: Մինչդեռ համապետական ընտրությունների ժամանակ ՔՊ-ի կողմից իրականացված ընտրակեղծարարության բացահայտման հարցում շահագրգռված չէր որեւէ ՔՊ-ական, քանի որ ընտրակեղծարարության շահառուն ամբողջ կուսակցությունն էր, իշխանական թիմը:

Կասկած չկա, որ ՔՊ վարչության անդամների ընտրություններում ընտրակեղծարարությունն իրականացվել է Փաշինյանի անմիջական հրահանգով: Ընտրակեղծարարության արդյունքում ՔՊ վարչության անդամ էին դառնալու փախվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Դժվար է պատկերացնել, թե նրանց՝ վարչության անդամ դառնալու մեջ ով պետք է Փաշինյանից բացի շահագրգռված լիներ: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը քաղաքականապես նպատակահարմար է գտել, որ վարչության անդամ դառնան փոխվարչապետը եւ խմբակցության ղեկավարը, մանավանդ որ նրանք իրենց հնազանդ էությամբ ավելի կառավարելի են Փաշինյանի կողմից, քան որեւէ մեկը:

Ընտրակեղծարարության թիվ մեկ մեղավոր եւ պատասխանատու է հռչակվել Արփի Դավոյանը: Հնարավոր է, որ նա ընտրակեղծարարության կազմակերպիչն է, բայց նա ի՞նչ շահագրգռվածություն կարող էր ունենալ նման կեղծիք կազմակերպելու, առանց իր վերադասի`Փաշինյանի անմիջական հրահանգի: Չի բացառվում, որ ընտրակեղծարարության փաստը եւս բացահայտվել է ՔՊ-ի ներսում առկա ներխմբային հակամարտությունների հետեւանքով, եւ կուսակցության ներսում իրար մրցակից ուժերը փորձել են այդկերպ ցույց տալ, որ Փաշինյանն այլեւս կորցնում է իրավիճակի ամբողջական վերահսկողությունը: Մինչդեռ մեզ ավելի շատ հետաքրքրում է այդ բացահայտման արդյունքում իշխանության լեգիտիմության կորստի փաստը:

Հայաստանի Սահմանադրությամբ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն է իշխանության աղբյուրը, եւ այդ իշխանությունը նա ձեւավորում է ընտրությունների միջոցով: Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների օրինակով արդեն բազմիցս ցույց է տվել, որ ժողովուրդը զրկված է առնվազն տեղական իշխանություններ ձեւավորելու իրավունքից, մի դեպքում՝ ընտրված քաղաքապետին կալանավորելով, մյուս դեպքերում՝ ընտրված քաղաքապետին պարտադրելով, որ հրաժարական ներկայացնի, մյուսներին ստիպելով՝ փոխել քաղաքական կողմնորոշումը: Համապետական մակարդակում մինչեւ նախորդ օրը ընդունված էր համարել, որ Փաշինյանի իշխանությունն ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը, քանի որ 681 հազար մարդ քվեարկել է ՔՊ-ի օգտին: ՔՊ-ում ընտրակեղծարարության բացահայտումից հետո այլեւս կարելի է կասկածի տակ դնել նաեւ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը կարող էր հրահանգել՝ կեղծել ՔՊ վարչության անդամների ընտրության արդյունքները, ինչո՞ւ չպետք է հրահանգեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ կեղծելու խորհրդարանական ընտրության արդյունքները: 

Այլեւս ամենայն վստահությամբ կարող ենք պնդել, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, եւ Փաշինյանն ու ՔՊ-ն բռնազավթել են իշխանությունը: Փաշինյանի կողմից կառավարվող խմբակը ոչ միայն չի ներկայացնում հայ ժողովրդին եւ իրավունք չունի կառավարել Հայաստանը, այդ իշխանությունն իրավունք չունի Հայաստանը ներկայացնել նաեւ միջազգային հարաբերություններում: Հիմա առավել տրամաբանական բացատրություն է ստանում այն հարցը, թե ինչու է գործող իշխանությունն իրականացնում հակազգային եւ հակահայկական քաղաքականություն:

Հայաստանի ընդդիմությունն այլեւս պետք է պայքարի ոչ միայն Արցախի հարցում հակահայկական զարգացումներ թույլ չտալու, այլեւ 2021 թվականի կեղծված ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու եւ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար: Մի՞թե արդարությունը գոյություն ունի միայն մեկ-երկու ՔՊ-ականի համար, ովքեր հասան ՔՊ վարչությունում իրենց տեղն ունենալու իրավունքի վերականգնմանը, իսկ մի ամբողջ ժողովուրդ տարիներ շարունակ պետք է հանդուրժի ՔՊ-ականների կողմից իրականացվող անարդարությունը եւ զրկված լինի սեփական երկրում օրինական իշխանություն ունենալու իրավունքից:

Քանի դեռ 2021 թվականի ընտրակեղծարարության հետեւանքները վերացված չեն, իսկ իշխանությունը գողացված է ժողովրդից, Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը պետք է լինի լեգիտիմ իշխանության ձեւավորումը:

Ավետիս Բաբաջանյան