Պաշտոնաբաշխման պրոցեսը շարունակվում է

Պաշտոնաբաշխման պրոցեսը շարունակվում է

Մոտ երկու ամիս առաջ «Բալասանյան դաշինքի» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստորագրած հուշագրի համաձայն՝ ձեւավորվեց Գյումրու քաղաքային իշխանությունը․ պաշտոնները ստանձնեցին այդ երկու ուժի ներկայացուցիչները: ՔՊ-ական 2 փոխքաղաքապետերն այս օրերին ակտիվ հանդիպումների, քննարկումների մեջ են, շատ անգամ՝ առավել նախաձեռնող, քան քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:

«Դե, ջան ասում, ջան լսում են»,- ակնարկելով «Բալասանյան դաշինքին» եւ «Քաղպայմանագրին»՝ ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը: Այն, որ երկու քաղաքական ուժի միջեւ ոչ միայն աշխատանքային համերաշխ մթնոլորտ է, այլեւ ընկերական ջերմ հարաբերություններ, չի վրիպել նաեւ գյումրեցիների աչքից:

Ուշ երեկոյան քաղաքապետն ու փոխքաղաքապետերը հաճախ են համայնքապետարանի շենքից միասին դուրս գալիս: Ավելի վաղ գրել էինք, որ քաղաքապետարանի մշտական հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների պաշտոնները հավասարաչափ բաշխվել են նրանց միջեւ: Նշենք, սակայն, որ Գյումրու համայնքապետարանում մի շարք պաշտոններ շարունակում են դեռեւս թափուր մնալ:

Հայեցողական պաշտոններից թափուր է համայնքապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Սամսոնյանն ինքն էլ չի կողմնորոշվում՝ ում վստահել այդ պաշտոնը: Համայնքի ղեկավարի նախկին խորհրդական Լենա Ջիլավյանի եւ մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանի պաշտոնները վերականգնել են, բայց գլխավոր խորհրդականի հարցում դեռեւս երկմտում են: Իսկ ահա բյուջեի, եկամուտների հավաքագրման, քաղաքաշինության եւ ճարտարապետության, ծրագրերի եւ արտաքին կապերի, տրանսպորտի բաժինների պետերի եւ նրանց տեղակալների պաշտոնները, որոնք մինչ օրս թափուր են, ՔՊ-ն եւ նախկին քաղաքապետի թիմն առաջիկայում պատրաստվում են կիսել միմյանց միջեւ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ընտրություններից առաջ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել էր քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանին, որը հուշագրի ստորագրումից հետո ազատ արձակվեց։

Ավելին՝ 2022-ից քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, նոր վարչություններ կստեղծվեն, եւ արդեն որոշված է, թե ՔՊ-ականներից ովքեր են ստանձնելու նոր բաժնի պետերի պաշտոնները: Արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնում առաջադրվելու է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արման Բաղդասարյանի կնոջ թեկնածությունը: Մեկ այլ կարեւոր ոլորտում՝ համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնում էլ ՔՊ-ականների թեկնածու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գեւորգ Գրիգորյանն է

։ Սամվել Բալասանյանին հավատարիմ կադրերին բաժին կհասնի թափուր մնացած բաժնի պետերի պաշտոններից մի քանիսը: Մեր տեղեկություններով, «Բալասանյան դաշինքը» մասնավորապես հակված է իր ձեռքում պահել տրանսպորտի, ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժինները։ Հավելենք, որ համայնքապետարանի բաժնի պետերին նշանակում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը՝ հաշվի առնելով նաեւ քաղաքապետարանի առաջարկը։