Հայը եւ հայկականը․ հայն առաջնորդում է օտար բանակները

Հայը եւ հայկականը․ հայն առաջնորդում է օտար բանակները

«Երբ հայերը  կանգնում են ուս-ուսի տված եւ ձեռք ձեռքի բռնած` հողը ոտքի տակ տալով իրենց թմբուկների եւ ծիրանափողի ձայների ներքո, ավելի շուտ  իմ պալատի սյուները  փոշի կդառնան, քան նրանց հնարավոր կլինի կանգնեցնել»:
Գայոս  Հուլիոս Կեսար

Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ Գ. Նժդեհը բնութագրելով հայերին, նրանց համարել է «անբանակ զորավարների ազգ»: Եվ դա բոլորովին էլ չափազանցություն չի, դա է վկայում ողջ հին աշխարհի եւ միջնադարի եվրոպական եւ ոչ միայն եվրոպական ու ոչ միայն հին աշխարհի ու միջնադարի ռազմական պատմությունը: Եվրոպական ռազմարվեստում աչքի են ընկել հատկապես հայ զորավարները, որոնցից ոմանց անունները ոսկե տառերով է գրվել համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ: Բյուզանդական ավելի քան 100 հայազգի զորավարներ ղեկավարել են բանակներ եւ նավատորմեր: Հայ զորավարների դերը մեծ է եղել նաեւ Օսմանյան, արաբական ու պարսկական բանակներում: Ավելի ուշ նաեւ ցարական բանակում: Հայ զորավարների այդ փառավոր ավանդույթը հասել է մինչեւ 2-րդ աշխարհամարտ եւ հետագա տարիներ:

Հայերը եվրոպական արքունիքներում ու բանակներում ունեցել են բացառիկ դեր ու հեղինակություն: Հույն պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին «Գաղտնի պատմություն» աշխատությունում նշում է, որ բյուզանդական պալատական գվարդիան կազմված էր բացառապես հայերից: Մինչեւ Հուստիանոս Ա կայսրը, պալատական գվարդիայի մեջ մտնելու իրավունք ունեին միայն հայերը, իսկ բյուզանդական  արքունի պահակազորը մինչեւ Զենոն կայսրը (471-491) ամբողջապես կազմված է եղել հայ զինվորականներից: Հուստիանոս Ա Մեծի (գահակալել է 527-565թթ.) օրոք Իտալիան գոթերից ազատագրած բանակները բացառապես կազմված էին հայերից, որոնց զորահրամանատարը հայազգի Նարսեսն Էր (մոտ 478-568), որի կիրառած մարտավարական եղանակները մտել են ռազմական արվեստի պատմության մեջ: Հայերը բյուզանդական բանակների կազմում մարտընչել են ոչ միայն եվրոպական թատերաբեմերում, այլեւ Աֆրիկայում եւ ասիական ռազմաբեմերում: Բյուզանդական բանակի կազմում հայկական գնդերը զորավար Արտավանի զորավարությամբ, կռվել են հս. Աֆրիկա թափանցած վանդալների դեմ եւ 546-ին հպատակեցրել նրանց:

Այդ կռիվների ժամանակ (542-ին) բյուզանդական բանակի հայ զորավար Արտավազդը սպանվել է գոթ Վալարսի հետ մենամարտում, իսկ հայ զորավար Արտաշիրը 545-ին մենամարտում սպանել է Նումիդիայի զորահրամանատար վանդալ Գոնթարիսին: 

778թ. բյուզանդա-արաբական պատերազմի ժամանակ Բյուզանդիայի փոքրասիական բանակաթեւերից 4-ի զորահրամանատարները հայեր են եղել. Արտավազդ եւ Գրիգոր-Մուշեղ Մամիկոնյանները, Տաճատ Անձեւացին եւ Վարազդատ Բագրատունին: 10-րդ դ. արաբա-բյուզանդական կռիվներում իր տաղանդով փայլել է բյուզանդական հայազգի զորապետ Հովհաննես Կոտակը, ում մասին գերմանացի  պատմաբան Հայնրիխ Գելցերը (1847-1906) գրել է. «Հայազգի ընտիր զորապետ Հովհաննեսը 22 տարի ծանր պատերազմներից հետո (920-942) պետության սահմաններն առաջ տարավ Հալյուսից մինչեւ Եփրատ եւ Տիգրիս»:

Հայերը նշանակալի դեր են խաղացել ոչ միայն արաբական, պարսկական բանակների կազմում, այլեւ Գրյունվալդի ճակատամարտում:
Քսենոֆոնի (մ.թ.ա.435-355) «Կյուրոպեդիա» աշխատությունում հիշատակում է, որ մ.թ.ա. 5-4-րդ դդ.-ում  հայերը զինվորական ծառայության մեջ էին մտնում Հնդկաստանում:  600-608-ին Խորասանի (ժամանակակից Միջին Ասիա) մարզպետը եղել է Սմբատ Բագրատունին: Այդ ժամանակ Խորասանում կառուցվել է հայկական քաղաք: Սմբատ Բագրատունուն 599-ին պարսից արքա Խոսրով Բ Ափարվեզը Խորասանում նշանակել է  պարսկական զորքերի հրամանատար:
841թ. եւ 849-850թթ Եգիպտոսի կառավարիչ էմիրներից Ալիբին-Յահյա Աբուլ-Հասան-իլ-Էրմանիի մասին պատմիչ Ջամիլ-Էդ-Դին Թաղրիբիրդին գրել է. «Ալիբին-Յահյան կտրիճ, քաջասիրտ, առատաձեռնությամբ ներբողած, պատերազմների և ճակատամարտերի հմուտ տնօրինող, վարչագետ եւ կառավարելու հարցում բարի վարք ունեցող էմիր էր: Նա հայ էր ծագումով»:

Ըստ արաբ պատմագիր ալ-Մակրիզիի` 1290-ին սուլթանական 10 հազար մամլյուկներից 3700-ը հայեր եւ չերքեզներ էին, իսկ ըստ նույն հեղինակի` հայ զինվորներն, նույն ժամանակ, արդեն մեծամասնություն էին կազմում Կահիրեի բանակում: Նա իր «Ալ-Խիտատ» աշխատությունում մեծ դրվատանքով է հիշատակում Եգիպտոսի նավատորմի ղեկավար հայազգի Հուսամ ադ-Դին Լուլու ալ-Հաջիբին:

1410թ. Գրյունվալդի ճակատամարտում լեհ-լիտվական միացյալ բանակի կազմում Տեւտոնական օրդենի զորքերի դեմ կռվել է նաեւ հայկական զորախումբ: Միացյալ լեհ-լիտվական բանակում, լեհերից ու լիտվացիներից բացի, կողքի կողքի մարտնչել են ուկրաինացիներ, բելառուսներ, ռուսներ, չեխեր, հայեր, ինչպես նաեւ թաթարներ: Ժողովրդների նման ներկայության պատճառով այդ ճակատամարտը կոչում են «ժողովրդների ճակատամարտ»: Պահպանված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ լեհահայերից բացի, Գրյունվալդի ճակատամարտին մասնակցել են հայեր նաեւ Կիեւից ու այլ ուկրաինական հողերից, որոնք այն ժամանակ Լիտվայի կազմում էին: Միջնադարի հայտնի գերմանացի պատմիչ Մարտին Գրունեւերգը, որը 16-րդ դարում եղել է Կիեւում, գրել է. «Նախկինում քաղաքում շուրջ 500 հայ զինվոր է եղել»: Հիշատակության արժանի է նաեւ այն փաստը, որ 1593-1595թթ․ Ռեչ Պոսպոլիտայի զորքերի գլխավոր հրամանատարը եղել է լեհահայ զորավար, բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչը (Սիմոն Բենդոնսկի, Սիմոն Սիմոնիդես,1559-1629):

Մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու Գորգին խանին ու Եփրեմ խանին, ինչպես նաեւ խորհրդային ու օսմանյան զորահրամանատարներին, ուստի այստեղ նրանց գործունեությանը չենք անդրադառնա:

Գագիկ Արծրունի