Հռետորական հարցեր

Հռետորական հարցեր

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահի գործող գլխավոր խորհրդական, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի ձերբակալությունը հարցեր է առաջացնում: Ավելի ճիշտ՝ ոչ այնքան ձերբակալման փասստը, որքան դրա ներկայացումը ձերբակալող կառույցի՝ Քննչական կոմիտեի կողմից: Առաջին տրամաբանական հարցն է՝ ինչո՞ւ հիմա: Նորմալ պետություն ունենալու դեպքում նման հարց չէր առաջանա: Որովհետև պատասխանն ակնհայտ կլիներ՝ 44-օրյա պատերազմի պարտության մեղավորների փնտրտուքն արդյունքներ է տվել: Բայց չմոռանանք, որ մենք դադարել ենք այդպիսին լինելուց արդեն մի քանի տարի: Չնայած դրանից առաջ էլ մի բան չէր, սակայն 2018-ից այս կողմ «մի բան չէր»-ը հասցվեց կատարյալ վիճակի:
Հարց երկրորդ՝ ինչո՞ւ է քննչականը ներկայացրել գեներալի ձերբակալման հանգամանքի հիմավորումն այդքան մանրամասնորեն: Ո՞րն է դրա նպատակը: Նույնիսկ այնքան մանրամասնորեն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրամանատարությամբ Շուշիում գտնվող ջոկատի անդամ, լրագրող Բորիս Մուրազին (Բորիս Մուրազի Թամոյանը) այդ հաղորդագրության շնորհիվ հասկանում է, որ իրենց ուղարկել էին ադրբեջանցիների պատրաստած ծուղակը: Իսկ հաշվի առնելով ԱԱԾ հեղափոխական, բայց արդեն նախկին տնօրենի և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի փոխհարաբերությունները՝ դժվար չէ ենթադրելը, որ դա արվել է գիտակցաբար: Ո՞րն էր այդ դեպքում քննչականի նպատակը, որի ղեկավարն, ի դեպ, Փաշինյանին անձնապես հավատարիմ Քյարամյան Արգիշտին է:
Հարց երրորդ՝ քննչականի հաղորդագության մեջ արձանագրված է, որ նոյեմբերի 5-ին Շուշին արդեն գտնվել է ադրբեջանցիների ձեռքում, ինչը պաշտոնապես հերքում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի առավոտյան Փաշինյանի կողմից ֆեյսբուքյան իր էջի գրառումը Շուշիում դեռևս ընթացող մարտերի մասին: Նորմալ պետություն ունենալու դեպքում դա բավարար կլիներ, որպեսզի քննչականը զարգացներ այդ հանգամանքը պարզելու գործընթացը, որի արդյունքում գործող իշխանությունը ստիպված կլիներ հրաժարական ներկայացնել: Բայց կրկնվեմ՝ Հայաստանը նորմալ պետություն չէ և քննչականի ղեկավարն էլ Փաշինյանին հավատարիմ անձնավորություն է: Այդ դեպքում ինչո՞ւ է դա այսօր ներկայացվում հանրությանը:
Հարց չորրորդ՝ իրական մեղավորին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քննչականը շարունակում է պարտության մեղքը զինվորական ղեկավարության վրա բարդելու գործընթացը: Դա տեղին կլիներ նախընտրական ժամանակաշրջանում, բայց կարծես թե նման բան չի սպասվում՝ տեղական ընտրությունները չհաշված: Այդ դեպքում ինչո՞ւ է ձերբակալվում Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Հարությունյան Արայիկի գործող գլխավոր խորհրդական հանդիսացող հերթական գեներալը: Ի՞նչ է ցանկանում դրանով Հարությունյան Արայիկին հասկացնել Փաշինյան Նիկոլը:
Հարց հինգերորդ՝ կայքերից մեկում կարդացի, որ քննչականը գեներալին «հրավիրել» է հարցաքննության, բայց վերջինս բանի տեղ չի դրել այդ հրավերը: Ինչո՞ւ է այդպես վարվել գեներալը և ո՞վ էր նրան խորհուրդ տվել չընդունելու հրավերը: ԱՀ նախագա՞հը: Նա քանի գլուխ ունի, որ չենթարկվի Փաշինյան Նիկոլին:
Հարց հռետորական և վերջին՝ ուղղված Հայաստանի զինվորական ղեկավարությանը: Որքա՞ն պետք է շարունակվի այս «խաղը»: Դուք բացարձակ զրկվա՞ծ եք մարդկային, մասնագիտական և ազգային արժանապատվությունից: Ձայն չհանելով՝ դուք նպաստում եք, որպեսզի մեկ առ մեկ ձեզ վրա բարդեն պարտության մեղքը: Եվ վերջնականապես հոգեբանորեն ջախջախեն երբեմնի հզոր բանակը: Դա ձեզ դո՞ւր է գալիս: