«Հրապարակ». Լույս է տեսել Անահիտ Մանասյանի «կենացների ժողովածուն»
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, հավանաբար, մոռացել է, որ ինքն իրավապաշտպան է, այլ ոչ թե «ակնհայտ ճշմարտությունների» գծով փորձագետ։
Մանասյանը հրապարակել է «ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» 2023 թվականի տարեկան հաղորդումը, որն ուղղակի էնցիկլոպեդիկ ճշմարտությունների, կենացների ու բարի ցանկությունների ժողովածու է հիշեցնում․ թիրախային ոչ մի խոսք, կոնկրետ հիմնախնդրի ոչ մի արձանագրում` այն պարագայում, որ եթե սարերի հովվին էլ այս օրերին մոտենանք ու հարցնենք ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության աստիճանի վերաբերյալ, ապա առնվազն մի քանի քաղբանտարկյալի անուն կտա` Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Սամսոնյան եւ այլք։ Մանասյանից, իհարկե, նման համարձակություն չէր էլ ակնկալվում, սակայն կարելի՞ է գոնե հոդաբաշխ խոսել, թույլատրված թեմաներին նորմալ անդրադարձ կատարել։
Մանասյանի հրապարակած հաղորդման բովանդակազուրկ լինելն ակնհայտ է դառնում, երբ այն համեմատում ենք նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցների,, օրինակ` Թաթոյանի 2021 թվականի տարեկան հաղորդման հետ։ Նախ նշենք, որ Թաթոյանի կողմից հրապարակված վերոնշյալ հաղորդումը բաղկացած է 1574 էջից, Անահիտ Մանասյանինը՝ 835, այսինքն՝ ակնհայտ է, որ Մանասյանն այս դեպքում կոնկրետ «գլուխ է պահել»։ Բայց շատերը գուցե հակադարձեն, թե կարեւորը ոչ թե էջերի քանակն է, այլ այնտեղ արտացոլված բովանդակությունը։ Դա, բնականաբար, ճիշտ պնդում է, ուստի անդրադառնանք բովանդակությանը։ Համեմատենք, օրինակ, կարծիքի արտահայտման ազատությանը վերաբերող հատվածները։
Արման Թաթոյանն իր զեկույցի այս հատվածը սկսում է շատ թիրախային՝ իշխանություններին մեղադրելով, որ ոչ միայն կարծիքի ազատ արտահայտումն են խոչընդոտում, այլեւ՝ որ դա պետական քաղաքականություն է։
«Մարդու իրավունքների պաշտպանը դեռեւս 2020 թվականի գործունեության արդյունքներով արձանագրել էր, որ կարծիքի արտահայտման ազատության ու մամուլի ազատություն նկատմամբ սահմանափակումների պետական քաղաքականությունը սկզբունքային առումով խնդիրներ է առաջ բերում՝ իրավունքահեն մոտեցման բացակայության պատճառով»,- գրել է Թաթոյանը։
Մանասյանը սկսում ու ավարտում է փաստաթուղթն այն մտքով, թե ինչքան լավ ու կարեւոր բան է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը։ «Կարծիքի արտահայտման ազատությունն ու տեղեկատվության ազատությունը կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության ամրապնդման համար: Դրանք կարեւոր նախապայման են հանրային կառավարման ոլորտում թափանցիկությունն ու մասնակցայնությունն ապահովելու տեսանկյունից։ Ուստի, կարեւոր է կարծիքի արտահայտման ազատության ու դրա հետ փոխկապակցված տեղեկատվության ազատության իրավունքի երաշխավորումն ինչպես համապատասխան օրենսդրական կառուցակարգերի ամրագրմամբ, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում այդ կառուցակարգերի պատշաճ գործարկմամբ»,- գրել է Մանասյանը՝ հղում կատարելով այն իրավական ակտերին, որոնցով երաշխավորված է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը։ Բայց ՀՀ ՄԻՊ-ը որեւէ անդրադարձ չի կատարել կարծիքի ազատ արտահայտման իրավունքին պետության կողմից ապօրինի միջամտության բազմաթիվ դեպքերին, երբ խոսք հնչեցնելու համար մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում, ու վերջիններս կալանավորվում են: Չի անդրադարձել ԶԼՄ-ների օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերին, կարճ ասած՝ ոչ մի կոնկրետ օրինակ, ոչ մի թթու խոսք, խախտված իրավունքի ոչ մի արձանագրում: Անահիտ Մանասյանն ընդամենը 1.5 էջում այս թեմայով մի քանի նախադասությամբ դեկլարատիվ ճշմարտություններ ու իրավական ակտերի հղումներ է արել, եւ վերջ։ Արման Թաթոյանը, մինչդեռ, առանձին անդրադարձ էր կատարել հանրային տիրույթում վիրավորանքի ու ատելության խոսքին՝ արձանագրելով, որ «Շեշտակիորեն աճել է կեղծ կամ ոչ իրական օգտահաշիվների քանակը, որոնք առավել ագրեսիվ են, եւ հաճախ ոչ մասնագիտական դիտարկմամբ դժվար է տարբերակել: Դրանք ի հայտ են գալիս կոնկրետ իրավիճակի կամ նույնիսկ առանձին հրապարակման կապակցությամբ, գործում են կազմակերպված, հստակ նպատակներով ու թիրախներով: Դրանք հաճախ գործում են կազմակերպվածության ակնհայտ հատկանիշներով՝ աջակցելով թե՛ պաշտոնյաների կամ 385 իշխանության մարմինների, թե՛ ընդդիմության առանձին ուժերի կամ անձերի»։
Թաթոյանը հատուկ անդրադարձ էր կատարել պետական սահմանին լրագրողների համար տեսալուսանկարահանման արգելքի իրավաչափությանը՝ արձանագրելով, որ այդ արգելքի պայմաններում ոտնահարվում է ոչ միայն լրագրողների՝ տեղեկություններ տարածելու ազատությունը, այլեւ հասարակության՝ այդ տեղեկությունները ստանալու իրավունքը: Հատկապես կարեւոր էր Թաթոյանի անդրադարձն Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումներին ու ծանր վիրավորանքի քրեականացման իրավաչափությանը։ Այդ կոնտեքստում նա նշել էր, որ օրենսդրական այդ փոփոխությունը խնդրահարույց է, առաջ է բերում անհամաչափ միջամտություն խոսքի կամ մամուլի ազատությանը: Ի դեպ, կարճ ժամանակ անց այդ խայտառակ օրենքն ուղղակի չեղարկվեց։
Ստացվում է, որ եթե Արման Թաթոյանը բարձրաձայնում էր խնդիրները, զուսպ, բայց կոշտ քննադատում իշխանությունների, պետության վարքագիծը, արձանագրում էր խախտումները, աշխատում խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ, ապա Անահիտ Մանասյանը «Հ1-ի Հայլուրի» ոճով ցույց է տվել, թե Հայաստանում ամեն բան ինչքան նորմալ է, ընդամենը մի քանի մանր-մունր խախտումներ կան, բայց, ընդհանուր առմամբ՝ Всё хорошо, прекрасная маркиза։
Արեգ Մարգարյան
Կարծիքներ