Ո՞վ է հաջորդը
Փոքր երկիր ենք` ամեն ինչ կառավարելի է, ամեն ինչ ափի մեջ: Անգամ պարտադիր չէ, որ մեծ թվով լրատվամիջոցներ աշխատեն, կամ մարդկանց իրազեկելու հզոր համակարգեր գործեն` ամբողջ ինֆորմացիան բերնեբերան կարող է անցնել երկրով մեկ եւ մի քանի ժամվա ընթացքում հասնել Մեղրիից մինչեւ Նոյեմբերյան: Մեզանում ոչինչ գաղտնի չի մնում: Մյուս կողմից` յուրաքանչյուր փոքրիկ իրադարձություն կարող է ուռճացվել ու մեծ արձագանք ստանալ` խուճապ, հուսահատություն, ոգեւորություն պատճառելով հանրությանը: Ահա, քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը հատուկ ջոկատայիններ կամ ոստիկաններ է ուղարկել Տավուշ, որ մարդկանց վախեցնեն, եւ ցանկացած ընդվզում խեղդվի բնում: Եվ այդ լուրերը ոչ մեկին չեն զարմացնում, որովհետեւ մեր աչքի առաջ է այս իշխանությունների խայտառակ գործելաոճն ամեն ինչում: Այս պահին բանտերում մեկ տասնյակի չափ մարդ կա, որոնք չէին կալանավորվի, եթե քննադատած չլինեին երկրի առաջին դեմքին կամ որեւէ կերպ նրա զայրույթը հարուցած չլինեին: Եվ ոչ ոք չգիտի, թե ով է լինելու հաջորդը` մի հերթական Դավիթ Տոնոյա՞ն, Մամիկոն Ասլանյա՞ն, թե՞ Արմեն Աշոտյան:
Ո՞ւմ խոսքը կարող է ՔՊ առաջնորդին դուր չգալ` իրեն հայհոյած Նարեկ Սամսոնյանի՞, թե՞ ՔՊ-ի կանանց հետ թեյ խմելու գնալ պատրաստվող Նարեկ Մալյանի: Ո՞վ կհայտնվի փաշինյանական իրավապահների` Արգիշտի Քյարամյանի եւ Աննա Վարդապետյանի թիրախում. մի Վահան Քերոբյա՞ն, թե՞ որեւէ պատգամավորի «հարսը»: Դատավորների ո՞ր եռյակը պաշտոնանկ կարվի, քանի որ հերթական անգամ անզգուշություն կունենա նեղլիկ չատում բամբասել առաջնորդից, եւ մի հերթական Հուդա այդ զրույցը կդնի նրա սեղանին: Ո՞ր ՔՊ-ականը կհամարձակվի հարցնել` իսկ ո՞րն է մեր կարմիր գիծը, ե՞րբ ենք Ալիեւին «չէ» ասելու, ու կհայտնվի սեւ ցուցակում:
Կարծիքներ