«Հրապարակ». Ատելության խոսքի մասին անգամ տառ չկա գրված
Երեկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկություն, եւ ընտրություններում հաղթող ճանաչվեց «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն: Մրցույթին մասնակցում էր 2 հեռուստաընկերություն` «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն եւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:
Հաղթող ճանաչվեց, ինչպեսեւ սպասվում էր, Հ1-ը` իշխանությունների քարոզչամեքենան: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Հ2-ն ատելություն է տարածում` հեռարձակում է «Հայելի» ակումբի ասուլիսները եւ այլն, հենց այդ պատճառով է մերժվել նրա հայտը: Նախկին պատգամավոր, ՀՌՀ անդամ, դերասան Արթուր Մանուկյանն էլ իր հերթին նշել էր, թե այս ընտրությունը բացարձակ անաչառ ընտրություն է, եւ Հ2-ի` ընդդիմադիր լինելն իրենց որոշման վրա որեւէ ազդեցություն չի ունեցել:
Մենք զրուցել ենք Հայկական երկրորդ հեռուստաալիքի լրատվական բաժնի ղեկավար Շավարշ Գեւորգյանի հետ: Ընտրության այս արդյունքներից հետո Հ2-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու։ «Հետագա անելիքների մասով դեռեւս չեմ կարող ոչ մի մեկնաբանություն անել, քանի որ մենք չենք ստացել ոչ մի որոշում: Այն պետք է մեզ ուղարկեն եռօրյա ժամկետում: Չկա ո՛չ հիմնավորում եւ ո՛չ էլ բացատրություն: Ինչ վերաբերում է Տիգրան Հակոբյանի հայտարարություններին, թե Հ2-ն ատելության խոսք է տարածում, նա սխալվում է: Սակայն եթե անգամ մի ինչ-որ հեռուստաընկերություն ատելության խոսք է տարածում, ապա դա դեռ չի նշանակում, որ կա տվյալ հեռուստաընկերության հայտը մերժելու հիմնավոր պատճառ, քանի որ օրենսդրությամբ սահմանված են կոնկրետ չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեն բոլորը, ինչը չեն արել ՀՌՀ անդամները` նախորդ բոլոր մրցույթների ժամանակ: Կստանանք որոշումը եւ կհասկանանք, այս անգամ է՞լ են այդ ձեւով կատարել ընտրությունը, թե՞ ոչ: Օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներում ատելության խոսքի մասին անգամ տառ չկա գրված»,- եզրափակեց Շավարշ Գեւորգյանը:
Կարծիքներ