Համեստ բանասերի իրավունքով

Համեստ բանասերի իրավունքով

Մամուլում եւ սոցցանցերում իսկական փոթորիկ է: Քննարկվում է հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգը: Բողոքում են ուսուցիչները, գրականագետները, մանկավարժության ասպարեզի մասնագետները: Մասնագիտական այդ բանավեճին խառնվելու իրավունք ինձ չեմ վերապահում: Համեստ բանասերի իրավունքով կանեմ երկու նկատառում: Առաջինը՝ ծրագիրն ինչպես էլ կազմվի, ինչ հեղինակներ էլ որ ներառվեն, առարկան պետք է կոչվի «Հայ գրականություն»: Նույնիսկ եթե Կաֆկա է հանձնարարվում: Որովհետեւ հայերեն թարգմանված Կաֆկան հայ գրականություն է: Ինչ վերաբերում է պաթոսին, որ «միայն թուրքը կջնջեր մեր հիշողությունը, դուրս կթողներ Նարեկացուն»՝ ինչպես մեր հայտնի եւ իմ կողմից շատ հարգված Դավիթ Գասպարյանն է ասում , ապա այստեղ համաձայն չեմ: Եթե Կաֆկային անգամ գրականագետները չեն հասկանում, եւ Դավիթ Գասպարյանն արդարացիորեն տարակուսում է, թե ի՞նչ պիտի նրանից դպրոցականը հասկանա, ապա ձեռքը պիտի դնի խղճին եւ ասի, որ ճիշտ նույնն է Նարեկացու պարագայում: Հանրակրթական դպրոցի ուսուցիչը, որպեսզի աշակերտին գոնե մոտավոր բացատրի Նարեկացու որեւէ բանաստեղծություն, պետք է գոց իմանա Աստվածաշունչը:

Ոչ թե Աստվածաշունչ կարդացած լինի, այլ՝ իմանա: Եւ դեռ խնդիր է՝ նրա ասածից, եթե այդպիսի՝ աստվածաբանական բարձր գիտելիքներ ունեցող ուսուցիչ ունենանք, աշակերտն ի՞նչ է հասկանալու: Կարող են առարկել, թե՝ գոնե կիմանա, որ խոր միջնադարում Նարեկացի ենք ունեցել: Համաձայն եմ: Բայց թող ունենանք ինչ-որ մի առանձին, զուտ ճանաչողական դասընթաց, որ աշակերտներին կներկայացնի Մաշտոցին, Կորյունին, Եղիշեին, Խորենացուն, Բուզանդին, մյուսներին: Նարեկացուն, Շնորհալուն: Հայ դպրոցականը պետք է իմանա ազգային մշակույթի պատմությունը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց անհրաժեշտություն է, որ հայ գրականության դպրոցական դասընթացը նորացվի: Իհարկե՝ ոչ այնպես, որ Ստեփան Զորյանին ծրագրից հանեն, փոխարենը մտցնեն Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը կամ Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա»-ն: Հանրային քննարկումներ պետք են: Բայց առավել կարեւոր են մասնագիտական մոտեցումները: ԿԳՄՍ նախարարությունը ճիշտ կանի, եթե մասնագետների միանգամից մի քանի խմբի պատվեր տա՝ կազմելու հայ գրականության դպրոցական դասընթացի ծրագիր եւ անկախ մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ընդունի լավագույնը: