Առաջիկայում կարող ենք ականատես լինել դոլարի և հատկապես եվրոյի աննախադեպ արժեզրկման․ տնտեսագետ 

Առաջիկայում կարող ենք ականատես լինել դոլարի և հատկապես եվրոյի աննախադեպ արժեզրկման․ տնտեսագետ 

Դոլարն ու եվրոն, ինչպես այսօր գրել էինք, էժանանում են։ Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին կտրուկ բարձրացած դոլարի ու եվրոյի փոխարժեքը հիմա սկսել է նորից իջնել։ Եթե մեկ շաբաթ առաջ 1 դոլարը հայաստանյան շուկայում արժեր մինչև 525-535 դրամ, ապա այսօր այն նկատելիորեն իջել է՝ հասնելով 500 դրամի շեմին։ Այսօր առավոտվա դրությամբ հայկական բանկերում մեկ դոլարը վաճառվում էր 500, առավելագույնը՝ 502 դրամով։ Իսկ առքը միջինը 490 դրամ է։ Մեկ եվրոն էլ վաճառվում է 544-560 դրամով։

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը կարծում է՝ առաջիկայում ականատես ենք լինելու դոլարի ու եվրոյի է՛լ ավելի սրընթաց գահավիժման։

Թե ինչու է այդպես կարծում, Ֆարմանյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց․ «Աշխարհում ընթանում է համաշխարհային տնտեսական պատերազմ։ Առաջին փուլում, չգիտես ինչու, բոլորին թվում էր, թե այդ պատերազմում պարտվող կողմը լինելու է միայն Ռուսաստանը։ Սակայն նշեմ, որ նախ Ռուսաստանը չափազանց լավ էր պատրաստվել այս պատերազմին, երկրորդ՝ այսօր աշխարհին պարենային և էներգետիկ ապահովվածության տեսակետից և համաշխարհային շուկայում այդ ռեսուրսների մատակարարման տեսակետից առաջատարը Ռուսաստանն է, և տնտեսական պատերազմի ընթացքում նույն Ռուսաստանում տեղի է ունենում հասարակության աննախադեպ կոնսոլիդացիա։ Այդ ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանն ունի դիմագրավելու մեծ ռեսուրս։ Եվ հակառակ դրան՝ Արևմուտքը կիրառում է «սանկցիոն կրակահերթեր», և այդ կրակահերթի պարունակությունը սպառվում է»։

Ուստի, այս պատմության մեջ, ըստ տնտեսագետի, առավել թույլ օղակը կարող է հանդիսանալ Եվրամիությունը, որը զուրկ է սեփական բավարար քանակությամբ էներգառեսուրսներից, պարենային ապահովվածությունից և կոնֆլիկտի խորացման պարագայում չափազանց խոցելի պարենային և էներգետիկ ռեսուրսների մատակարարման ուղիների անվտանգության տեսակետից։

«Հետևաբար, երբ ասում եմ, որ այդ արժույթները՝ դոլարը և եվրոն, կունենան անկման միտումներ, պայմանավորված է վերը նշված հանգամանքներով, ինչը, իմ կարծիքով, չափազանց լավ գիտակցում են արևմտյան, հատկապես՝ Եվրամիության երկրների համապատասխան մարմինները։ Այնպես որ, մենք առաջիկայում կարող ենք ականատես լինել ԱՄՆ դոլարի և հատկապես եվրոյի աննախադեպ արժեզրկման»,-ասաց տնտեսագետը։